կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-02 16:11
Աշխարհ

Մկները Ուկրաինայի պետական պահուստներից պակասեցրել են 2700 վագոն ցորեն

Մկները Ուկրաինայի պետական պահուստներից պակասեցրել են 2700 վագոն ցորեն

Ուկրաինայի պետական պահուստային ֆոնդում անցկացվել է մասշտաբային աուդիտ, որի արդյունքում հայտնաբերվել է ցորենի հսկայական պակաս. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:

Ուկրիանայի ՆԳՆ խորհրդական Միխայիլ Ապոստոլն իր ֆեսյբուքյան էջում հայտնել է, որ 2700 վագոն ցորեն` 800 մլն գրիվեն ընդհանուր գումարով, չի հայտնաբերվել աուդիտի ժամանակ: Իսկ մեղավոր են ճանաչվել մկները…

Ըստ ամենայնի` ավելի որկրամոլ են եղել երկրի արևմտյան շրջանների մկները: Այսպես` Տերնոպոլի շրջանում ամբարներում այնքան ցորեն է պակասել, որը կարելի էր տեղավորել 150 վագոնում:

Իրադրությունը հասկանալու համար հարկ է նշել, որ իշխանությունն այնքան էլ շահագրգռված չի եղել, որ պետպահուստի ֆոնդում ստուգումներ լինեն, սակայն ստիպված է եղել գնալ այդ քայլին հերթական կոռուպցիոն սկանդալի արդյունքում: Մայիսի 13-ին ուկրաինական կառավարությունն պաշտոնանկ էր արել պետպահուստի ֆոնդի ղեկավար Յարոսլավ Պոգորելիին: Ի պատասխան` նա էլ անմիջապես հրապարակել էր, որ պահեստները լցված են իրենց առավելագույնի ընդամենը 3 տոկոսի չափով, ընդ որում` հիմնականում սպառման համար ոչ պիտանի արտադրանքով: Պոգորելին նաև փաստեր էր ներկայացրել պահուստային ֆոնդից թալանի մասին, որին մասնակցել են կոռուպցիոն սխեմաներով գործող իշխանական կառույցներ: Պետական նախկին պաշտոնյայի վկայությամբ` այդպիսի «աշխատանքի» արդյունքում պահուստային ֆոնդի առյուծի բաժինը ընդամենը թղթի վրա է, իսկ իրականում այն թալանված ու վաճառված է:

Դրանից հետո է հենց Կիևը որոշել աուդիտ անցկացնել, որը նախապես ոչ մի լավ բան չէր խոստանում: Ի դեպ, ՆԳՆ խորհրդականի ֆեյսբուքյան գրառումը վերաբերում է միայն ցորենին, որի անհետացումը կարելի է վերագրել մկներին: Դեռևս ոչինչ չի հաղորդվում վառելանյութի մասին, որն, ըստ Պոգորելիի, անհետացել է ավելի վաղ, քան ցորենը, բայց դե մկները բենզին չեն խմում…