Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արըս Նալջը
Շաբաթն սկսեց Քադըքյոյի Քաղկեդոն հրապարակի Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու դարպասի խաչի շուրջ պարողների տեսագրություններով:
Ներքին գործերի նախարարությունն, «անմիջապես գործի անցնելով», հարբած լինելու պատճառով կրոնական վայրն անարգելու կասկածանքով երեք հոգու ձերբակալեց, ապա ազատ արձակեց:
Յենիքյոյի եկեղեցու խաչը գիշերը պոկած ու տեսախցիկին մոտեցած հանցագործն էլ էր ազատ արձակվել:
Սոցիալական ցանցերում «Սամսունսպորտ» ակումբի անդամ մի երիտասարդի գրությունը, ով նշում էր, թե դեպքի պահին Քադըքյոյի Քաղկեդոն հրապարակում է գտնվել, Թուրքիայի՝ վերջին 20 տարվան հատուկ «միակը» լինելու եսասիրական և ազգայնամոլական մտածելակերպով հասունացած սերնդի հայելին էր:
Երբ իրեն հարց ուղղեցի, այդ երիտասարդը՝ Մահիր Ջան Թեմբիհը, ասաց․ «Ի՞նչ կլինի, զվարճանալ է՞լ չի կարելի»:
Իհարկե կարելի էր զվարճանալ, սակայն ո՞ր կրթական համակարգն էր ձեր գլուխը մտցրել կրոնական և մշակութային արժեքները անարգելով զվարճանալու կարելիությունը:
Իմացանք, թե ով է նման թույլտվություն տվել:
Թույլտվություն տվել են իրավիճակի նկատմամբ անհանգստություն ցուցաբերող, հետաքննություն սկսող և մեղավորներին ձերբակալումից հետո բաց թողնող երկրի պատկան մարմինները:
Սակայն ի՞նչ կլիներ՝ մի անգամ էլ այսպիսի հարձակումը պատժվեր ամենածանր ձևով:
Աշխարհին օրինակ ծառայել սիրող պետությունը ինչու՞ այս իրավիճակը չի օգտագործում որպես խրատ:
Քանզի իրականում անուղղակիորեն սպառնում է այլոց:
Դա անում է երիտասարդների գլուխները նման մտքեր լցնելով․ «Արե՛ք, տեսե՛ք՝ ծայրահեղ դեպքում կձերբակալենք, բաց կթողնենք»: Հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին էլ մեկ անգամ ևս ասում է․ «Ձեր հանդեպ մեր մոտեցումը սա է, ավելին մի էլ սպասեք»:
Այդ պատճառով, Սեդաթ Փեքերի պնդմամբ, իրականում հակառակը պետք է կարդալ թե պաշտոնի, թե անհատականության հավաստիությունը կորցրած նախարարություններից լսվող «ձեր կողմից ենք» հայտարարությունները:
Նախարարն ասի էլ, միևնույնն է՝ քրեական հետպնդման չեն ենթարկի
Նույն նախարարության պաշտոնյան մի հեռուստահաղորդման ժամանակ Սեդաթ Փեքերին հեղինակազրկելու համար նշել էր, թե Հրանտ Դինքի գործով պատասխանատուների հետևում կանգնած է եղել Հատուկ մարտական ստորաբաժանումը և մեղքը Փեքերի վրա էր բարդել:
Այս շաբաթ պալատական արդարադատությունը հրապարակեց որոշում, ըստ որի՝ դատական գործում այս դեպքերի հետաքննությունն անհրաժեշտ չէ: Այսինքն ասվեց, որ դատական հետապնդում իրականացնելու անհրաժեշտությունը չկա, ինչպես որ պահանջում էր Սուլեյման Սոյլուն՝ երկրի ներքին գործերի նախարարը:
Ի՞նչ է սա նշանակում:
Դո՛ւք եզրակացրեք: Անգամ եթե նախարարն էլ հայտարարի, մենք Հատուկ մարտականին չենք դիպչելու:
Ստահակներին ուղղված որոշակի ուղերձ էր դա:
Դա նշանակում է՝ «Մեր հետապնդումներից մի՛ անհանգստացեք»:
Նույնը՝ եկեղեցիների վրա հարձակվողների դեպքում: Այս երկրում անգամ մարդասպաններին չեն դիպչում:
Դիպողը կայրվի:
Դատարկ-դատարկ կխոսեն, որպեսզի հայերին և հույներին անհանգստություն պատճառեն
Մինչ այս ամենը տեղի էր ունենում, «Գալաթասարայ» ֆուտբոլային թիմի ՊՇՌ թեստերը չհամապատասխանեցին ԱՄՆ-ի չափանիշներին, թիմը հետ վերադարձավ, և գնդակը հայտնվեց Մեծ միություն կուսակցության (ՄՄԿ) նախագահ Մուստաֆա Դեսթիջիի դաշտում:
ՄՄԿ-ն պարապ չկանգնեց: Ամեն առիթով ծաղրի թեմա է գտնում հույների, հայերի, հրեաների վերաբերյալ: Փերինչեքի ու կուսակցության պես:
Ասում են, թե ՄՄԿ-ի առաջնորդն ասել է. «Կղզիների բոլոր եկեղեցիների և փոքրամասնությունների դարպասների դռներին «Հույն» բառն է գրված: Եկեք փոխադարձության սկզբունքով կարգավորենք և «հույն» գրությունը հեռացնելով՝ հունական ծագման դպրոցների կամ եկեղեցիների վրա ուղղափառ, իսկ հայկական ծագման դպրոցների ու եկեղեցիների վրա էլ «առաքելական» գրություններով ցուցանակներ կախենք»:
Հստակ է, որ նա տեղեկություն չունի ոչ պատմությունից, ոչ Լոզանից, ոչ էլ փոխադարձությունից: «Ակօս»-ի հետ հարցազրույցում Բասքըն Օրանն ամենալավ պատասխանն է տալիս:
Դեսթիջին այդ մեկնաբանությունն ակնհայտորեն դիտավորյալ է արել: ԱԶԿ-ի հետ նույն դիսկուրսը կրող այս փոքրիկ կուսակցության առաջնորդի այսչափ անգետ լինելն էլ՝ վրադիր:
Անգամ եթե եկեղեցու դռներին գրես՝ «Ուղղափառ», արդյո՞ք Դեսթիջին տեղյակ է, թե քանի տարբեր տեսակի ուղղափառներ կան: Կամ էլ, ի՞նչ է նշանակում առաքելական, բողոքական և կաթոլիկ հայ…
Բնականաբար սրանք խաղի մի մասն են միայն:
Ակնհայտ է, որ ինչ-որ մեկն ուղղորդում է Դեսթիջիին, ում հաջորդ նպատակն, ամենայն հավանականությամբ, կլինի Կղզիներում ու Ստամբուլում գտնվող հունական և հայկական դպրոցների վերացումը:
Առանց այդ էլ հետզհետե պակասող աշակերտներով և որպես «փոքրամասնություն» կոդավորված հայ համայնքի դպրոցների նկատմամբ պահանջարկը և Թուրքիայից քրիստոնյաների հավաքաբար գաղթը մեծացնելու համար նման փոքրիկ «կուսակցությունների» «անգետ» մեկնաբանությունները բավարար են արդեն իսկ սեղմված, նվազած համայնքներին ահաբեկելու համար:
Դեսթիջին էլ գիտի դրա մասին:
Գիտի, դրա համար է անում։
Մեղանչում է:
Գիտի, որ պալատական արդարադատությունն իր թիկունքին կանգնած է:
Այս շաբաթվա համար պատրաստել ենք «Կամուրջ» հաղորդումը, որտեղ ժողովել ենք վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի հայկական եկեղեցիների, վանքերի վրա կատարված հարձակումները և գանձախույզների կողոպուտները:
Այն կարող եք դիտել կիրակի, ARTI TV-ով։
Այդտեղ էլ տեսանք, որ կողոպուտի ճամփան բաց է:
Թուրքիայում ատելության խոսքը վաղուց է վերածվել ատելության արարքի:
Հայի, ասորու, հույնի, հրեայի նկատմամբ կատարված ցանկացած հանցանք անպատիժ է մնում:
Այս տարի լրատվականներում նման կողոպուտների մասին տասնյակի չափ լուրեր հայտնեցին: Բնականաբար, սրանք սոսկ գործի երևացող կողմն են:
Չերևացող կողմեր էլ կան:
Ստորև ձեզ հետ կկիսվեմ մինչև 2020 թ․ ապրիլի 4-ը միայն մամուլում հրապարակված հարձակումների ու ավերածությունների մասին լուրերով: Այս լուրերի՝ նման չափով հաճախակի դառնալը պիտի որ պատճառ ունենա…
Հետևությունները թողնում եմ ձեզ…
4-ը ապրիլի, 2020 թվական
Վան, Գյուրփընարի Սուրբ Մարիամ վանքի ոչնչացում։
9-ը մայիսի, 2020 թվական
Բաքրքյոյի եկեղեցին հարձակման է ենթարկվել։
29-ը մայիսի, 2020 թվական
Հարձակում Սկյուտարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա։
Մեղավորը դատական հետապնդումից հենց այնպես ազատվել է:
29-ը մայիսի, 2020 թվական
Շըրնաքի Անդաչ գյուղի եկեղեցին վերածվել է աղբանոցի։
19-ը հունիսի, 2020 թվական
Շըրնաքում ավերվել է Օնբուդաքի քաղդեական եկեղեցին:
5-ը սեպտեմբերի, 2020 թվական
Հարձակում Յեշիլհիսարի հունական և հայկական եկեղեցիների վրա:
Տեղահան են արվել բոլոր որմնանկարները:
26-ը սեպտեմբերի, 2020 թվական
Գողացվել են Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցու քարերը:
18-ը հոկտեմբերի, 2020 թվական
Կողոպտվել է Դերսիմի Էրգեն (Էրգան, Երկայն-Ակունքի խմբ․) գյուղի եկեղեցին ու գերեզմանատունը:
21-ը դեկտեմբերի, 2020 թվական
Երկրաշարժից վնասված Զորադիրի եկեղեցին մուտք չունի: Վերածվել է ավերակի:
27-ը հոկտեմբերի, 2020 թվական
Մարդինի ասորական եկեղեցին հանվել է վաճառքի:
1-ը նոյեմբերի, 2020 թվական
Ուրֆայում Գերմուշի եկեղեցին թալանվել է:
17-ը հունվարի, 2021 թվական
Բուրսայում վաճառքի է հանվել հայ բողոքական եկեղեցին:
3-ը հունվարի, 2021 թվական
Գանձախույզները կողոպտել են Սիլիվրիի Գերմիյան եկեղեցին:
Բալըքեսիրի 250-ամյա մատուռը վերածվել է ավերակի:
21-ը հունվարի, 2021 թվական
Կայսերիում (Կեսարիա-Ակունքի խմբ․) գանձախույզները հարձակվել են ժայռափոր եկեղեցու վրա:
23-ը հունվարի, 2021 թվական
Վանքի՝ ավտոպարկի վերածման որոշում է կայացվել:
Ասորական գերեզմանը և եկեղեցիները վերածվեցին աշխատահրապարակի:
27-ը փետրվարի, 2021 թվական
Մի նոր վաճառված եկեղեցի:
Այս անգամ Ստամբուլում:
8-ը մայիսի, 2021 թվական
Ջրերը հետ քաշվեցին, և պատմական եկեղեցի հայտնվեց: Ջրերի հետ քաշվելուն պես Քեբանի ջրամբարի տակից եկեղեցի է ի հայտ եկել:
13-ը հունիսի, 2021 թվական
Վանի Գանձակ գյուղի եկեղեցին վերածվել է ախոռի:
26-ը հունիսի, 2021 թվական
Կայսերիի Թավլու գյուղի Սուրբ Թորոս եկեղեցին ոչնչացվել է:
26-ը հունիսի, 2021 թվական
Իդիլի ասորական եկեղեցին ավերակի է վերածվել:
https://artigercek.com/yazarlar/aris-nalci/bir-adimiz-kalmisti-silmediginiz
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net