Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի ձեռնարկածը ակնհայտորեն մարդկության դեմ կատարվող հանցագործության դրսևորում է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
Նա նշեց, որ անկախ նրանից՝ ով ինչ կարգավիճակ ունի, հիմա բոլորս պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք, որպեսզի միջազգային իրավական հարթությունում ևս ճիշտ ու պատշաճ հիմքեր ստեղծենք ցույց տալու համար, որ Ադրբեջանի սանձազերծած այս ագրեսիվ պատերազմը ուղղված է ոչ միայն հայ ժողովրդի, այլև պատմության դեմ։
«Մենք բոլորս ենք միջոցներ ձեռնարկում՝ մեր հնարավորություններն օգտագործելով, մեր գործընկերային կապերն օգտագործելով միջազգային տարբեր կառույցներում, որպեսզի որոշակի արդյունքների հասնենք։ Այս պահին շատ կարևոր է, որ Եվրոպական դատարանում քննարկվում է Ադրբեջանի նկատմամբ հրատապ հատուկ միջոցներ ձեռնարկելու հարցը, որպեսզի միջազգային իրավական մակարդակով պարտավորեցնեն դադարեցնել կրակը և հատկապես գրոհը և ռազմական գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ»,-ասաց Գևորգ Կոստանյանը։
Այս կապակցությամբ հիմա և՛ Եվրոպական դատարանում, և՛ Եվրոպայի խորհրդի ռուսաստանյան ներկայացուցչության իր գործընկերների հետ Գևորգ Կոստանյանը հանդիպումներ է կազմակերպել և վստահ է, որ լուրջ արդյունքներ են լինելու։
«Հաջորդ քայլը պետք է լինի Ադրբեջանի դեմ Հայաստանի՝ միջպետական հայցի ներկայացումը Եվրոպական դատարան, որը անժխտելի և հիմնական երաշխիք է իրավական հիմքերի ամրապնդման համար»,-նշեց նա։
Նա մանրամասնեց, որ հիմա խոսքը «Հայցի ապահովման միջոց» կիրառելու մասին է և մի քանի օրվա ընթացքում ՄԻԵԴ-ը պետք է որոշում կայացնի դա կիրառելու առնչությամբ, մինչև հայցի հիմնական քննությունը։
«Այստեղ հիմա առաջնահերթ մեր գործողություններն ուղղված են այս հատուկ միջոցի կիրառմանը, որպեսզի կասեցնի և պարտավորեցնի Ադրբեջանին կասեցնել ռազմական բոլոր գործողությունները մինչև հիմնական հայցի քննությունը»,-ասաց Գևորգ Կոստանյանը։
Նա ընդգծեց, որ հիմա մեր խնդիրն է՝ ճիշտ հիմքեր և հիմնավորումներ ներկայացնել Եվրոպայի Խորհրդին և, հատկապես, Եվրոպական դատարանի գործընկերներին, որպեսզի ճիշտ հենք նախապատրաստենք հիմնական հայցը հօգուտ Հայաստանի կայացնելու համար։
Աննա Բալյան