Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանն ասաց, որ ԱԺ-ին հատկացվող բյուջեն 54 միլիոն դրամով քիչ է, իսկ կառավարության դեպքում բյուջեի նվազում չի եղել: «Խնդրում եմ վերականգնեք մեր գումարը՝ 54 միլիոն դրամը»,- ասաց նա:
Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ դա ունի իր պատճառները: «Բնական է, որ ցանկացած գերատեսչություն, ցանկացած մարմին ունի ավելի մեծ կարիք, քան հնարավոր է նախատեսել բյուջեում: Բյուջեն օրենք է, որտեղ հաշվի են առնվում բոլոր ոլորտների հետաքրքրությունները կամ շահերը, սա փոխզիջումային փաստաթուղթ է բոլորի կողմից: Իսկ թե ինչո՞ւ կառավարության աշխատակազմում` այսպես, ԱԺ-ում՝ այնպես, քանի որ ԱԺ ընտրություններից հետո պատգամավորների թիվը կարող է լինել ոչ 131-ը: Դա տրամաբանորեն կարող է հանգեցնել միջոցների օգտագործման ավելի քիչ կարիքի, քան 131-ի դեպքում: Իսկ եթե պատգամավորների թիվը լինի ավելի, կքննարկվի լրացուցիչ հատկացումների հարցը»,- բացատրեց նա:
Նույնատիպ դիտարկում արեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ հետաքրքրվելով՝ Ջանջուղազյանն արդյո՞ք արդեն գիտի, թե քանի պատգամավոր է ունենալու խորհրդարանը 2017 թվականի ընտրությունների արդյունքում: «Եթե գիտեք կոնկրետ թիվը, ասեք, հանրությունն էլ տեղյակ լինի: Մեզ ասվում է, որ նույնիսկ 198 էլ կարող է լինել»,- ասաց նա:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ Սահմանադրությունն է նախատեսում, որ ամենաքիչը 101 պատգամավոր լինի, իսկ եթե պատգամավորների թիվն ավելի կլինի, հատկացումների կարիք կառաջանա, և հարցն էլ կդառնա քննարկման նյութ: