կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-10 17:52
Քաղաքական

Կառավարությունն առաջարկում է կարգավորել օդանավակայանից մատուցվող տաքսի ծառայությունների ոլորտը

Կառավարությունն առաջարկում է կարգավորել օդանավակայանից մատուցվող տաքսի ծառայությունների ոլորտը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի նպատակը օդանավակայանի տարածքից ուղեւորափոխադրումներ կատարելու մրցակցային հավասար պայմաններ ստեղծելը եւ զբոսաշրջիկների համար պատշաճ որակ ապահովելն է: Փոխնախարարը հավելել է, որ փոփոխությունները վերաբերում են միայն մարդատար տաքսիների աշխատանքին: Օդանավակայանի տաքսիների կայանատեղից ուղեւորափոխադրում կատարելու համար սահմանվում է A տեսակի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200 հազար դրամ է: Սահմանվել են նաեւ մեքենաների կահավորման, արտաքին տեսքի, տարիքային սահմանափակման պահանջներ. յոթ տարեկանից բարձր մեքենան շահագործելն արգելվում է: Առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղից ուղեւորափոխադրում անելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

«Օդանավակայանի հատվածը կարգավորելուց բացի, ցանկալի կլիներ տաքսի ծառայությունների վերաբերյալ ամբողջական կարգավորում ունենալ»,- նշել է տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: