Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսային ճգնաժամ Մեծ Բրիտանիայում դարձյալ բորբոքել է երկրի ամենակատաղի քաղաքական բանավեճերից մեկը` Միացյալ Թագավորությունը կարո՞ղ է գոյություն ունենալ որպես չորս երկրի փաստացի միասնություն. Ըստ yerkir.am-ի` իր ռեպորտաժում հարց է բարձրացնում ամերիկյան CNN հեռուստաալիքը:
Մայիսի 10-ի երեկոյան վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել էր Միացյալ Թագավորության` Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացիներին` հայտնելով Covid-19 կորոնավիրուսի պատճառով հայտարարված համազգային կարանտինից փուլերով դուրս գալու ծրագրի մասին: Վարչապետի ելույթից անմիջապես հետո քաղաքական գործիչների ու տեղական ԶԼՄ-ների կողմից քննադատական արձագանքներ եղան, ըստ որոնց` Ջոնսոնի ելույթում անորոշություններ կային` նրա ասածները վերաբերում էին միայն Անգլիայի՞ն, թե՞ թագավորության բոլոր քաղաքական սուբյեկտներին:
Ջոնսոնը կոչ էր արել միլիոնավոր մարդկանց` վերադառնալ աշխատանքի, և ընդհանուր գծերով պատմել էր, որ դպրոցներն ու խանութները մոտակա ամիսներին կարող են բացվել: Նա նաև հայտարարել էր «կարանտինային արշավի» գլխավոր կարգախոսի փոփոխության մասին` «Մնա տանը, պաշտպանիր առողջապահության ազգային համակարգը, փրկիր կյանքեր»-ի փոխարեն ավելի երկիմաստ` «Զգույշ եղիր, վերահսկիր վիրուսը, փրկիր կյանքեր»:
Սակայն մինչ Ջոնսոնի ելույթը եթեր կհեռարձակվեր, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլ Ստյորջենը սեփական ուղերձով էր դիմել քաղաքացիներին: Ընդ որում, ըստ CNN-ի, նա բացահայտել է ոչ հաճելի իրականությունը` բրիտանացի վարչապետը գործնականում իշխանություն չունի Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում բնակվող մարդկանց վրա: Չունի իշխանություն այն հարցերում, որոնք վերաբերում են մասնավորապես, առողջապահության և կրթության ոլորտներին:
«Մոտ 20 տարի Մեծ Բրիտանիայի կառավարությունը իրապես համարվում էր Անգլիայի կառավարություն միայն քաղաքականության համընդհանուր ոլորտներում»,- CNN-ին ասել է Սաութհեմփթոնի համալսարանի աշխատանքային հարաբերությունների ոլորտի պրոֆեսոր, նախկին պատգամավոր Ջոն Դենհեմը: «Քաղաքականության համընդհանուր ոլորտներ» ասելով` նկատի ունի արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը և այլ ոլորտներ, որոնք բացառապես Լոնդոնի ենթակայության տակ են:
1990-ականների վերջից Միացյալ Թագավորության կենտրոնական կառավարությունը զգալի իշխանություն է փոխանցել Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիր մարմիններին, ինչը հնարավորություն է տվել տեղական կառավարություններին ներքին քաղաքականություն որոշել, այդ թվում ` առողջապական և կրթական: Այդ պատճառով տարօրինակ չէ, որ շոտլանդական կառավարության ղեկավարը տարակուսել է, երբ Ջոնսոնը հայտարարել է դպրոցների բացման մասին:
Դաունինգ սթրիթ 10-ի աղբյուրները CNN-ին հայտնել են, որ ինքը` Ջոնսոնը, կիրակնօրյա ելույթում հիանալի հասկանում էր, որ իր խոսքերը շփոթեցուցիչ են:
«Տեսանկարահանումները (Ջոնսոնի ելույթի) իսկական մղձավանջ էին: Նա կանգ էր առնում և սկզբից սկսում, խնդրում էր փոխել տեքստը, դժգոհում էր երկար նախադասություներից` ասելով, որ շատ բարդ են»,- CNN-ին պատմել է աղբյուրը` իր անունը չնշելու պայմանով:
Վերջին տվյալների համաձայն` Մեծ Բրիտանիայում մոտ 230 հազար վարակակիր կա, 33 186 պացիենտ մահացել է: