կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 11:33
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակակռիվ Ազգային ժողովում․ պատգամավորներն ըմբոստացել են դիմակ կրելու պահանջի դեմ

Դուք չեք կարող դուրս հրավիրել պատգամավորին դիմակ չկրելու համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ նախապես ճշտելով արդյո՞ք նա մտադիր է նիստերի դահլիճից դուրս հրավիրել դիմակ չկրող պատգամավորներին և ստանալով դրական պատասխան։

Մարուքյանն ասաց, որ դիմակը խանգարում է խոսել, այդ պատճառով պատգամավորը պետք է իր նախընտրությամբ որոշի՝ կրել կամ չկրել։ Իրավաբան-պատգամավորը հիմնավորեց, որ արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ վրա, հետևաբար ԱԺ նախագահը չի կարող դուրս հրավիրել պատգամավորին։

Արարատ Միրզոյանը հակադարձեց, որ անկախ իրավական ակտի՝ ԱԺ նկատմամբ կիրառելիության կամ չկիրառելիության՝ անվտանգության միջոցները վերաբերում են ՀՀ քաղաքացիներին, ոչ թե ԱԺ-ին, բացի այդ պատգամավորն օրինակ է ՀՀ քաղաքացիներին համար և ինքը հաշվի է առնում նաև բոլորի ընտանիքների հանդեպ պատասխանատվությունը և այլն։

«Ես ուզում եմ վերահաստատել, ես կիրառելո՛ւ եմ այդ միջոցները և ես խնդրում եմ կրել դիմակ ԱԺ դահլիճում, հակառակ դեպքում ես կիրառելու եմ, ով էլ չէ, Աստված իր հետ, ինչ ասեմ»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Մարուքյանը հիշեցրեց, որ առաջինն ինքն է հանդես եկել ԱԺ նիստերը սահմանափակելու առաջարկով՝ համավարակից խուսափելու նկատառումով, բայց այն ժամանակ իրեն չլսեցին։

Դիմակ կրելու դեմ արտահայտվեցին նաև ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը և Տիգրան Ուրիխանյանը։

ԱԺ նախագահը հայտարարեց նախազգուշացում դիմակ չկրող պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ։ Ուրիխանյանն ասաց, որ ինքը կրում է, հետևաբար նախազգուշացումը տարածվեց միայն Գևորգ Պետրոսյանի նկատմամբ։

Ի դեպ, Գևորգ Պետրոսյանի՝ դիմակ չկրելու հարցը քննարկվում է երեկվանից, երբ հանձնաժողովի նիստին մասնակցում էր առանց դիմակի։

Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Էդմոն Մարուքյանը հիշվելու է որպես դիմակ չկրելու դեմ պայքարող անձ։

Մանրամասն՝ տեսանյութում․