կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-16 11:01
Իրավական

Քննիչ է ձերբակալվել` սպանության ապացույց կեղծելու կասկածանքով

Քննիչ է ձերբակալվել` սպանության ապացույց կեղծելու կասկածանքով

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում երեկ ձերբակալվել է ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը: Yerkir.am-ին  ոստիկանությունից հայտնեցին, որ Ենգոյանը ձերբակալվել է առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով: Ի դեպ, Ենգոյանը աշխատանքից ազատված էր եւ գտնվում էր կադրային ռեզերվում:

 

Այս քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով ավելի քան մեկ ամիս առաջ` դեկտեմբերի 6-ին ձերբակալվել էր Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը, ով, հանդիսանալով հետաքննություն իրականացնող պաշտոնատար անձ, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել էր ապացույց` որպես վկա ներգրավելով Ն. Հ.-ին, ով վերջինիս ուղղորդմամբ տվել է ակնհայտ սուտ ցուցմունք այն մասին, որ ականատես է եղել 2010 թ. օգոստոսի 28-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Սահակ Սահակյանի կողմից Քաջարան քաղաքի զբոսայգում Գրիգոր Պապյանի հետ վիճաբանելուն, ինչպես եւ դանակի բռնակով Գրիգոր Պապյանի գլխին հարվածելուն, մինչդեռ Ն. Հ.-ն ոչ միայն ականատես չի եղել, այլեւ առհասարակ դեպքի վայրում չի եղել:

 

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 28-ին: Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում Գրիգոր Պապյանը, Գեւորգ Թոսունյանը եւ Սահակ Սահականանը վիճաբանել են եւ միմյանց նկատմամբ բռնություն գործադրել: Նույն օրը սպանվել էր Գրիգոր Պապյանը:

 

Նախաքննությունը շարունակվում է: