կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 18:29
Հասարակություն

Իրականությունը կեղծելու անհաջող փորձը

Իրականությունը կեղծելու անհաջող փորձը

1918թ. հունիսի 4-ին Բաթումում Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր: Այն անչափ ծանր էր հայ ժողովրդի համար, քանզի նրա նորանկախ պետության տարածքը պարփակվում էր 12 հազար քառ. կմ մեջ: Այդուհանդերձ, իրականանում էր անկախ պետականության վերականգնման հայոց բազմադարյան ձգտումը, որն ինքնին մեծ նվաճում էր դարավոր թշնամու դեմ երկարատև պայքար մղող հայության համար: «Բաթումի Հայ-Թիւրք դաշնագիրը, որի մէջ առաջին անգամ հայ ժողովուրդը ճանաչվում է որպէս սուվըրէն իրաւունքներ կրող, այն խոշոր-քաղաքական-իրաւաբանական նշանակութիւնը ունի, որ հայկական հանրապետութիւնը դառնում է միջազգային յարաբերութիւնների մէջ իրաւունքի սուբյեկտ: Գործնականապէս սա այն նշանակութիւնը ունի, որ Հայ ժողովուրդը այլևս պէտք չի ունենայ երրորդ անձնաւորութիւնների միջոցավ գործելու, քանի որ նրա քաղաքական ներկայացուցիչները կարող են հանդէս գալ միջազգային նոյն իսկ ամենաբարձր ատեաններում` հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար»:

Պայմանագիրը միանշանակ չընդունվեց հայ իրականության կողմից: Այն տեղիք տվեց հակասական կարծիքների` ընդգծված դժգոհությունների և գիտակցված համաձայնության:  Հաղթանակներով ոգևորված ժողովուրդը, Ազգային խորհրդի դաշնակցական թևը պահանջում էին մերժել պայմանագիրը, շարունակել պատերազմը:

Ժողովրդական զանգվածների հայացքներն այդ օրերին ուղղված էին դեպի Արամը:

Պետք է ասել, սակայն, որ այդ օրերին առկա ընդհանուր ռազմական իրավիճակը հայոց համար անբարենպաստ էր: Չնայած Ղարաքիլիսայում հայերը կատաղի դիմադրություն էին ցույց տվել թուրքերին, ճակատամարտն ավարտվել էր նրանց պարտությամբ: Ռազմական անցքերին քաջատեղյակ գնդապետ Արարատյանը նկատել է, որ Ղարաքիլիսայի մոտ հայկական զորքերի կրած անհաջողության մասին զոր. Նազարբեկյանի հեռագիրը «հարկադրեց կանգնեցնել Երևանյան ջոկատի հարձակողական գործողությունները դեպի քաղաք Ալեքսանդրապոլ, քանզի ք. Երևանը հյուսիս-արևելքից կհայտնվեր բաց հակառակորդի ներխուժման համար»: Բացի այդ, թուրքական 35000 զինվորների դեմ հայերն ունեին ընդամենը 12000 զինվոր:

Բնականաբար, ժամանակի գործիչներն ու կառույցները քաջատեղյակ էին իրավիճակի բարդությանը։ Դա է պատճառը, որ նույնիսկ Արամ Մանուկյանը, որն առաջնակարգ և վիթխարի մասնակցություն էր ունեցել Մայիսյան հերոսամարտերի կազմակերպմանը և միանգամայն արդարացիորեն ստացել Հանրապետության Հիմնադրի պատվավոր անունը, որոշ ժամանակ լռություն պահպանելուց, ըստ երևույթին իրադրությունը համակողմանի վերլուծելուց հետո, կողմ արտահայտվեց հաշտությանը: Ժողովրդական հավաքներից մեկում Արամը նկատեց, որ առկա իրավիճակում Թիֆլիսի Ազգային խորհուրդն այլ ելք չուներ և ստիպված էր հաշտություն կնքել թշնամու հետ: Երևանի Հայոց Ազգային խորհուրդը, դրսևորելով շրջահայացություն, չընդառաջեց Բաթումի պայմանագիրը մերժելու պահանջներին:

Այնուամենայնիվ, որոշ ուժեր և գործիչներ, մասնավորապես` ժողովրդական հերոս Անդրանիկը, չընդունեցին Բաթումի հաշտության պայմանագիրը: Հունիսի 4-ին Դիլիջանից Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թ. Նազարբեկյանին հղած հեռագրում Անդրանիկը նշում էր. «Վեց հարիւր տարուան ստրկութեան շղթան դարձեալ ձեր վիզն ու ոտքը կ’անցընէք ձեր ձեռքով: Չեմ կրնար այս պայմաններուն հանդուրժել, մոռնալով մեր երեսուն տարուան զոհերը եւ մէկ միլիոն նահատակները»: Ամբողջ կյանքը հայ ազատամարտին նվիրած Անդրանիկը, որի երազանքն էր ազատագրված տեսնել Արևմտյան Հայաստանը,  տեղի տալով զգացմունքներին, չընդունեց ո՛չ Բաթումի պայմանագիրը, որից դուրս էր մնում Արևմտյան Հայաստանը, ո՛չ էլ ՀՀ-ն ու նրա կառավարությունը: Անշուշտ, Անդրանիկի անհաշտ վերաբերմունքին նպաստում էր մի կողմից վստահության բացակայությունը դեպի թուրքերը, մյուս կողմից` հակասությունները իշխող կուսակցության (ՀՅԴ) որոշ գործիչների հետ:

Բաթումի պայմանագիրը, նրա կնքումից հետո Հայաստանից Անդրանիկի հեռացման փաստը քաղաքական շահարկման նյութ են դարձրել դեռևս խորհրդային տարիներին: Նույնը կատարվում է նաև մեր օրերում, ի հեճուկս փաստերի։ Այն ժամանակ, երբ խորհրդային-կոմունիստական վարչակարգը գաղափարական ակտիվ պայքար էր մղում քաղաքական այլ ուժերի, ամենից առաջ ՀՅԴ դեմ` նրան վարկաբեկելու, նրա դերը անցյալի պատմական անցքերում նսեմացնելու համար, շրջանառության մեջ է դրվել մի շինծու «հեռագիր», որն իբր Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կողմից  «1918-ի հունիսի 17-ին» Երևանից ուղղվել էր Թուրքիայի ռազմական նախարար Էնվերին: 1965թ. Ջ. Կիրակոսյանի կողմից «ամբողջական» տեսքով հրապարակված այդ «հեռագրով» Հայաստանի մի շարք ղեկավար գործիչներ Էնվերին տեղեկացնում էին Անդրանիկի հակաթուրքական նպատակների մասին և խնդրում նրան ջախջախել: Ելնելով այն հանգամանքից, որ ներկայումս, անկասկած, քաղաքական ինչ-ինչ ակնկալիքներով, այդ  «հեռագրի» մասին հաճախակի է խոսք գնում, գերազանցապես զրույցների մակարդակով, հարկ ենք համարում տալ որոշ պարզաբանումներ: Նախ ներկայացնենք «հեռագիրը».

«Հայաստանի հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնելու Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար:

Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը և Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար»:

Հեռագրի տակ դրված են «Հայաստանի հանրապետության կառավարության նախագահ` Հ. Քաջազնունի», «Հայաստանի հանրապետության զինվորական մինիստր` Արամ փաշա Մանուկյան» և «Հայաստանի հանրապետության կառավարության խորհրդի նախագահ` Սահակյան» գրությունները:

Այս հեռագիրը պարզապես կեղծիք է` հորինված ժամանակի ազգային-քաղաքական գործիչներին, անգամ իբրև Հանրապետության Հիմնադիր հավերժացած Արամ Մանուկյանին վարկաբեկելու, լայն առումով Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը կեղծելու, արժեզրկելու ստոր միտումով, և չի դիմանում որևէ փաստարկի:

Թերևս ամենակարևորն ու ընդգծելին այն է, որ Հայաստանի Ազգային արխիվում, ներառյալ այստեղ պահվող Անդրանիկի ֆոնդը, որը վկայակոչվում է իբրև «հեռագրի» գտնվելու վայր, այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի:

Բացի այդ, «հեռագիրն» ինքյան կասկածելի է և մերժելի մի շարք առումներով: Առաջին` 1918թ. հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէր ձևավորվել, իսկ Արամ Մանուկյանը, Հ. Քաջազնունին և Սահակյանը միաժամանակ չեն գտնվել ո՛չ Երևանում, որտեղից իբր թե ուղարկվել է հեռագիրը, և ո՛չ էլ մեկ այլ վայրում: Հ. Քաջազնունու կառավարությունը Երևան է ժամանել 1918թ. հուլիսի 19-ին:

Երկրորդ` հանրահայտ փաստ է, որ Արամ Մանուկյանը եղել է ոչ թե զինվորական, այլ ներքին գործերի նախարար: Իսկ Սահակյանն էլ, ինչպես վկայում են արխիվային փաստաթղթերը, չի եղել կառավարության խորհրդի նախագահ:

Երրորդ` արդյո՞ք ժամանակի գործիչները, կոնկրետ դեպքում Արամը, որ ջանք չէր խնայում թուրքական առաջխաղացումը կասեցնելու համար, կարող էր հեռագրել նույն թշնամուն նրան սպառնացող վտանգի վերաբերյալ:

Չորրորդ` ինչպես տեսանք, Անդրանիկը ՀՀ-ից սկսեց հեռանալ հունիսի 6-ին, այսինքն` Սարդարապատի հաղթությունից մեկ, այլ ոչ թե երեք շաբաթ անց:

Հինգերորդ` հեռանալով Հայաստանից, հերոսը, որին վերագրվում է վերոհիշյալ «հեռագրի» ձեռք բերումը, երբեք իր հեռացման պատճառների մեջ չի նշել հայ-թուրքական գործակցություն իր դեմ: Մասնավորապես` 1921-ին հրատարակված «Զօր.Անդրանիկ կը խօսի» գրքույկում հանրապետության կառավարության և ՀՅԴ-ի դեմ առաջ քաշած մեղադրանքների մեջ այդ մասին նա նույնիսկ չի ակնարկում: Այդպիսի «փաստ» չի հիշատակվում նաև Անդրանիկի մերձավորների, կենսագիրների, հուշագիրների կողմից: Այդ «փաստը» արձանագրված չէ նաև Անդրանիկին նվիրված, ինչպես նաև նրա գործունեությունը մանրամասնորեն լուսաբանող գիտական մենագրություններում:

Պատմության կեղծարարները փորձում են Հայաստանի հանրապետության ղեկավարների կողմից ժողովրդական հերոսի դեմ գործելու փաստարկ ծառայեցնել նաև 1918թ. երկրորդ կեսի հայ-թուրքական բանակցությունները: Այն վերաբերում է հատկապես Երևանում կայացած Արամ-Խալիլ հանդիպմանն ու հետագա բանակցություններին: Այդ հանդիպման ժամանակ իրոք լինում է երկու գործիչների գրկախառնություն: Ինչո՞վ է դատապարտելի այդ հանդիպման լավ կազմակերպումը և գրկախառնությունը, որի նախաձեոնողն, ի դեպ, Խալիլն էր: Ոչնչով, որովհետև պետական շահը դա էր պահանջում: Արամը` որպես պետական գործիչ և իրավիճակին քաջատեղյակ անձնավորություն, լավ էր ըմբռնում կացության լրջությունը և վերոհիշյալ գործընթացների ժամանակ այլ կերպ վարվել չէր կարող, թեպետև իր համար դժվար էր համակերպվել հայ ժողովրդին պարտադրվող ծանր պայմաններին: Ժամանակը չէր խրոխտ կեցվածքի, այն միայն կբարդացներ կացությունը: Բանակցությունների ընթացքում շոշափվում է նաև Անդրանիկի հարցը: Բանակցությունների մանրամասներից պարզ երևում է, որ դրանք սոսկ դիվանագիտական զրույցներ էին` հեռու գործադրվելու հնարավորությունից, քանզի Ադրբեջանը, բնականորեն, երբեք չէր համաձայնի իր տարածք զուտ հայկական զորք ուղարկելու` Հայաստանի վարչապետ Քաջազնունու առաջարկին, թեկուզև Անդրանիկի դեմ գործելու նպատակով: Մյուս կողմից, Անդրանիկի հեղինակությունը (նաև զինուժը) այնքան մեծ էր, որ հանրապետության կառավարությունը չէր փորձի զորք ուղարկել նրա դեմ և սկսել եղբայրասպան պատերազմ, մի բան, որը կործանարար կլիներ երկուստեք: Մի հանգամանք ևս. ՀՀ-ն չճանաչող հերոսի գոյությունը, ստեղծված պայմաններում, բացասական հետևանքներով հանդերձ, ավելի՛ ձեռնտու էր հանրապետությանը, քան վնաս, որովհետև նա իր գտնվելու շրջաններում հանդիսանում էր զսպող ուժ թուրքերի դեմ:

Պատմական փաստաթղթերի, գրականության և մամուլի ուսումնասիրությունը միանշանակ փաստում է․

1) Բաթումի պայմանագիրն այն ժամանակ առավելագույնն էր, որը հայությունը կարող էր ձեռք բերել: Բաթումի հաշտության պայմանագիրը ոչ այլ ինչ էր, քան իրավական ձևակերպումը դե ֆակտո գոյություն ունեցող ռազմաքաղաքական կացության, որում հայոց համար կար միայն մեկ դրական հանգամանք` Սարդարապատում և Բաշ-Ապարանում թշնամուն պարտության մատնելու, Ղարաքիլիսայում ծանր հարված հասցնելու և նրա առաջընթացը կասեցնելու իրողությունը։ Չլինեին Մայիսյան հերոսամարտերը, չէր լինի նույնիսկ այդ ծանր պայմանագիրը և նրանով ճանաչվող անկախ Հայաստանը, չէր լինի հայ ժողովուրդը:

 2) ՀՀ կառավարության և նրա ազդեցիկ անդամներից մեկի` Արամ Մանուկյանի կողմից երբեք որևէ իրական քայլ թուրքերի հետ ընդդեմ ժողովրդական հերոս Անդրանիկի չի կատարվել և չէր էլ կարող կատարվել, որքան էլ որ առկա են եղել հակասություններ կողմերի միջև: Ընդհակառակը, երբեմն կողմերի միջև եղել է համագործակցություն ընդդեմ թուրքերի։

 

Արմեն Ասրյան

պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ