Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ձախողման պատճառով ՀՀ-ում գրանցված բոլոր ավիաընկերությունները ընդգրկվել են ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» և զրկվել ԵՄ տարածքում թռիչքների իրավունքից:
Ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ սա մեր քաղավիացիայի համար շատ մեծ կորուստ է և մեր ավիացիոն վարկանիշը շրիշակի մակարդակից ցածր է:
Փորձագետն ընդգծում է, որ քաղավիացիայի ոլորտի խնդիրները կադրային սխալ քաղաքականություն վարելու հետևանք են։
«Երբ ՔԱԿ ղեկավար դարձավ Տաթևիկ Ռևազյանը, մեկ տարվա ընթացքում բոլոր մասնագետները, լավ կադրերը հեռացան։ Ռևազյանը ստիպված էր նորերին բերել, ովքեր, ցավոք, այն փորձառությունը չունեին, որն անհրաժեշտ է։ Լավ անգլերեն խոսելը բավարար չէ: Նախկիններին անհիմն պիտակավորեցին, և նրանք այլևս չցանկացան աշխատել: Ավիացիան փոքր ոլորտ է, բոլորը միմյանց գիտեն: Ես գիտեի դեռևս Քոչարյանի օրոք աշխատող մարդկանց, ում այդ տարիներին աշխատելու համար անվանեցին կաշառակերներ, վերջիններս էլ պարզապես լքեցին ոլորտը։ Եթե խնդիրը կադրերի երիտասարդացումն էր, ապա նրանց ընդունելուց անմիջապես հետո պետք է ուղարկեին անհրաժեշտ ուսուցման, թրեյնինգների, ինչը, սակայն, չի արվել:
Այնպես չէ, որ անգլերեն իմացող ցանկացած մեկին ընդունեն, ուղարկեն ուսուցման կդառնա լավ կադր: Նախկին վարչության պետերը կարողանում էին այդ հարցերը լուծել, ունեին պրոֆեսիոնալ կադրեր, ում աշխատանքի շնորհիվ էլ 1992 թվականից հետո Հայաստանի քաղավիացիան երբևէ չի եղել սև ցուցակում։ Դեռևս նոյեմբերին արդեն պարզ էր, որ այդ կազմով հնարավոր չէ անցնել աուդիտը, ոլորտի տարբեր ներկայացուցիչներ տարբեր հարթակներում խոսեցին այդ մասին, սակայն արձագանք չեղավ, փակեցին, շղարշեցին այդ թեման»,-ասաց Նավիկ Խաչատրյանը։
Հայաստանի՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» հայտնվելու լուրից հետո Նիկոլ Փաշինյանը հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն էր անցկացրել, որի ընթացքում խոսել էր նաև Տաթևիկ Ռևազյանը։ Վերջինս հայնտել էր, որ 2019 թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից հետո ՔԱԿ-ը միջոցառումներ է իրականացնում Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով, իսկ որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին:
Փորձագետը կարծում է, որ սա ավիացիոն հասարակության համար կատաստրոֆիկ ինֆորմացիա է։
«Եթե ժամանակին Ռևազյանն ասեր, որ իրեն նման բան է ասվել, այնքան այդ մասին կխոսվեր, աղմուկ կբարձրանար, հնարավոր է անգամ Տաթևիկ Ռևազյանին հեռացնեին աշխատանքից: Բայց նա թաքցրել է այդ ինֆորմացիան, որի իրավունքը, որպես պաշտոնյա, չուներ։ Այս տեղեկությունը թաքցնելու համար նա պիտի ենթարկվի պատասխանատվության: Այս լուրի մասին Ռևազյանը շատ հանգիստ ասեց, վարչապետն էլ ոլորտին չի տիրապետում և մտածում է, որ ելքը մինչև 2022 թվականին սպասելն է: Ցավալին այն է, որ իշխանությունն այնպիսի արձագանք է տալիս, կարծես մեկ չվերթ էր, մեծ բան չէր: Սակայն մի քիչ խորը գիտելիքներ ունենալու դեպքում պարզ է դառնում, որ այդ ամբողջ նեգատիվ ինֆորմացիան անմիջապես տարածվում է ամբողջ ավիացիոն աշխարհով մեկ և սկսում են ընկալել Հայաստանն այնպես, ինչպես օրինակ ընկալում են Կոնգոն: Մինչդեռ մենք ունեցել ենք լավ քաղավիացիա, հմուտ օդաչուներ: Մեր՝ «սև ցուցակում» հայտնվելու լուրը տարածվում է բոլոր մեծ խաղացողների մեջ, սա է, որ մերոնք չեն հասկանում։ Իրենց թվում է՝ սովորական հարց է, որը կարելի է ազգային անվտանգությունով փակել, սակայն սա մեծ ապտակ էր հայկական ավիացիային»:
Նավիկ Խաչատրյանը նշում է, որ իրավիճակը փրկել հնարավոր էր, եթե լիներ ցանկություն։ Նրա խոսքով՝ սա անպատասխանատու մոտեցման արդյունք է, քանի որ եթե Տաթևիկ Ռևազյանը չթաքցներ ինֆորմացիան, ոլորտի բոլոր գիտակները կմիավորվեին և կօգնեին հաջողությամբ անցկացնել աուդիտը: Ռևազյանի պահվածքը մանկապարտեզի երեխայի նման է՝ չարությունս ոչ-ոք չիմանա: Ինչ վերաբերվում է հայկական ավիափոխադրող ունենալու շանսերին, Նավիկ Խաչատրյանը նշեց, որ դրանք արդեն չափազանց փոքր են:
«Մեզ օդանավ տրամադրելու և հայկական ավիափոխադրող ունենալու թեման հիմա կարող ենք փակ համարել: Երբ ԱԺ-ում բոլորը ծափահարում էին Տաթևիկ Ռևազյանին, ասում էին ինչ լավ աղջիկ է, լոուքոստերներ է բերել Հայաստան, երևի չգիտեին, որ դրանք Հայաստանի ամբողջ ավիափոխադրումների շուկայի 10 տոկոսն են կազմում, որոշ հաշվարկներով՝ 3-7 տոկոս: Եվ նրանք համարում են, որ այդ մի քանի տոկոսը շահարկելով, իսկ մնացածը տալով արտերկրյա ավիափոխադրողների, չպաշտպանելով օդային տարածքը, կարելի է զարգացնել ավիացիան: Նման ձև ավիացիան չեն զարգացնում: 193 պետություններից 190-ը դրոշակակիր փոխադրողներ են: Իսկ մենք, որ չունենք ծովային սահման, ունենք երկու փակ սահմաններ, երկաթուղին գրեթե չի աշխատում վերջին 30 տարվա մեջ տեսել ենք և պատերազմ, և երկրաշարժ, տեսել ենք, թե ինչպես են աշխատել օդանավերը այդ օրերին, այժմ նման խնդրի առաջ ենք կանգնած։ Այս կառավարությունը հեղափոխական ոգով եկավ իշխանության, հավատացինք, որ ավիացիայի ոլորտին լուրջ ուշադրություն կտրվի, բայց տեսանք, որ 2019 թվականին կառավարության 60 էջանոց ծրագրում ավիացիային վերաբերվող երկու նախադասություն կար: Առաջինը՝ որ հարկավոր է դրսի բոլոր չվերթների հաճախականությունը շատացնել, երկրորրդը՝ ՔԱԿ-ը պիտի հետևի օդանավարերից արձակված գազերից օդի աղտոտվածությանը: Սրանից արդեն պարզ էր, որ ոչ մի ավիաընկերություն ստեղծելու անգամ ցանկություն չկա։ Այս կառավարությունը հայրենասեր լինելու փոխարեն տապալեց ավիացիոն ոլորտը, փոշիացրեց այն»: