կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-28 10:33
Հասարակություն

1918-1920 թթ. անկախության պատմությունը անկախ պետություն կերտելու այբբենարան է. Խ. Ստեփանյան

1918-1920 թթ. անկախության պատմությունը անկախ պետություն կերտելու այբբենարան է. Խ. Ստեփանյան

Այսօր Առաջին Հանրապետության 102-ամյակն է:

Ճիշտ այդքան ժամանակ առաջ բովանդակ հայության շահերը ներկայացնող Հայոց ազգային խորհուրդը «իրեն հայտարարեց Անդրկովկասի հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Հռչակագրում ասված այս ձևակերպումը ցույց էր տալիս, որ 102 տարի առաջ կար նվիրյալների մի սերունդ, որ հանձնառու եղավ պետություն ստեղծելու: Այդ սերունդը համարձակություն ցուցաբերեց ցեղասպանությունից մազապուրծ ժողովրդին, պատերազմից ավերված երկրին փրկել ամոթից: Դա նախ արվեց մայիսյան հերոսամարտերով և ապա՝ պետություն ստեղծելու հռչակագրով: 1918 թ. մայիսյան հռչակագրով պետականաստեղծ սերունդը քաղաքական առումով ավելի առարկայական դարձրեց Հայաստան տեղանունը:

Երկուսուկես տարվա ընթացքում նույն անձիք հաջորդ սերունդներին պետականություն կերտելու դասական օրինակ ցույց տվեցին: Թեև անժխտելի ձեռքբերումների կողքին եղան նաև ցավալի կորուստներ, բայց պետականակերտ սերունդը չերկնչեց դժվարությունների առջև: 1918-1920 թթ. երկուսուկես տարվա անկախության պատմությունը հաջորդ բոլոր սերունդների համար անկախ պետություն կերտելու, շենացնելու այբբենարան է:

Անկախության գաղափարի դավանանքը քաղաքակրթական արժեք է: Միայն անկախության պայմաններում են ժողովուրդներն ինքնադրսևորման լիարժեք հնարավորություն ստանում: Քաղաքակիրթ մարդկության կողմից պաշտելի արժեքին արժանի է նաև հայ ժողովուրդը:

1918 թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդն իր կամքի և պայքարի ոգու շնորհիվ իր ազատ և անկախ ապրելու ցանկությունն իրականություն դարձնելով, այն պարտադրեց իր թշնամիներին:

Հայոց ներկա պատմության կիզակետը Հայաստանի անկախությունն է: Հայ ժողովրդի հավաքական քաղաքական դիմագիծը բնորոշվում է իր անկախության հանդեպ ունեցած վերաբերմունքով: Առանց անկախության հայ ժողովուրդը զուրկ է հավաքականությունից:

Աչքի լույսի պես պահենք և պահպանենք մեր անկախությունը...

Շնորհավոր ՄԱՅԻՍ 28:

Խաչատուր Ստեփանյան
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պ.գ.դ., պրոֆեսոր