կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 11:27
Մշակույթ

Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 96-ամյակը

Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 96-ամյակը

Ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրն այսօր՝ մայիսի 22-ին, կդառնար 96 տարեկան։

Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, նույն ինքը՝ Շառլ Ազնավուրը ծնվել է  1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ 

Ազնավուրի հայրը` Միքայել (Միշա) Ազնավուրյանը ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին Իզմիրում (Թուրքիա) հայ վաճառականների ընտանիքում, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)

Ազնավուրն իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն (Իս Քու Ղիմէթըն Չիմ Գիտի), նեապոլիտաներեն (Napule amica mia): Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։

Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է, որը ըստ Ստեֆան Օլդենի «ֆրանսիական փոփ երաժշտության արքան» է։

Չմոռանալով ֆրանսիական մշակույթը նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։

2008 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն և 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թվականին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ. դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով երաժշտական հարուստ ժառանգություն:

Ամեն տարի շանսոնյեի ծննդյան կապակցությամբ Հայաստանում Ազնավուրի արվեստը արժևորող միջոցառումներ են կազմակերպվում՝ համերգներ, ցուցահանդեսներ և այլն:

Կորոնավիրուսի տարածման պատճառով այս տարի նախաձեռնություններն օնլայն հարթակում կանցկացվեն:

«Ազնավուր» հիմնադրամը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում մայիսի 22-ին Ազնավուրի տարեդարձը կնշի վիրտուալ տոնակատարություն-համերգով, որի ընթացքում տարբեր սերունդների արտիստներ կկատարեն Շառլ Ազնավուրի երգերը։

TM Production-ը, որն ամեն տարի Ազնավուրին նվիրված բացօթյա համերգային ծրագիր էր կազմակերպում մեծ հայի անունը կրող հրապարակում, այս տարի առաջարկում է մայիսի 22-ին միանալ #ՔաղաքըԱզնավուրէԼսում ֆլեշմոբին` հնչեցնելով աշխարհահռչակ շանսոնյեի կատարումները սրճարաններում, մեքենաներում, պատշգամբներում և այլուր, միասին ունկնդրել հայազգի լեգենդ Շառլ Ազնավուրի երգերը` վերածելով նրա ծննդյան օրը համազգային տոնակատարության: