Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը գրում է.
«ԲԱՐԻ ԳԻՇԵՐ-ից առաջ - ՄԵՐ ԻՄԱՑԱԾՆ ՈՒ ԻՄԱՆԱԼԻՔԸ ՄԱՅԻՍԻ 28-Ի ՄԱՍԻՆ
Լրագրողի տարօրինակ մի հետաքրքրասիրությամբ սկսեցի Խորհրդային Հայաստանի մամուլը թերթել` ի՞նչ է գրված եղել մայիսքսանության իրադարձությունների մասին: Անորոշությունների մեջ խարխափելով` փայլուն մի էջ գտա, որն է Սարդարապատի հոյակերտ հուշահամալիրի բացումը: Մինչ այդ` «մեծ ու կարևոր» իրադարձություններ են կատավել: Օրինակ, 1938 թվականի մայիսյան այդ օրերին Հայաստանի գրողների տանը տեղի է ունեցել հանդիսավոր նիստ` նվիրված «Ասք Իգորի գնդի մասին» երկի 750-ամյակին: Կարդացի և, միամիտ լրագրող, շատ ուզեցի, որ հանրապետական թերթի մեկ ուրիշ էջում գտնեմ մեկ այլ հաղորդագրություն, ասենք` Գիտությունների ակադեմիայում կայացած «Սարդարապատի դասերը» գիտաժողովի մասին: Դրանից երկու տարի առաջ` 1968-ի մայիսի 28-ին` Սարդարապատի 50¬ամյակին, Հովհաննես Շիրազը Խիկար Բարսեղյանին խնդրում է, միասին այցի գնալ Սարդարապատի հուշահամալիր: Շարունակությունը, որ այն օրերին բնորոշ, բայց տխուր պատմություն է, լսենք Շիրազից. «Գնացինք։ Ղեկավարները բոլոր առաջ գնացին, Խիկարը թևս բռնեց, ըսավ՝ մի քիչ ուշանանք։ Ես էլ ասում եմ՝ ինչի՞։ Թե՝ ուշանանք: Վերջը, ուշացանք, գնացի՝ աղմուկ-աղաղակ, անունս տվեցին, նույնիսկ ասում էին՝ փառք Հովհաննես Շիրազին, զորավարին, ձայն տալ եւ այլն։ Մեկ էլ 5-10 րոպե չանցած, Խիկարը թե՝ պետք է դաշտը թողնել: Ինչի՞, խեղճ գառնուկի նման, ոչ զենք ունիմ վրես, ոչ բան, ինչի՞ պիտի ես դաշտը թողնեմ։ Ի՞նչ է եղել: Ոչ մի բան չիմացա։ Առավոտյան զանգ եմ տալիս, տեսնեմ, պոեմներս, որ խմբագրության ճանապարհին են, ետ են բերե։ Իա՜, էս ի՞նչ պատմություն է։ Եվ ահա թե ինչ, այդ պատճառով ես ընկա բոլոր խմբագրությունների աչքից, թե էս ինչ բան է արե, որ դաշտից, էդ հոյակապ տանից, համաշխարհային զրընգալի տանից բանաստեղծին ետ են բերե, 20-30 րոպե հետո»։
Այսպիսի բաներ էլ են եղել, և, ընդհանրապես, այն տարիներին զարմանալիորեն մեզ հեռու էին պահում սարդարապատյան օրերի իրադարձությունների տեղեկատվությունից: Այդ տարիներին, այո, սերունդները քիչ էին տեղեկացված` դասագրքերում, բուհական ձեռնարկներում, ավաղ, նաև մամուլում համատարած լռություն էր: Բայց չէ՞ որ դա մեր պատմական ու ամենախոշոր հաղթանակն էր 600 տարիներ ի վեր:
…ՄԱՅԻՍԻ 28-Ը սոսկ կոնկրետ իրադարձության վավերագիրը չէ, սոսկ տարեթիվ չէ, այն խորհուրդ է ու գաղափար, և այդ գաղափարը համազգային է: Ֆրանսիացիներ վաղուց դադարել են Բաստիլ բառի մեջ սոսկ բանտը տեսնել. նրանց համար Բաստիլը Հանրապետության վերականգնման խորհրդանիշ է: Սարդարապատը մեզ համար այդ նույն խորհրդանիշն է, և մեր սերունդները որքան ավելի տեղեկացված լինեն, այնքան նրանց մեջ երկար ու ամուր կապրի հակական ոգու և զենքի հաղթանակի գաղափարը:
Ցանկալի ու անհրաժեշտ է, որ այդ ամենի մասին իմանանք ոչ առիթից-առիթ, այլ մշտական հիշելու հրամայական որպես, այսօր ու հետայսու սերնդե-սերունդ փոխանցվող սերտելի դաս որպես, որպեսզի մայիսյան հաղթանակները դառնան դրանք պահպանելու, ամրապնդելու խորհուրդ եւ նաեւ պահանջ: Եվ հավաքական հերոսը` ժողովուրդը, աշխարհազորային ժողովուրդը, կերպավորվի գրականության մեջ ու երգերում, նկարչության մեջ ու դրամատիկական գործերում: Եվ Սարդարապատը ներկայացվի Բաշ Ապարանին, Ղարաքիլիսային զուգահեռ, Շուշին` Ջանհասանի` թշնամու ուշադրությունը շեղող կռիվներով:
Գարեգին Նժդեհը, որն իր զորագնդով, իր կամավորներով Ղարաքիլիսայի ճակատամարտում հաղթանակով պիտի օժանդակեր Սարդարապատին, տարիներ անց գրում էր. «…հայ մարտիկն արժանի էր իր ցեղին անունին»:
«Անթագավոր դարերի մեջ» մենք կարողացանք պահպանել մեր ազգային դեմքը, մեր ավանդույթները, մեր գիտական ու մշակութային պոտենցիալը: Մենք կարողացանք պահպանել մեր գրությունը, մեր լեզուն, մեր ինքնությունը: Ու Սարդարապատը փառահեղորեն սկիզբ դրեց ընդհատված երթին` շարունակություն ունենալով արցախյան շարժումը:
Երիցս օրհնյալ են այդ երթը վերստեղծողները, եւ օրհնյալ լինեն բոլոր նրանք, որ պիտի շարունակեն այն»։