Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոնդոնում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը։
Այս ռազմավարական երկխոսությունը մեկնարկը հնարավորություն էր արձանագրելու մեր երկու ժողովրդավարական երկրների միջև ամուր համագործակցությունն ու բարեկամությունը: Ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ազատություններին առնչվող սպառնալիքների համընդանուր աճի պայմաններում մենք ձգտում ենք պաշտպանել մեր քաղաքացիներին՝ միասին աշխատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այժմ առավել, քան երբևէ կարևոր է ոչ միայն առևտրի և կայունության ամրապնդումը, այլև մեր ընդհանուր առանցքային արժեքների պաշտպանությունը: Մենք վերահաստատել ենք առաջիկա տարիների ընթացքում մեր գործընկերությունը զարգացնելու ձգտումը:
Երկխոսության ընթացքում նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաշխարհային և տարածաշրջանային մի շարք հարցերը, ինչպես նաև այն ուղիները, որոնցով Հայաստանը և Միացյալ Թագավորությունը կարող են միասին աշխատել ապագայում: Դրանք ներառում են՝
Կառավարման և օրենքի գերակայության ոլորտը, որտեղ Միացյալ Թագավորությանը աջակցում է Հայաստանում հանրային ծառայությունների թվայնացմանը և արդիականացմանը, ոստիկանական ուժերում գենդերային հավասարության բարելավմանը, և շուտով կսկսի աշխատել Հայաստանի սահմանների կառավարման կարողությունների աջակցությունը՝ ուղղված անվտանգության և միգրացիայի հարցերի լուծմանը:
Հայաստան-ՄԹ համագործակցություն պաշտպանության ոլորտում, որը շարունակում է ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ զինված ուժերի, պաշտպանության նախարարության և ոստիկանության (ՆԳՆ) աշխատակիցների թիվը, ՄԹ ավագ և կրտսեր հրամանատարական կազմի ղեկավարության և առաջնորդության դասընթացները, ինչպես նաև բազմազգ խաղաղապահ և ականազերծման փաթեթները: Երկու կողմերն ակնկալում են այս ամսվա վերջին իրականացնել Հայաստան-ՄԹ գլխավոր շտաբերի միջև բանակցությունների վեցերորդ փուլը:
Առևտրատնտեսական կապերի ոլորտը, մասնավորապես վերջերս Լոնդոնում կայացած Հայաստան-ՄԹ գործարար համաժողովը, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և գործարարության և առևտրի հարցերով պետնախարար Կոմս Մինտոն ողջունեցին հայ և բրիտանացի գործարարներին՝ քննարկելու մեր երկրների միջև առևտրային և ներդրումային հնարավորությունների լայն շրջանակը:
Նախարարները համակարծիք են Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմաններրի անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտության, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա հիմնված՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում:
Եվրոպայի հարցերով նախարարն ընդգծել է երկարատև հակամարտությունից տուժածներին աջակցելու Միացյալ Թագավորության հանձնառությունը, այդ թվում սեպտեմբերին հայտարարված՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման միջոցով:
Եվ վերջում, երկու կողմերն ակնկալում են ամրապնդել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն այս ռազմավարական երկխոսության մեկնարկի շրջանակներից դուրս, ներառյալ Եվրոպայի հարցերով նախարարի՝ Հայաստան առաջիկա այցի և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) միջոցով, որը միասնաբար հույս ունենք կյանքի կոչել առաջիկա ամիսներին»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։