կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-28 12:21
Հասարակություն

Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ 1918-1920 թթ.

Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ 1918-1920 թթ.

Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ

1918-1920 թթ.

ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը հարաբերությունների կարգավորումն ու կայունացումն էր անմիջական հարևանների հետ, ծագած տարածքային-սահմանային հարցերի լուծումը խաղաղ միջոցներով, իսկ մյուս գերակա ուղղությունը` երկու Հայաստանների միավորումով Միացյալ և Անկախ Հայաստանի ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը անմիջական հարևանների հետ հարաբերությունները կառուցելիս ձգտում էր, ըստ կարելվույն, առաջնորդվել բարի դրացիության սկզբունքով և ծագած վեճերն ու հակամարտությունները կարգավորել քաղաքական բանակցությունների, փոխադարձ համաձայնության ճանապարհով:

Ինչպես այժմ, այնպես էլ 100 տարի առաջ Հայաստանի հարևանները նույն չորս երկրներն էին` Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը (Իրանը): Դիտարկելով Հայաստանի միջպետական հարաբերությունների վիճակը 100-ամյա հեռավորությունից` կարելի է արձանագրել, որ դրանում այսօր եւս, ըստ էության, էական տարբերություն չկա: Միակ անմիջական հարևան երկիրը Իրանն էր, որը, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս Հայաստանի հետ չունի որևէ լուրջ խնդիր և միջպետական հարաբերությունների ամբողջ ընթացքում պահպանել է բարեկամական հարաբերություններ ու բարյացակամ չեզոքություն:

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի կանոնավոր հարաբերությունների հաստատումը հարթ չընթացավ, որովհետև կային ազգային, տարածքայինսահմանային լուրջ վեճեր: Մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ առկա էր պետական մակարդակով արևմտահայերին ցեղասպանելու և նրանց հայրենազրկելու իրողությունը: Դրա համար էլ Հայաստանը Թուրքիայի հետ, ըստ էության, պաշտոնական-դիվանագիտական հարաբերություներ չի վարել, իհարկե, եղել են դիվանագիտական նոտաների փոխանակումներ, միջնորդավորված կապեր:

Ոչ պակաս լարված ու կոնֆլիկտային (թշնամական) էին հարաբերությունները Ադրբեջանի հետ, որոնք փաստորեն ուղեկցվում էին չհայտարարված պատերազմական գործողություներով, սահմանային բախումներով, թուրք-թաթարական խռովություններով: Այդ թշնամանքի հիմնական պատճառը տարածքային-սահմանային վեճերն էին Արցախի, Սյունիքի, Նախիջևանի և այլ երկրամասերի պատկանելության շուրջ: Այդուհանդերձ, Հայաստանը Բաքվում մշտապես ունեցել է իր դիվանագիտական ներկայացուցիչը:

Դրա հետ մեկտեղ, չնայած բարդ քաղաքական փոխհարաբերություններին, Անդրկով¬կասյան երեք հանրապետությունները մի քանի անգամ Թիֆլիսում, Բաքվում համատեղ կոնֆերանսներ (խորհրդաժողովներ) են հրավիրել և այլ մակարդակի բանակցություններ վարել` փորձելով գտնել փոխադարձ շահերի ընդհանրության եզրեր ու ներդաշնակել դրանք: Բայց Վրաստանը և Ադրբեջանը, լինելով տնտեսապես ավելի հզոր և իրենց ձեռքում պահելով հաղորդակցության ուղիները, տրանզիտի և առևտրատնտեսական այլ հարաբերությունների դիմաց, Հայաստանից պահանջում էին տարածքային զիջումներ:

Ինչպես հայտնի է, Անդրկովկասի վարչական բաժանումները ցարիզմի օրոք, կատարվել էին կամայականորեն, ոչ ըստ ազգային հատկանիշի ու հատկապես հայերի համար, շատ աննպաստ պայմաններով: Որպեսզի պատկերը պարզ լինի, փաստենք, որ Անդրկովկասի 9 նահանգներից ու մարզերից միայն Երևանի նահանգում էին հայերը կազմում մեծամասնություն: Ստացվել էր այնպես, որ վրացիները և կովկասյան թուրքերը հավակնություններ ունեին հայահոծ բնակչությամբ բնիկ հայկական մի շարք շրջանների` Ախալքալաքի, Լոռու, Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և այլնի հանդեպ։

Հայ-վրացական հարաբերությունները

Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո այնքան էլ դյուրին չընթացան հայ-վրացական հարաբերությունները: Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը հավակնություններ ուներ պատմական և էթնիկ առումներով բնիկ հայկական Ախալքալաքի և Լոռի-Փամբակի տարածքների նկատմամբ:

Հայտնի է, որ հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել ավելի քան երկհազարամյա բարեկամություն: Նրանք շատ անգամ համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ: Սակայն 1918-ին՝ Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո, տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը, ինչպես արդեն ասվեց, դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված մեխանիկական բաժանումն էր: Հայկական երկու գավառներ` Լոռին ու Ախալքալաքը, մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ:

Հայ-վրացական հարաբերությունները առավել սրվեցին առաջին աշխարհամարտի ավարտական փուլում: Բանն այն էր, որ 1918 թ. ամռանը թուրքերի՝ Անդրկովկաս ներխուժման հետևանքով վրաց-գերմանական զորամասերը գրավել էին Բորչալուի գավառի հայկական Լոռու գավառամասը` իբրև ժամանակավոր և միայն պաշտ¬պա¬նական նպատակով, որպեսզի կանխեն թուրքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս: Սակայն երբ թուրքերը պարտվեցին ու հեռացան Անդրկովկասից ու Հայաստանից, վրաց կառավարությունը շարունակեց գրավված պահել Լոռու շրջանը: Ավելին, դեռ մինչ թուրքերի հեռացումը վրաց իշխանությունները հայ բնակչության վրա տուրքերն էին դրել, գործադրում էին բռնություններ, անցկացնում զորահավաք և այլն: Դրանով փորձ էր արվում հայկական Լոռին ներկայացնել որպես վրացական տարածք:

Այդ կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Արշակ Ջամալյանը բողոք ներկայացրեց վրաց կառավարությանը: Այնուհետև դրան հետևած մի քանի փոխադարձ բողոք-նոտա-վերջնագրերից հետո՝ դեկտեմբերի 13-ին, հակամարտությունը վերաճեց հայ-վրացական կարճատև պատերազմի, մի անցանկալի երևույթ, որպիսին չէր եղել հայ-վրացական հարաբերությունների դա¬րավոր պատմության ընթացքում: Հ. Քաջազնունու կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով, բայց ապարդյուն: Վիճակը առավել սրվել էր այն բանից հետո, երբ վրացական զորքը, օգտվելով հայկական զինուժի հապաղումից, դեկտեմբերի 5-ին գրավել էր 77 տոկոս հայ ազգաբնակչություն ունեցող Ախալքալաքի գավառը:

Հայկական զորաջոկատները՝ Դրաստամատ Կանայանի (Դրո) հրամանատարությամբ, մուտք են գործում Բորչալուի գավառի Լոռու գավառամաս, մաքրում են գավառամասը վրաց ուժերից և իրենց հսկողության տակ վերցնում հայկական 40-ից ավելի գյուղերի պաշտպանությունը: Ռազմական գործողությունների արդյուն¬քում հայկական զինուժը դեկտեմբերի 23-ին գրավում է Սադախլոն և պատրաստ էր արշավել նույնիսկ Թիֆլիսի վրա: Պատերազմի երկրորդ փուլում վրաց զինուժը փորձեց կասեցնել հայկական զորամասերի հետագա առաջընթացը: Ռազմական բախման ընթացքում հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը, փակվեցին ճանապարհները:

Բարեբախտաբար, պատերազմը կարճ տևեց` շուրջ երեք շաբաթ: Դեկտեմբերի 31-ին դադարեցվեցին ռազմական գործողությունները: Խնդրին միջամտեցին Անտանտի` Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները: 1919 թ. հունվարի 17-ին կողմերի միջև կայացվեց համաձայնություն: Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի» Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները, վերաբացվեցին երկաթուղին, հաղորդակցության մյուս ուղիները, կա¬պը: Հայաստանը ստացավ ապրանքների փոխադրման տրանզիտի (տարանցիկ առևտրի) իրավունք և այլն:

Հետագայում հայ-վրացական տարածքային կնճիռը վերջնականորեն լուծվեց նրանով, որ 1921 թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռու մեծ մասը միացվեց Հայաստանին: Կասկածից վեր է, որ եթե հայ-վրացական կարճատև պատերազմում Հայաստանը տանուլ տար, ապա Լոռին ևս կարժանանար Ախալքալաքի ճակատագրին:

Հայ-ադրբեջանական հարաբերությունները

Շատ ավելի բարդ էին հարաբերությունները Ադրբեջանի հետ: Առանձնապես սուր ու շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը: Ադրբեջանը ձգտում էր նվաճել Լեռնային Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ: Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920 թ. գարնանից` նաև Խորհրդային Ռուսաստանը:
Հայտնի է, որ 1918 թ. վերջին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ: Անգլիական զորքերի հրամանատարության գիտությամբ ու համաձայնությամբ 1919 թ. հունվարի կեսերին Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց հայտնի հայատյաց, ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը: Արցախ-Սյունիքի ավելի քան 300 հազար հայությունը միանշանակ չճանաչեց Ադրբեջանի իշխանությունը և զենքը ձեռքին` պայքարի ելավ ազատության, իր ազգային տարածքային իրավունքների պաշտպանության և մայր հայրենիքին միանալու համար: ՀՀ կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը: Սակայն այդ բանակցությունները արդյունք չտվեցին: Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին:

Ինչպես այսօր, այնպես էլ 100 տարի առաջ հայ-ադրբեջանական հակամարտության առանցքային խնդիրներից է եղել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնահարցը: Տասնամյակներ շարունակ մեզանում տարածում է գտել այն թյուր տեսակետը, թե իբր այն ժամանակ ՀՀ բարձրագույն իշխանությունները բավարար ուշադրություն ու հետևողականություն չեն ցուցաբերել Արցախի խնդրում, որի պատճառով էլ հայոց պատմական տարածքը, վերջին հաշվով, հայտնվեց Ադրբեջանի վարչատարածքային սահմաններում: Սակայն, որքան էլ ծանր էր Հայաստանի սոցիալ-տնտեսական ու քաղաքական վիճակը, հանրապետության կառավարությունը անում էր հնարավորին ամեն ինչ տեր ու պաշտպան կանգնելու արցախահայության արդար դատին` «Ղարաբաղը համարելով անբաժանելի մասը Անկախ և Միացյալ Հայաստանի Հանրապետության»: Հանրապետության կառավարությունը ֆինանսական, նյութական և զինական օգնություն էր ցույց տալիս: Օժանդակություն էր ցուցաբերվում նաև կուսակցական խողովակներով և անհատական կարգով: Այսպես, օրինակ, 1919 թ. ամռանը ՀՅԴ Բաքվի Կենտրոնական կոմիտեն Ղարաբաղի Ազգային խորհրդին էր փոխանցել 1.06 մլն. ռուբլու օժանդակություն:
Արցախում փաստական իշխանությունը, սկսած 1918 թ. կեսերից, գտնվում էր տեղի հայ Ազգային խորհրդի ձեռքում: Վերջինս 1918 թ. մայիսից մինչև 1920 թ. մայիսը հրավիրած տասը համագումարներում և դրանից հետո էլ` մինչև երկրամասի չարաբաստիկ բռնակցումը Ադրբեջանին, գործնականում չի ընդունել և չի ճանաչել Ադրբեջանի իշխանությունը:

Ինչպես հայտնի է, 1920 թ. սկզբներից ռազմաքաղաքական դրությունը բարդացավ Կովկասյան տարածաշրջանում, այդ թվում՝ նաև Արցախում ու Զանգեզուրում: Դա կապվում էր Կարմիր բանակի տարածաշրջանում հայտնվելու հետ, մի հանգամանք, որն է՜լ ավելի ոգեւորեց Ադրբեջանի մուսավաթական իշխանություններին: Արցախահայերի ազատագրական պայքարին թուրք-ադրբեջանական միացյալ զինյալ ուժերը պատասխանեցին հայերի զանգվածային կոտորածներով: 1920 թ. մարտի 23-ին Շուշիի հայությունը ենթարկվեց ահավոր ջարդի: Զոհվեց մոտ 8 հազար հայ: Շուշիի հայկական թաղամասը թալանվեց ու հրկիզվեց:

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Դրոյի զորախումբը Զանգեզուրից մտավ Ղարաբաղ: Տեղում հայ ժողովրդի պայքարը ազատության և անկախության համար ղեկավարում էր Ղարաբաղի հայ Ազգային խորհուրդը: Ապրիլի 25-ին արցախահայության 9-րդ համագումարը որոշեց Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի Հանրապետությանը: Համատեղ ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղը գործնականում միացվում է Հայաստանի Հանրապետությանը:

Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց` ապրիլի 28-ին, 11-րդ կարմիր բանակի միջամտությամբ, առանց որևէ կրակոցի, խորհրդայնացվեց Ադրբեջանը: Դրանից հետո վերջինիս սկսեց պաշտպանել Խորհրդային Ռուսաստանը: Հաջորդ երկու օրերին Ադրբեջանի հեղկոմը և Ռուսաստանի 11-րդ բանակի հրամանատարությունը Հայաստանին վերջնագիր ներկայացրին` հայ զորքերից մաքրել Լեռնային Ղարաբաղն ու Զանգեզուրը: Վերջնագրի պատասխանի համար տրվում էր երեք օր ժամանակ: Վերջնագրում Նախիջևանի մասին խոսք չկար, քանի որ վերջինս, սկսած 1919 թ. կեսերից, ՀՀ-ին չէր ենթարկվում, և նրանք Նախիջևանի հարցը գործնականում համարում էին լուծված: Դրան հետևեց թուրք-թաթար-բոլշևիկ զինուժի ներխուժումը Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան: Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին: Մայիսի 26-ին Դրոն հարկադրված իր զորամասով Արցախից վերադառնում է Զանգեզուր և ապա Դարալագյազ (Եղեգնաձոր):

Արցախյան խնդրում հետագա դեպքերն ընթացան այնպես, որ խորհրդային կուսակցական-պետական մարմիններում ձգձգվող ու իրարամերժ վճիռներից հետո, ի վերջո, 1921-ի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոն Մոսկվայի գիտությամբ, առանց քվեարկության, ընդունեց որոշում` Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ, թեև այդ նույն Կովկասյան բյուրոն նախորդ օրվա (հուլիսի 4-ի) իր նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել էր որոշում՝ հօգուտ Հայաստանի: Ինչևէ, վճիռը կայացվել էր, և Խորհրդային Հայաստանի ղեկավարների ու հայ բնակչության բողոքները մնացին անհետևանք: Այդ չարաբաստիկ որոշումից հետո` 1923 թ. հուլիսի 7-ին, վարչականորեն կազմվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ): Ավելին, ՀՍԽՀ և ԼՂԻՄ արանքում 1923 թ. ստեղծվեց բուֆերային «Կարմիր Քրդստան» ազգային օկրուգը: Միտումնավոր անցկացվեց վարչատարածքային այնպիսի սահմանագիծ, որպեսզի մարզն անմիջական սահմանային շփում չունենա Հայաստանի հետ և այդպիսով լիովին կտրվի մայր հայ-րենիքից:

Արցախյան խնդրի նման անարդարացի լուծումն էլ եղավ այն թնջուկը, որը, աստիճանաբար կուտակվելով, պոռթկաց 1988 թվականին` սկիզբ դնելով արցախյան համաժողովրդական շարժմանը:
Հայ-ադրբեջանական հակամարտության տեսակետից ծանր ճակատագիր ունեցավ նաև Նախիջևան խնդիրը: 1919 թ. կեսերին, անգլիացիների օգնությամբ, Նախիջևանի գավառը պաշտոնապես միացվեց Հայաստանի Հանրապետությանը: Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբություն բարձրացրին և հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը: Շարուր-Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունների, ավերածությունների, թալանի հետևանքով երկրամասը գրեթե լիովին հայաթափվեց: Նախիջևանահայության մի մասը կոտորվեց, իսկ մյուսը հարկադրված դիմեց արտագաղթի: 1920 թ. աշնանը` թուրք-հայկական պատերազմի ժամանակ, Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի գավառը: Իսկ 1921 թ. Մոսկվայի և Կարսի հակահայ պայմանագրերով Նախիջևանի երկրամասը հանձնվեց Խորհրդա¬յին Ադրբեջանին:

Բոլորովին այլ ընթացք ստացան դեպքերն ու իրադարձությունները Զանգեզուրում: Երկրամասը, սկսած 1918 թ. երկրորդ կեսից, անկախ էր շնորհիվ Անդրանիկի, իսկ 1919 թ. մարտից` ՀՀ ներկայացուցիչ, Արցախ-Սյունիքի նահանգապետ Արսեն Շահմազյանի: Վերջինիս այնուհետեւ փոխարինում էր Ս. Մելիք-Յոլչյանը: Արցախ-Սյունիքի կռիվների եռուն շրջանում` 1919 թ. օգոստոսին, ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ, Սյունիք է գործուղվում տաղանդավոր զորավար, փոխգնդապետ Գարեգին Նժդեհը, որը շուրջ երկու տարի գլխավորում է Լեռնահայաստանի աննկուն ժողովրդի հերոսական ինքնապաշտպանական մարտերը: Այդ պայ¬քա¬րի նվիրյալներից էր նաև Մեղրու հատվածի պատասխանատու, մեծ հայրենասեր Աշոտ Մելիք-Մուսյանը:

Հայոց պատմության լուսավոր էջերից է Զանգեզուրի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը թուրք-թաթար-բոլշևիկյան ոտնձգությունների դեմ: Զանգեզուրում կացությունը հատկապես ավելի է ծանրանում, երբ 1919 թ. ամռանը Նախիջևանի երկրամասում մնացած օսմանցի սպաների ու էմիսարների օժանդակությամբ տեղի թուրք-թաթարական տարրերին հաջողվում է ժամանակավորապես գրավել Շարուր-Նախիջևանը և փաստորեն օղակման մեջ առնել Զանգեզուրը: Վերջինիս պաշտպանությունը ստանում է ստրատեգիական նշանակություն, քանի որ այն բուն Հայաստանի և Արցախի միջև միակ կապող օղակն էր:

Այն բանից հետո, երբ 1920 թ. հուլիսի սկզբին Կարմիր բանակը գրավում է Գորիսը, Սիսիանը, Կապանը և պատրաստվում էր շարժվել դեպի Գենվազ (Արևիկ) և Մեղրի (Գողթան)՝ միանալու համար Օրդուբադ-Նախիջևանի թուրքական ուժերին, իսկ Դրոյի գլխավորած հայկական զորամասը, խուսափելով բոլշևիկների հետ առճակատումից, օգոստոսի սկզբներին Զանգեզուր-Սիսիանից նահանջում է Դարալագյազ, միայն Գ. Նժդեհը, անհավասար մարտեր մղելով Կապանի համար, իր փոքրաթիվ ուժերով բարձրանում է Խուստուփ լեռը` շարունակելու հերոսական պայքարը օտար նվաճողների դեմ:

Իսկ մինչ այդ հայ-բոլշևիկյան կռիվներին վերջ տալու և ավելորդ բարդություններից խուսափելու նպատակով, օգոստոսի 10-ին, Թիֆլիսում, Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Ա. Ջամալյանը Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանի հետ, ստորագրում է ժամանակավոր համաձայնագիր, ըստ որի՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը` իբրև վիճելի տարածքներ, ժամանակավորապես պիտի մնային խորհրդային ուժերի հսկողության տակ: Այդ համաձայնագրի վտանգն ու վնասն այն էր, որ Նախիջևանի վրայով արդեն անմիջական սահմանային կապ էր հաստատվում բոլշևիկների և թուրքերի միջև: Սակայն ՀՀ կնքած այդ աննպաստ ժամանակավոր համաձայնագիրը չի ճանաչում Զանգեզուրի ժողովուրդը` իր սիրելի հրամանատար Նժդեհի գլխավորությամբ: Եվ 1920 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Գ. Նժդեհը և նրա սիսիանցի քաջ զինակից Պողոս Տեր-Դավթյանը, ժողովրդի աջակցությամբ տանելով մի շարք փայլուն հաղթանակներ, լիովին ազատագրում են Կապանը, Սիսիանը և Գորիսը:

Այդպիսով, 1920 թ. աշնանը Գ. Նժդեհի կազմակերպած երկամյա ինքնապաշտպանական համառ կռիվների շնորհիվ Զանգեզուրը լիովին ազատագրվեց : 1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի համազանգեզուրյան առաջին համագումարում հռչակվում է Ինքնավար Սյունիքը, մինչև որ նպաստավոր պայմանները հնարավորություն կտային միանալու մայր Հայաստանին: Գ. Նժդեհը կարգվում է Ինքնավար Սյունիքի սպարապետ: 1921 թ. ապրիլի 26-ին Տաթևի վանքում գումարված համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը հռչակվում է Անկախ Լեռնահայաստան: Լեռնահայաստանի վարչապետ է ընտրվում սպարապետ Նժդեհը: Եվ միայն այն բանից հետո, երբ կայուն երաշխիքներ են տրվում Զանգեզուրը Խորհրդային Հայաստանին միացնելու վերաբերյալ, 1921թ. հուլիսի կեսերին գեներալ Գ. Նժդեհը փոքր զորախմբով անցնում է արտասահման (Իրան)` իր հետ տանելով անկախ Հայաստանի դրոշը:

Զանգեզուրի հերոսամարտի հաղթական փորձը լավագույն հաստատումն է այն գաղափարի, որ ազատությունը և անկախությունը չեն ստանում, այլ նվաճում են: Իմաստալի է այն միտքը, որ արյունով ձեռք բերած ազատությունն ու անկախությունը ավելի թանկ են, և դրանք պահպանելու ու հավերժելու ձգտումը՝ շատ ավելի մեծ:

Արարատ Հակոբյան
Հայաստանի Հանրապետությունը

Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան
պետությունների հետ 1918-1920 թթ.