Առնվազն երկու մարդ է զոհվել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի փողոցներում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով:
Երկու օր առաջ, Եգիպտոսի ու Թունիսի օրինակներից ոգեշնչված, տեղի ընդդիմադիրները փողոց դուրս բերեցին քաղաքացիներին՝ ժողովրդավարական բարեփոխումների պահանջով: Ոստիկանությունը ցույցը ցրեց արցունքաբեր գազի օգնությամբ: Ոստիկանության հետ բախման հետեւանքով մի հոգի զոհվեց, մի քանիսը վնասվածքներ ստացան:
Զոհվածի թաղումը վերածվեց նոր ելույթների՝ նոր զոհերով: Սգո թափորը վերաճեց անվտանգության ուժերի հետ ընդհարումների. մի տղամարդ գնդակահարվեց:
Այսօր ազարավոր ցուցարարներ են հավաքվել Մանամայի գլխավոր հրապարակում: Քաղաքի կենտրոնում վրաններ են խփել: Նրանք պահանջում են արմատական քաղաքական բարեփոխումներ եւ խայթող ու ծաղրական արտահայտություններ են հնչեցնում շեյխերի հասցեին:
Ըմբոստ տրամադրություններն ուժգնանում են արաբական աշխարհի երկրներում: Հորդանանում բեդվինները շրջափակում են ավտոճանապարհները՝ պահանջելով վերադարձնել իրենց երբեմնի հողերը: Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչները հնարավորություն են փնտրում՝ միավորվելու ընդդիմադիր կուսակցության մեջ, որն ի զորու կլինի դիմակայել արեւմտամետ քաղաքականություն վարող թագավորական ընտանիքին: Հակակառավարական ելույթները չեն դադարում նաեւ Եմենում. նախօրեին Սանում տեղի են ունեցել բախումներ նախագահ Ալի Աբդալահ Սալահի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: