կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 20:32
Հասարակություն

Շիրակի մարզի Հոռոմ գյուղի Թուխ Մանուկ մատուռը

Շիրակի մարզի Հոռոմ գյուղի Թուխ Մանուկ մատուռը

Հոռոմ գյուղը հանդիսանում է  Շիրակի մարզի խոշոր բնակավայրերից մեկը: Հնուց ի վեր գյուղի տարածքում պահպանվել են մի քանի պատմամաշկույթային կոթողներ: Դրանցից են Կիկլոպյան ժամանակաշրջանով թվագրվող Արծնաբերդ ամրոցը. 19-րդ դարի Սուրբ Հիփսիմե և Սուրբ Աստվածածին եկեղեցիները ինչպես նաև 12-13-րդ դարերով թվագրվող Սուրբ Թուխ Մանուկ մատուռը:

Ըստ ավանդույթի Մանուկ անունով տղա է եղել։ Նա շատ աստվածավախ ու մաքուր կյանքով է ապրել ու միշտ նրան ջահելները նեղացրել են մեկուսանալու համար։ Սևուկ մաշկ ունենալու համար անվանել են Թուխ Մանուկ։ Հետո, երբ մահացել է թաղել են առանձին մեկուսի վայրում ու վրան մատուռ կառուցել։ Մատուռը հետագայում դառնում է ուխտատեղի Հոռոմցիների համար:

Ըստ տեղական ավանդազրույցների կույր և անդամալույծ մարդիկ գնացել են ուխտի և իրեց ուխտը կատարվել է։ Հրաշք է տեղի ունեցել և սկսել են տեսնել և քայլել։

Մատուռում հաճախակի են կատարվել հայկական ավանդական մատաղի արարողությունը: Մեծ մասամբ մատաղն անում են երեկոյան։ Մատաղ են անում աքլոր, գառ, հատուկ առիթներով ` ուլ, բաժանում են հնարավորինս շատ տներ։ Բաժանում են ինչպես հում, այնպես էլ եփած վիճակում։ Հետաքրքրական է, որ եփած վիճակում մատաղի միսը  հիմնականում բաժանվում էր լավաշի մեջ փաթաթված:

Թուխ Մանուկի օրերն են երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, այցելում են ցանկացած ժամի։ Գալիս են անկախ սեռից ու տարիքից։ Մատաղ անում են հիմնականում շաբաթ օրերին։

Հոռոմի Թուխ Մանուկի անվան հետ են կապում նաև եղանակային անոմալիաների դեմ պայքարը: Հատկապես խիստ երաշտ տարիների մարդիկ զանգվածաբար ուխտի են գնում Թուխ Մանուկ զոհաբերություն կատարում մոմ վառում և խնդրում, որ Թուխ Մանուկն իրենց զորավիգ լինի: Հետաքրքրական է, որ դրանից հետո ծայրահեղ եղանակային պայմանները երբեմն կտրուկ փոխվել են դեպի լավը:

Թուխ Մանուկ գնում են, սուրբ Զատկի առավոտյան։ Մեռելոցներին գնում են գերեզմաններ, հետո` պարտադիր կերպով Թուխ  Մանուկ։ Գալիս են նաև հեռու տեղերից նախկին գյուղացիները, օտարները` երազի նշանով: Երազում սուրբը հայտնում է, որ  պետք է գնան այսինչ տեղը և ուխտավորները գալիս են իրենց հավատքի ուժով։

Թուխ մանուկին երբեմն քառատողեր են ձոնվում.

Ով սուրբ Ավետարան Թուխ Մանուկ,

Ծառա եմ քեզ և ստրուկ,

Ունիմ կարիք, ցավեր հատուկ,

Հրաման փրկելու շնորհե կտրուկ:

 

Եկել եմ մոտդ ուխտելու,

Խորունկ ցավերս լալու

 Ձիրք շնորհե զիս փրկելու,

Մեղաց ուխտես ազատելու: 

Մհեր Համբարձումյան