կարևոր
3391 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-11 17:02
Քաղաքական

Հայաստանի իշխանությունների հարաբերությունները Ռուսաստանի հետ 1918-1920 եւ 2018-2024 թթ.

Հայաստանի իշխանությունների հարաբերությունները Ռուսաստանի հետ 1918-1920 եւ 2018-2024 թթ.

Պատմաքաղաքական ակնարկ

Վերջին տարիներին մի շարք «վերլուծաբաններ» ու իշխանական պատգամավորներ Հայաստանի ներկայիս կառավարության ապաշնորհ քաղաքականությանն ուղղված քննադատություններին ի պատասխան՝ հաճախակի նշում են, որ Հայաստանի առաջին հանրապետության անկման և տարածքային կորուստների պատճառը Առաջին հանրապետության կառավարության «արևմտամետ» և «հակառուսական» դիրքորոշումն էր:

Թեև ժամանակաշրջաններն ու իրադարձությունները տարբեր են, տարբեր են նաև Հայաստանի ներկա և առաջին հանրապետությունների կառավարությունների արժեհամակարգն ու քաղաքական նպատակները, և այսօր Հայաստանի հետ տեղի ունեցողը ամենևին էլ Առաջին հանրապետության կառավարության գործունեության արգասիքը չէ, այնուամենայնիվ կցանկանայինք մի փոքր խոսել Դաշնակցության՝ որպես իշխող կուսակցության, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ հիմնվելով փաստերի վրա:

Այսպես՝ 1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո կտրուկ փոխվեց իրավիճակը Ռուսական կայսրության ողջ տարածքում, երկրում հաստատվեց երկիշխանություն՝ ի դեմս բանվորների ու զինվորների, պատգամավորների, Պետրոգրադի խորհրդի և ժամանակավոր կառավարության:
1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումը իր բացասական հետևանքները պետք է ունենար հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի վրա։

«Ռուսաստանի խորհրդայնացման փաստը ու այդ միջոցով վերջինիս հրաժարումը պատերազմի հաղթական արդյունքերից, գերմանական վերնախավի և բոլշևիզմի գաղտնի համաձայնությունը, սիոնիզմի գործոնը, բոլշևիկների ու երիտթուրքերի ձևավորվող դաշինքը… պայմանավորում էին հայ-թուրքական, հայ-վրացական և այդ բոլորի ու խորհրդային իշխանության բազամաշերտ փոխհարաբերությունները»1:

Ռուսաստանում իշխանությունը ձեռք գցած Լենինի կառավարությունը ուժերը դուրս բերեց պատերազմից և «Քառյակ միության» երկրներին հաշտության առաջարկություն արեց, ինչը ընդունվեց վերջիններիս կողմից:
Հաշտության բանակցությունները սկսվեցին Բրեստ-Լիտովսկում և ընթացան երեք փուլով. «Բրեստ-Լիտովսկի բանակցությունների երեք փուլում էլ արծարծվեց հայկական տարածքների հարցը: Բանակցությունների առաջին փուլում Խորհրդային Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը ներկայացրեց իր կառավարության դիրքորոշումը և սկզբունքները: Ըստ այդ սկզբունքների՝ արգելվում էր պատերազմի ժամանակ գրավված տարածքների բռնակցումը: Ռուսաստանը պարտավորվում էր իր զորքերը դուրս բերել գրավված տարածքներից»2:

Սա, բնականաբար, չէր կարող չվերաբերել նաև Արևմտյան Հայաստանին:

«1918 թ. մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունն ընդունեց Քառյակ միության բոլոր պահանջները: Համաձայն պայամանագրի չորրորդ հոդվածի և ռուս-թուրքական լրացուցիչ պայմանագրի՝ Թուրքիային էին հանձնվում ամբողջ Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը»3:

Թուրքերին հանձնվեցին նաև Արդահանի և Բաթումի շրջանները, այլ կերպ ասած՝ «բոլշևիները ոչ միայն ամբողջ Թուրքահայաստանը հանձնում էին թուրքերին, այլև վերադիր Ռուսահայաստանի երեք կարևոր շրջանները:

Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը ավելի ևս արձակեց թուրքերի ձեռքերը: Նրանք չմնացին ռուս-թուրքական սահմանագծի վրա և շարժվեցին դեպի Կովկասի ներսը՝ իրենց հետ բերելով ավեր ու կոտորած»4:
Թուրքական զորքերի Այսրկովկաս արշավանքի ֆոնին Չիչերինն ու Կարախանը Անդրկովկասի կոմիսարիատին գրում են.

«Հայերի հետագա ճակատագրի պատասխանատվությունը ընկնում է Գերմանիայի վրա, որովհետև նրա պահանջով էր, որ ռուս զորքերը դուրս հանվեցին հայկական շրջաններից, և այժմ նրանից է կախված թուրքական զորքերի զսպումը սովորական բռնություններից»5:

Արձանագրե՛նք՝ սա մինչև Հայաստանի Հանրապետության հիմնադրումն է, և, այսպես կոչված, «վերլուծաբանները» չեն կարող պնդել, որ սրա պատճառը դեռևս գոյություն չունեցող Հայաստանի Հանրապետության կառավարության «հակառուս» դիրքորոշումն էր: Ընդհակառակը՝ անկախության հռչակումից հետո Հայաստանը Այսրկովկասում միակն էր, որը հակառուսական դիրքորոշում չորդեգրեց.

«Անդրկովկասի հանրապետությունների անկախության հռչակումից հետո Հայաստանի Հանրապետությունը զերծ մնաց հակառուսական տրամադրություններից: Ավելին՝ հայությունը միակն էր Անդրկովկասում, որ մինչև վերջ դիմագրավեց հակառուսական դաշինք ստեղծելու առաջարկներին… և կողմնորոշվելով դեպի Եվրոպա՝ Հայաստանի Հանրապետությունը դրանով հանդերձ շարունակում էր կապեր պահպանել Ռուսաստանի տարածքում ստեղծված զանազան կառավարությունների և գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ»6:

Նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը հարևանների և Անտանտի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց զատ՝ փորձում էր կապեր հաստատել այդ շրջանում Ռուսաստանում գոյություն ունեցող բազմաթիվ իշխանությունների հետ:

«Հայաստանն ի սկզբանե իր ներկայացուցիչներն ուներ նաև Ռուսաստանի նախկին կայսրության տարածքում գործող կառավարությունների մոտ (Դենիկինի՝ Հարավային Ռուսաստանի, Կոլչակի՝ Սիբիրի, Կուբանի և Դոնի կառավարություններ, Ուկրաինա և այլն): 1918 թ. դիվանագիտական շփումներ հաստատելու առաջին փորձերն արվեցին նաև Խորհրդային Ռուսաստանի հետ, բայց այս ուղղությամբ լուրջ քայլերն արվեցին միայն 1920 թ»7:

1918-1919 թթ. Ռուսաստանում դեռևս անորոշ էր քաղաքացիական կռիվների ելքը, այդ կռիվներում առավելությունը կարծես թե Անտոն Դենիկինի կողմն էր, որի հետ էլ Հայաստանը լավ հարաբերություններ էր հաստատել:

«1920 թ. սկզբներին, սակայն, ակնհայտ դարձավ Խորհրդային Ռուսաստանի առավելությունը: Կարմիր բանակը հայտնվեց Անդրկովկասի մատույցներում՝ ազդարարելով Ռուսաստանի վերադարձը տարածաշրջան»8:
Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկեց Խորհրդային Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, այդ նպատակով «դեռևս ապրիլի վերջին Երևանում Լևոն Շանթի գլխավորությամբ կազմվեց պատվիրակություն, որը մայիսի 20-ին ժամանեց Մոսկվա»9։ Բանակցությունները սկզբում հաջող էին Հայաստանի համար, «ռուսական կողմը պատրաստակամություն էր հայտնում ճանաչել Հայաստանի անկախությունը և չմիջամտել նրա ներքին գործերին, ընդունում էր նաև հայկական պահանջների արդարացի լինելը Զանգեզուրի և Ղարաբաղի հարցում: Ցանկություն էր հայտնվում իրավարարի դեր խաղալ հայ-թուրքական վեճում և հանդես գալ Հայաստանի ու Մուստաֆա Քեմալի միջև միջնորդի դերում»10:

Իրավիճակը և Խորհրդային Ռուսաստանի վերաբերմունքը դեպի Հայաստանը կարճ ժամանակ անց կտրուկ փոխվեցին, մի կողմից՝ խորհրդայնացված Ադրբեջանի կառավարության, մյուս կողմից՝ հայ բոլշևիկների ջանքերով.
«Մոսկվայի բանակցությունները տեղի ունեցան հայ բոլշևիկների մայիսյան ապստամբության ճնշումից հետո՝ Անդրկովկասում կոմունիստների շրջանում սկսված հակահայաստանյան հիստերիայի պայմաններում: Վրեժխնդրության մոլուցքով տարված հայ բոլշևիկները Հայաստանին տրված գնահատականներում հետ չէին մնում ադրբեջանցիներից»11:

Հայաստանում կատարված դեպքերը բոլշևիկները ծայրաստիճան չափազանցված էին ներկայացնում և ադրբեջանցի կոմունիստների հետ միավորված պահանջում էին «դաշինք չկնքել Հայաստանում «բանվորների ու գյուղացիների կոմունիստական հեղափոխությունը» խեղդող և «կոմունիստներին անխնա կոտորող» կառավարության հետ»12։ Հայ բոլշևիկների նման հակապետական հիստերիան ու զրպարտությունը հասցրին նրան, որ «Չիչերինը հունիսի 4-ին «մեծ վրդովմունքով» հեռագիր-բողոք է ուղարկում Երևան Հայաստանում իբր թե կատարվող գնդակահարությունների դեմ:

Եվ, իմիջիայլոց, ասում է, թե «գնդակահարված է ընկ. Միկոյանը»13. այս «գնդակահարված» Միկոյանը, ի դեպ, Անաստաս Միկոյանն էր, որը մահացավ միայն 1978 թ.: Այս ամենը, իհարկե, չէր կարող իր բացասական հետևանքը չունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Բացի այդ՝ «Լենինի համար Հայկական հարցը միայն մեկ արժեք ուներ՝ պայքարի զենք՝ հակառակորդների դեմ: Եվ նա մեկից ավելի անգամներ իր ճառերում ու հոդվածների մեջ օգտագործեց այդ զենքը»14:

Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագիրը որոշեց բոլշևիկ-քեմալական դաշինքը, որը ձևավորվեց Անտանտի դեմ պայքարում՝ շահերի համադրմամբ:

Այս առումով հետաքրքիր են դեռևս 1920 թ. ապրիլի 26-ին Լենինին ուղղված նամակում Մուստաֆա Քեմալի առաջ քաշած թեզերը: Այդ նամակում «Մուստաֆա Քեմալը շոշափել էր «իմպերիալիստական» Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցը»15:

1920 թ. հուլիսին Բեքիր Սամի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Մոսկվա, որտեղ օգոստոսի 24-ին համաձայնեցվեց ռուս-թուրքական «սրտագին և անկեղծ բարեկամության» պայմանագրի նախագիծը, որով «Ռուսաստանը ճանաչում էր 1920 թ. հունվարին ընդունված «Ազգային ուխտը», որով Թուրքիա ասելով՝ հասկանում էին թուրքաբնակ բոլոր տարածքները: Այդ փաստաթղթով, ըստ էության, կանխորոշվում էր Արևմտյան Հայաստանի և Կարսի մարզի ճակատագիրը»16:

Այսպիսով՝ Խորհրդային Ադրբեջանի կառավարության բողոքները, բոլշևիկ-քեմալական դաշինքը և նրանց հետ գործակցող հայ բոլշևիկների հակապետական գործունեությունը դարձան հայ-ռուսական բանակցությունների ձախողման և Հայաստան-Խորհրդային Ռուսաստան դաշինքի տապալման գլխավոր գործոնները, ինչը Հայաստանի համար անկախության ու տարածքային կորուստներ և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցավ:

Ինչևէ, հայ և ռուս բոլշևիկներին իրենց հակահայկական գործունեությամբ թողնենք իրենց տեղում և գանք մեր օրեր, մասնավորապես՝ «հետհեղափոխական» Հայաստան: Այսպիսով՝ ակնհայտ է, որ Հայաստանը զոհաբերվեց արտաքին ուժերի շահերին, և հայկական կորուստները պայմանավորված չէին Հայաստանի իշխանությունների, այսպես կոչված, հակառուսական քաղաքականությամբ: Մի բան, ինչի մասին վերջին շրջանում տարբեր տեսակետներ են հնչում՝ անհիմն կերպով իրար նմանեցնելով այն ժամանակի և մեր օրերի Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:

2018 թ. «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի կառավարությունը ակնհայտ հակառուսական քաղաքականություն որդեգրեց: Այս դիրքորոշման «առաջին ծիծեռնակները», ինչպես ասում են, հայտնվեցին 2019-ին, երբ Նիկոլ Փաշինյանը չգնաց դիմավորելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Սա «ինքնիշխանություն» փաթեթավորմամբ հանրությանը ներկայացված առաջին ակնհայտ անհարգալից վերաբերմունքն էր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի նկատմամբ: Հաջորդը Հայաստանի պատվիրակության ղեկավար ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի կողմից ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ձայնի իրավունքը վերականգնելուն «դեմ» քվերակելն17 էր, իհարկե, հետո դա ներկայացվեց «պատահականության» փաթեթավորմամբ, բայց Հայաստանի՝ որպես դաշնակցի ու վստահելի գործընկերոջ նկատմամբ վստահության խնդիր պետք է առաջացներ Ռուսաստանում:

Այնուհետև՝ պատերազմում պարտությունը Ռուսաստանի վզին փաթաթելու փաշինյանական համառ ջղաձգումները, որոնց հաջորդեցին Արցախից հայկական զորքի դուրս բերումը, հետո՝ պայմանավորված շրջափակումը։ Այնուհետև Արցախի հայաթափումն էր, որի համար փաշինյանական վարչակազմը մեղադրեց բացառապես Ռուսաստանին, մինչդեռ Ադրբեջանին նույնիսկ մեկ դատապարտող խոսք չասվեց: Ավելի՛ն, սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»18՝ դրանով հզոր խաղաքարտ տալով Ադրբեջանին՝ պաշտպանվելու համար Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու և հայաթափման մեղադրանքից:

Պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո Հայաստանում ռուսական զորամիավորումների ավելացման հետ միաժամանակ փաշինյանական ռեժիմը շարունակում է հակառուսական վտանգավոր քաղաքականությունը:
2023 թ. մայիսին Հայաստանը ՄԱԿ-ում կողմ քվեարկեց հակառուսական բանաձևին, «որով դատպարտվում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ: Բանաձևին կողմ են քվեարկել Հայաստանը, ինչպես նաև Ռուսաստանի դաշնակից մի շարք երկրներ:

Բանաձևը կոչ է անում փոխհատուցել ռուսական ագրեսիայի հետևանքով հասցված վնասը և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեղավոր են միջազգային իրավունքի նորմերի խախտման մեջ»19:
Սա մեզ համար Արցախ արժեցավ, սակայն դրանից էլ դասեր չքաղելով կամ հակառուսականությունը էլ ավելի ընդգծելու համար՝ Հայաստանի խորհրդարանը 2023-ի հոկտեմբերին վավերացրեց Հռոմի ստատուտը, որի վավերացումը ՌԴ-ում մտահոգություններ առաջացրեցց և այդ առիթով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց.

«Հայ գործընկերներին ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումն այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ձերբակալման օրդերներ են տրվել։ Քննարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու՝ Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ձեռնտու լինել երկու կողմերին: Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա» 20:

Իսկ 2024 թ. մայիսի 7-ին տեղի ունեցած Վլադիմիր Պուտինի երդման արարողությանը Նիկոլ Փաշինյանը հրավիրված չէր:

Այս ամենը խոսում է հայ-ռուսական հարաբերությունների իրական պատկերի մասին, որոնք փչացնելու նախաձեռնությունը Հայաստանի ղեկավարությանն էր, որն ամեն ինչ արեց դրա համար, և ամբողջապես անհիմն ու ավելորդ են փաշինյանական վարչախմբին Հայաստանի առաջին հանրապետության կառավարության հետ համեմատելու ջանքերը, քանզի չլինելով հակառուս և չմիանալով հակառուսական դաշինքին՝ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը թիկունքից հարված ստացավ հայ բոլշևիկների և Ռուսաստանում անօրինական ճանապարհով իշխանությունը զավթած Լենինի կառավարության կողմից: Լենինը կիսով չափ թաթար (այսօրվա եզրույթով՝ ադրբեջանցի) լինելով՝ նախապատվությունը տվեց թուրքական շահերին, իսկ նրա մերձավոր շրջապատում գտնվող և խորհրդային պետության մեջ բավականին ազդեցիկ դեր ունեցող հայ բոլշևիկները մատը մատին չտվեցին հօգուտ Հայաստանի որևէ որոշում «պոկելու» համար:

Իսկ Փաշինյանն ի՛նքը փչացրեց հարաբերությունները Հայաստան-Թուրքիա սահմանը պաշտպանող և Հայաստանի անվտանգության երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի հետ, ինչի ողբերգական հետևանքները զգում ենք մեր մաշկի վրա:

Հայ հասարակական-քաղաքական շրջանակները Հայաստանը ծայրագավառ հայտարարած Փաշինյանին հնարավորինս արագ պետք է հեռացնեն Հայաստանի ղեկից և վերականգնեն հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալիորեն ողբերգական լինել:

Անի Մելքոնյան
«Դրօշակ» թիվ 5, 2024թ.

————————————–

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Մելիքյան Վ., Հայ Յեղափոխական Դաշնակցության դերը հայոց պետականության վերականգնման գործում., Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 115 և 120-ամյակներին նվիրված գիտաժողովի նյութեր., Եր., 2011., էջ 44-45:
2. Սիմոնյան Հր., Հայոց պատմության հիմնահարցեր., Եր., 2000., էջ 328-329:
3. Նույնը, էջ 329:
4. Վրացյան Ս., Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև., Եր., 2022., էջ 23:
5. Նույնը, էջ 24:
6. Սիմոնյան Հր., նշվ., աշխ., էջ 386:
7. Նույնը, էջ 348-349:
8. Նույնը, էջ 386:
9.Նույն տեղում:
10. Նույնը, էջ 387:
11.Նույն տեղում:
12.Նույնը, էջ 388:
13. Վրացյան Ս., նշվ., աշխ., էջ 71:
14. Նույնը, էջ 14:
15. Նույնը, էջ 189:
16. Նույն տեղում:
17. https://armlur.am/911112/ (վերջին դիտումը՝ 19.05.2024)
18. https://www.aravot.am/2023/09/21/1370963/ (վերջին դիտումը՝ 19.05.2024)
19. https://generalnews.am/hy/article/b046c4b9eafc56519618d60e87e2ea66 (վերջին դիտումը՝ 19.05.2024)
20. https://hetq.am/hy/article/160834 (վերջին դիտումը՝ 19.05.2024)

Օգտագործված գրականության ցանկ

ա) Գրականություն

1. Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 115 և 120-ամյակներին նվիրված գիտաժողովի նյութեր., Եր., 2011
2. Սիմոնյան Հր., Հայոց պատմության հիմնահարցեր., Եր., 2000
3. Վրացյան Ս., Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև., Եր., 2022

բ) Համացանցի նյութեր

https://armlur.am
18. https://www.aravot.am
19. https://generalnews.am
20. https://hetq.am