Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քասաղ գետի հովտի Թուխ Մանուկ անունը կրող մատուռներից ևս մեկը, որը գտնվում է Արագածոտնի Վարդենիս գյուղում Լուսաղբյուր ջրի պաշտամունքի կենտրոնից մի քանի ոտնաչափ հեռավորության վրա:
Այս մատուռը գերդաստանային պատկանելություն չունի, ճիշտ է ներկայիս փոքրիկ կառույցը կառուցել է արմատներով մշեցի Մանուկյանների ընտանիքը, բայց այս մատուռի տարածքի իրադարձությունները թվագրվում են դեռևս 12-13-րդ դարերով:
13-րդ դարի հայ մատենագիր Կիրակոս Գանձակեցին նշում է, որ Արագածոտն գավառի Վարդենիս գյուղը եղել է գավառի տիրակալ` Արարատյան կուսակալության փոխարքա Քուրդ առաջին Վաչուտյանի իշխանության կենտրոնը, մեջբերենք մատենագրի խոսքերը.
Արագածու հանդեպ լերինն Արայի ի գիւղն, որ կոչի Վարդենիս, ի տանն իշխանին զոր Քուրդ անուանէին հայ ազգաւ, կրոնիւք քրիստոնեայ:
Իր պատմության մեկ այլ հատվածում Գանձակեցին նշում է, որ 1254 թվականին Կարակորում մեկնող Կիլիկիայի հայոց Հեթում առաջին արքան Վարդենիս գյուղում հյուրընկալվել է Քուրդ իշխանին.
Իսկ թագաւորին բարեպաշտ Հեթում եկեա ի տուն իշխանին Քրթին ի գիւղն Վարդենիս ուր թողեալ էր զախ յուր և զկարասի և մնայր գալստյան Բարսղի քահանայի զոր յուղարկեալ առ Բաթոյն վերստին զի ցուցե նմա զգիրս և զհրաման Մանկու Ղանին:
Զի և նա ընդ նմին օրինակի գրեսցե հրամանս:
Պատմական որոշ հետազոտողներ եկել են այն եզրակացության, որ Քուրդ Վաչուտյանի նստավայրը հենց այս մատուռի և նրա հարակից տարածքում է եղել: Հետազոտողները նման եզրահանգման են եկել հաշվի առնելով մատուռի շուրջը և նրա հարակից տարածքներում գտնվող 12-13-րդ դարերով թվագրվող բնակելի շինությունների մնացորդները: 2-րդ. 3-րդ և 4-րդ նկարները ներկայացնում են այդ շինությունների հետքերը: Նույն հետազոտողները պնդում են, որ տարածքում Վաչուտյանները եկեղեցի են կառուցել, որի մնացորդները պահպանվել են մինչև 19-րդ դարի սկզբները:
Նկար 2
Նկար 3
Նկար 4
Նկար 5
5-րդ նկարում երևացող այս հսկայական քարաբեկորը գտնվում է մատուռի ներսում, տեղացիների և հետազոտողների պնդմամբ այն եղել է տեղի եկեղեցու հիմնաքարերից մեկը, և բոլոր ժամանակներում հանդիսացել է սրբատեղի: Հավատացյալները միշտ ուխտի են եկել հենց այդ քարի մոտ մոմավառություն կատարել և աղոթք հղել առ աստված: 19-րդ դարի սկզբում Մուշից գաղթած Մանուկյանների ընտանիքը միակն էր, որ հաստատվեց Վարդենիս գյուղում: Նրանք իրենց տունը կառուցեցին հենց սրբավայրին կից տարածքում, իսկ Խորհրդային տարիներին, երբ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին խոնարհվել էր, իսկ հավատացյալների հոսքը դեպի այս սրբավայր շատացել, Մնացական Մանուկյանը իր երազում տեսել և զգացել է այս քարի հրաշագործ ուժը, որից հետո, որոշել է կառուցել ներկայիս մատուռը, այդ գործում նրան մեծապես օգնել է իր կինը` Հայաստան Մանուկյանը (օրիորդական ազգանունը Համբարձումյան): Մատուռը կառուցված է կարմիր տուֆից, որը այդ տարիներին գյուղում հազվադեպ հանդիպող երևույթ էր: Մնացական Մանուկյանի դստեր` Գայանեի հավաստմամբ մատուռի կառուցման համար օգտագործված քարերը հայրը հատուկ մատուռը կառուցելու համար եզներով բերել է Արթիկ քաղաքից:
Այս մատուռի զորության մասին գյուղի տարեց կանայք բազում պատմություններ են պատմում: Հատկապես շեշտվում է նորածին ժամանակ առողջական խնդիրներ ունեցող բազում մանուկներ բուժվել են միայն այն բանից հետո, երբ ծնողները նրանց բերել են Թուխ Մանուկ մատուռ և իհարկե դրանից հետո նրանք այս մատուռ այցելությունը դարձրել են պարտադիր երևույթ:
Հաջորդ լուսանկարները ներկայացնում են մատուռը ներսից և դրսից.
Օգտագործված աղբյուրներ
Կիրակոս Գանձակեցի «Պատմություն հայոց», էջ 351, Թիֆլիս 1909 թ.
Կիրակոս Գանձակեցի «Պատմություն հայոց», էջ 355, Թիֆլիս 1909 թ.
Մհեր Համբարձումյան
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի պատմության ուսուցիչ