Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության հերթական փուլի ֆոնին` շատերին հետաքրքրում է, թե հնարավո՞ր է, արդյոք, Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների կարգավորման համար ենթադրել Փհենյան-Վաշինգտոն հարաբերությունների հարթեցման ընթացքը, թե՞ ոչ: Հարցի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:
«Կցանկանայի հարցին պատասխանել հարցով` Իրանն ունի՞ ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկություն, թե՞ ոչ: Այլ խոսքով՝ Իրանը ցանկանո՞ւմ է Հյուսիսային Կորեայի վերածվել, թե՞ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հենց այս հարցն են ելակետային համարում փորձագետները:
Ըստ մեր զրուցակցի` հարցին պատասխանելիս անհրաժեշտ է նախ հաշվի առնել Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ առկա աշխարհաքաղաքական տարբերությունները եւ, դրանց համընթաց, ԱՄՆ ներքաղաքական զարգացումներն ու իրադարձությունները:
«Եթե մի կողմ թողնենք Իրանի եւ Հյուսիսային Կորեայի պատմական տարբերությունները՝ երկու երկրների ղեկավարման հիմքում ընկած գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը, անցած պատմական ուղին եւ քաղաքական գործընթացների զարգացումը, վերջապես` ԱՄՆ-ի հետ հարաբերությունների պատմությունը եւ ընթացքը, որոնց անդրադառնալը, բնականաբար, բավական ժամանակ կխլի, ապա, հաստատապես չի կարել անտարբեր անցնել երկու երկրների աշխարհաքաղաքական տարբերությունների, նրանց հարեւան երկրների եւ, ընդհանրապես, տարածաշրջանային խաղացողների վարքագծի եւ վարվելաոճի կողքով: Չմոռանանք, որ Հյուսիսային Կորեայի հարավային հարեւանը Հարավային Կորեան է, որն, ինչպես փորձագետներն են իրավացիորեն նշում, բնավ էլ շահագրգռված չէ իր հյուսիսային հարեւանի քաղաքական համակարգի փլուզմամբ եւ, ընդհանրապես, երկու ազգակից երկրների միացումով, քանի որ դրա քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական ահռելի հետեւանքները հիմնականում կրելու է հենց ինքը: Թերեւս հենց այդ պատճառով է, որ երկրի գործող նախագահը մեծ ռիսկի է գնացել՝ ակտիվ միջնորդական առաքելություն ստանձնելով Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ»,- ասաց Արամ Շահնազարյանը:
Ինչ վերաբերում է մյուս երկու հարեւաններին՝ Ռուսաստանին ու Չինաստանին, ըստ նրա, դրանք համարվում են Հյուսիսային Կորեայի հիմնական դաշնակիցները, որոնք Փհենյանի խաղաքարտն օգտագործում են տարածաշրջանում ամերիկյան ազդեցությունը սահմանափակելու նպատակով եւ նույնպես չեն ցանկանա այդ երկրի քաղաքական համակարգի փլուզումը: Իսկ տարածաշրջանային մյուս խաղացողը՝ Ճապոնիան, թեեւ ձգտում է Փհենյանի ապամիջուկայնացմանը, այդուհանդերձ, դեմ է տարածաշրջանում հավելյալ լարվածությանն ու նոր մարտահրավերների ի հայտ գալուն: «Շեշտեմ, որ սա Կորեական թերակղզու եւ Հեռավոր Արեւելքի հարցերով գրեթե բոլոր փորձագետների տեսակետն է»,- հավելեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական դասավորումներին եւ զարգացումներին՝ Արամ Շահնազարյանը հստակեցրեց, որ նույնը չի կարելի ասել Իրանի եւ նրա հարեւանների հարաբերությունների մասին:
«Եթե Հյուսիսային Կորեայի տարածաշրջանային ազդեցությունն ու մանևրի հնարավորությունը սահմանափակ է, ապա նույնը չի կարելի ասել Իրանի պարագայում: Չպետք է աչքաթող անենք այն պարզ իրողությունը, որ Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանը դոմինանտ տերություն է, որը ոչ մի դեպքում չի զիջի իր դիրքերը: Ընդգծեմ՝ դա բացառված է, քանի որ Պարսից ծոցում Իրանն ունի կենսական շահեր, որոնցից չի պատրաստվում հրաժարվել: Իսկ ավելի մեծ կտրվածքով` Մերձավոր Արեւլքում նույնպես համարվում է տարածաշրջանային գերտերություն, կարեւոր եւ ազդեցիկ խաղացող ու հավասարակշռող ուժ: Այս դիրքերից Իրանը նույնպես չի հրաժարվի երբեւէ:
Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, ապա Հյուսիսային Կորեայի համեմատությամբ, պատկերը դարձյալ կտրուկ տարբերվում է: Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն՝ որպես Իրանի հետ ծովային սահման ունեցող երկրներ, իսկ Իսրայելը՝ որպես, այսպես կոչված, տարածաշրջանային հարեւան, կտրուկ դեմ են Իրանի դեմ ճնշումների թուլացմանը: Ավելին` չեն խնայում ոչինչ ԱՄՆ-ին Իրանի դեմ գոնե սահմանափակ ռազմական հակամարտության մեջ ներքաշելու համար, որը հիմնականում կարտահայտվի Իրանի ռազմավարական նշանակության օբյեկտներին կետային հարվածների տեսքով: Չպետք է մոռանանք եւս մեկ կարեւոր հանգամանք` եթե Հյուսիսային Կորեայի շուրջ հնարավոր զարգացումները կարող են հիմնականում սահմանափակվել Կորեական թերակղզով կամ էլ Ճապոնական ծովով, ապա նույնը չի կարելի ասել Իրանի մասին: Իրանի դեպքում դրանք կունենան դոմինոյի էֆեկտ՝ ներքաշելով ամբողջ Մերձավոր Արեւելքը եւ մերձակա տարածաշրջանները»,- ասաց նա:
Արամ Շահնազարյանը նշեց եւս մի կարեւոր հանգամանք, որը վերաբերում էր երկու երկրների քաղաքական համակարգերի նկատմամբ Սպիտակ տան մոտեցմանը:
«Կորեական թերակղզում իրադարձություններին հետեւող փորձագետների կարծիքով` Սպիտակ տունը համակերպվել է Հյուսիսային Կորեայի քաղաքական համակարգի հետ` գիտակցելով, որ հարաբերությունների կարգավորման համար պետք է բանակցեն հենց Կիմ Չեն Ընի եւ նրա կողմից նշանակված իշխող վերանախավի մյուս ներկայացուցիչների հետ: Մանավանդ, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է երիտասարդ առաջնորդի համար թե՛ երկրում, թե՛ դրա սահմաններից դուրս հավելյալ լեգիտիմություն եւ հեղինակություն ապահովել: Նույնը չի կարելի ասել Իրանի պարագայում: Նախ` Իրանի ղեկավարությանը նման ոճով հավելյալ լեգիտիմություն եւ հեղինակության ապահովումը չի հետաքրքրում, մանավանդ, որ դրա կարիքն էլ առանձնապես չի զգացվում: Իսկ հետո` Սպիտակ տանը կան գործիչներ, ավելի որոշակի՝ Թրամփի` ազգային անվտանգության հարցերովխորհրդական Ջոն Բոլթոնն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնց հեռահար նպատակն Իրանում ռեժիմի փոփոխությունն է: Դա միանաշնակ է եւ չի վրիպում ո'չ Թեհրանի, ո'չ էլ փորձագետների եւ միջազգային հանրության աչքից»,- նշեց նա:
Եզրափակելով թեման՝ Արամ Շահնազարյանն ասաց, որ, իր կարծիքով, այս պահին Իրան-ԱՄՆ հարաբերություններում հյուսիսկորեական սցենարի տարբերակը բացառված է: «2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին, Իրանում ուշադրությամբ հետեւում են ԱՄՆ ներքաղաքական զարգացումների ընթացքին, որոնք, ինչ խոսք, անմիջականորեն կարող են ազդել Իրանի կապակցությամբ Սպիտակ տան քաղաքականության վրա: Իր կարծր դիրքորոշմամբ Թեհրանը փորձում է սահմանափակել նախագահ Թրամփի մանևրի հնարավորությունը՝ նախագահական ընտրություններին ընդառաջ նրա համար կտրուկ մեծացնելով Իրանի հետ առճակատման ռիսկերն ու դրա հնարավոր հետեւանքները: Ու թեեւ սխալված չենք լինի, եթե նշենք, որ Թրամփի գործողություններում մեծ է անկանխատեսելիության գործոնը, այդուհանդերձ, դժվար թե ընտրությունների նախօրեին նա ցանկանա ներքաշվել այնպիսի մի հակամարտության մեջ, որը կարող է ճակատագրական լինել իր համար: Այնպես որ` դժվար թե առաջիկա ամիսներին Իրան-ԱՄՆ հարաբերություններում կտրուկ շրջադարձի ականատեսը լինենք: Իհարկե, երբ նման նուրբ եւ զգայուն, այսպես կոչված, շախմատային պարտիայի մի կողմն Իրանի փորձառու եւ ճկուն ղեկավարությունն է, իսկ մյուս կողմը՝ Թրամփի պես անկանխատեսելի խաղացողը, երբեք չպետք է մտաթող անել նաեւ ջեյմսբոնդյան հայտնի ասացվածքը` «Never Say Never»»,- ասաց մեր զրուցակիցը:
Գ.Մ.