|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Անկեղծ ասած, ես զարմացա, որ կարելի է ստորագրել մի տեքստ, որը, բացի այն, որ ամոթալի է երկրի համար, ամոթալի պետք է լիներ նաեւ այն ստորագրողների համար»,- անդրադառնալով կոալիցիոն ուժերի կողմից երեկ ստորագրված հուշագրին` այսօր ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Մեկնաբանելով կոալիցիոն հուշագրի այն հատվածը, որում ասվում է, որ «նոր փոփոխություններին ընդառաջ կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել` միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»` Ս. Սաֆարյանը նկատեց, որ երեք կուսակցություններ ստորագրել են հայտարարություն հետեւյալի մասին` միջնեկ եղբայրը մեծ եղբորից փոքր է, փոքր եղբայրը միջնեկ եղբորից փոքր է, եւ փոքր եղբայրը երբեք չի ձեւանա միջնեկ եղբորից մեծ, իսկ միջնեկ եղբայրը երբեք չի ձեւանա ավագ եղբորից մեծ:
«Իրար դեմ չեն գործելու, գործելու են մնացածի դեմ,- ասաց ընդդիմադիր գործիչը:- Սա նշանակում է հայտարարություն անել առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրությունները կեղծելու մասին, քանի որ, երբ մարդիկ ասում են, որ մենք մտադիր չենք ավելացնելու կշիռը, պետք է հասկանան, որ կշիռն ավելացնողն իրենք չեն` ժողովուրդն է: Եվ այսպես Եվրոպա՞ են մեզ տանում, ժողովրդավարությունի՞ց են խոսում, կոռուպցիայի դեմ պայքարի՞ց են խոսում: Սա ամենամեծ կոռուպցիայի փաստն է` բաժան-բաժան անել աթոռները` առանց հաշվի առնելու, թե ինչ է ասելու ժողովուրդը երկու տարի հետո: Սա ժողովրդի երեսին թքել է»:
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` հայտարարել, որ քաղաքական կուսակցությունը չի ձգտում իշխանության, որպեսզի իր ծրագրերն իրականացնի, հայտարարել, որ քաղաքական ուժը չունի թեկնածու առաջիկա ընտրություններում, ոչ միայն դուրս է բանականությունից, այլեւ դեմ է քաղաքագիտության դասական ճշմարտություններին: