կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 00:38
Հասարակություն

Արևմտյան Հայաստանից 105 տարում 17 միլիարդ դոլարի օգտակար հանածոներ է արդյունահանել Թուրքիան․ պահանջատիրական թղթածրարի երկրաբանական բաղադրիչը

Արևմտյան Հայաստանից 105 տարում 17 միլիարդ դոլարի օգտակար հանածոներ է արդյունահանել Թուրքիան․ պահանջատիրական թղթածրարի երկրաբանական բաղադրիչը

Ցեղասպանության իրագործումից հետո մինչև մեր օրերը՝ 105 տարում, Թուրքիա պետությունը Արևմտյան Հայաստանի տարածքից արդեն իսկ արդյունահանել է ներկայիս գներով մոտ 16-17 միլիարդ դոլար արժողությամբ տարաբնույթ օգտակար հանածոներ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց երկրաբանական գիտությունների թեկնածու, Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի (МАНЭБ) հայկական բաժանմունքի նախագահ Հայկ Մելիք-Ադամյանը։

Նա հաշվարկել է Ցեղասպանության հետևանքով ինչպես Արևմտյան Հայաստանի տարածքում, այնպես էլ Վիլսոնյան Հայաստանի տարածքում եղած հանքահումքային ռեսուրսների կորստից հայ ժողովրդի կրած վնասն ու Թուրքիա պետության շահույթը։

Այս խառը ժամանակներում, երբ իշխանական ամենաբարձր մակարդակից խոսակցություններ են հնչում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին հայ ժողովրդի ընդունած Հռչակագրով սահմանված՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսից «պահանջում եմ» արտահայտությունը հանելու մասին, Yerkir.am-ը ներկայացնում է հայ ժողովրդի պահանջատիրական թղթածրարի տարբեր ասպեկտները՝ իրավական, քաղաքական, տնտեսական, մարդաբանական, երկրաբանական և այլն։ Այս հաշվարկները տարբեր ոլորտների մասնագետները կատարել են հենց 100-ամյակի Հռչակագիրն ընդունելուց հետո պետականորեն պատվիրված պահանջատիրական թղթածրարը պատրաստելու համար։ Այն արդեն պատրաստ է և դրված պատասխանատուների սեղանին՝ «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» հետազոտության տեսքով։

Մասնագետները առանձին ուսումնասիրել են նաև Վիլսոնյան Հայաստանի տարածքը, որն Արևմտյան Հայաստանի տարածքի մի մասն է և, ըստ որոշ կարծիքների, այդ տարածքի վրա հայերի իրավական հավակնություններն ավելի մեծ են։

Այսպիսով, հանրագումարը հետևյալն է․ Ցեղասպանության իրագործումից հետո մինչև մեր օրերը նույնիսկ ոչ լիարժեք՝ թերի տվյալներով Թուրքիա պետությունը Արևմտյան Հայաստանի տարածքից արդյունահանել է 16-17 միլիարդ դոլարի օգտակար հանածոներ, իսկ Վիլսոնյան Հայաստանի տարածքից՝ 5 միլիարդ դոլարի։

Այն, ինչ արդյունահանված չէ, բայց առկա է՝ 2018 թ-ի դեկտեմբերի տվյալով, 310 միլիարդ դոլարի հաստատված պաշարներով օգտակար հանածոներ են, որոնցից առնվազն 227 միլիարդ դոլարի հանածոները կենտրոնացած են Վիլսոնյան Հայաստանի տարածքում։

Ընդ որում, հաշվարկված են ոչ բոլոր օգտակար հանածոները, այլ ընդամենը 9-ը․ պեռլիտները, պեմզաները, քարաղը, գորշ ածուխը, բարիտը, ոսկին, արծաթը, պղինձը, ցինկը, քրոմիտը և ուրանը։

Ուրանից դեռևս չի արդյունահանվել, բայց առկա է և հաշվարկված։

Հայկ Մելիք-Ադամյանն ասաց, որ Վիլսոնյան Հայաստանի տարածքում առկա 227 միլիարդ դոլարի հանածոների որոշակի մասը, օրինակ, պեռլիտները, կենտրոնացած են Հայաստանի Առաջին Հանրապետության այն տարածքներում, որոնք կորցրինք՝ Կարսի մարզում, Սարիղամիշում և այլն։

«Այսինքն, եթե Առաջին Հանրապետությունը լիներ, մենք կունենայինք հսկայական քանակությամբ պեռլիտներ։ Թուրքիայի ամբողջ տարածքի պեռլիտների 34 տոկոսը Հայաստանի Առաջին Հանրապետության այդ տարածքներում են՝ մի հանքավայրում։ Երկու հաստատված պաշարները մոտ 2 միլիարդ տոննա են»,-ասաց երկրաբանը։

Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում, որը Վիլսոնյան Հայաստանից դուրս է, տեղակայված է 1940-50-ական թվականներին Թուրքիայի ամենամեծ հանքահումքային ռեսուրսը՝  քրոմիտների հանքավայրը՝ նշեց Հայկ Մելիք-Ադամյանը։ Խարբերդի նահանգում մինչև Ցեղասպանությունը բնակվում էր 200 հազար հայ։

«Այդ ժամանակ քրոմիտների հանքավայրերը հայտնի չէին․ Խարբերդի մոտ՝ Գուլեյմանի հանքավայրը, բացահայտվել է 1936 թ-ին։ Ստացվում է, որ ճակատագրի դառը հեգնանքով հենց Եղեռնից 15-20 տարի հետո բացահայտվում են այդ քրոմիտները և առայսօր միայն այդ նահանգից 13 միլիարդ դոլարի քրոմիտ և ֆերոքրոմ է արտահանված միայն մի հանքավայրից։ Ամենակարևորն այն է, որ այդ քրոմիտների համար մեծ պայքար էր գնում Անգլիայի և Գերմանիայի միջև և ֆաշիստական Գերմանիան ստիպում էր, որ այդ քրոմիտները Թուրքիան վաճառահանի Գերմանիային, որտեղ այդ քրոմիտների օգնությամբ մետաղաձուլարաններում թնդանոթներ էին ձուլվում՝ հավելյալ հումք էին։ Փաստորեն, Արևմտյան Հայաստանի տարածքից արդյունահանված քրոմիտների միջոցով ստացված զենքով ֆաշիստական Գերմանիան կռվում էր Սովետական Միության դեմ»,-մանրամասնեց Հայկ Մելիք-Ադամյանը։

Բացի այս հաստատված պաշարներից կան նաև կանխատեսումային պաշարներ, որոնք 2-3 անգամ ավելի մեծ են լինում սովորաբար՝ ասաց նա։

Փաստորեն, կլորացված հաշվարկով՝ ամենաքիչը 230 միլիարդ դոլարի հարստություն հանքահումքային ռեսուրսների տեսքով կենտրոնացված է Վիլսոնյան Հայաստանի տարածքում և եթե այդ հանքավայրերը շահագործվեն, ակնկալվող զուտ շահույթը՝ հարկերը, տուրքերը հանած, որը շատ քիչ է հաշվարկված՝ 8 տոկոս, 22-23 միլիարդ դոլար կստացվի՝ նշեց երկրաբանը։

Այս ամենը իմանալով՝ պահանջատիրական բաղադրիչից հրաժարվելը նա անթույլատրելի է համարում։ Իր և գործընկերների հետազոտությունը՝ «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» աշխատությունը, նրա համոզմամբ, պետք է ներառվի մեր պահանջատիրության գործընթաց։

Ընդ որում, նա սխալ է համարում «փոխհատուցում» եզրույթը, քանի որ փոխարենը տալու որևէ բան չունի հայ ժողովուրդը, ուղղակի «հատուցում» պետք է լինի՝ տարածքային պահանջից  բացի։

Հատուցուման տարբեր ձևեր կարող են լինել՝ նշեց երկրաբանը, օրինակ, Տրապիզոնում՝ Արդվին քաղաքի մոտ, կա արծաթի, ոսկու, պղնձի խոշորագույն մի հանքավայր․ այնքան մեծ է, որ միայն 4 միլիարդ դոլարի ցինկ է պարունակում, էլ չասած՝ արծաթի, ոսկու մասին։ Հայկ Մելիք-Ադամյանի խոսքով՝ Թուրքիա պետությունը եթե խելքի գա և դառնա դեմոկրատական երկիր՝ Գերմանիայի նման, կարող է հայկական կոնցեսիոն ընկերություններից որևէ մեկին 50 տարով արտոնություն տալ այդ հանքավայրը շահագործելու՝ առանց հարկերի ու տուրքերի․ դա հատուցման ձևերից մեկը կարող է լինել։

Հարցը պետք է ավելի լայն բարձրացնել՝ ասաց երկրաբանը, Ցեղասպանության հետևանքով ինչպես Արևմտյան Հայաստանի տարածքում, այնպես էլ Վիլսոնյան Հայաստանի տարածքում հանքահումքային ռեսուրսները բնական հարստությունների միայն մի մասն են կազմում, այստեղ չեն ներառվել այլ բնական հարստություններ՝ անտառներ, ջրեր, գետերի վրա կառուցված էլեկտրակայաններ, քամու ուժի՝ հողմակայանների հզորություններ, ինչպես նաև այդ տարածքի շահագործումից ստացված էկոզբոսաշրջային բնույթի շահույթները։

«Սա բնական համալիրի մի մասն է միայն, իսկ եթե վերցնենք, թե ինչ բնություն ենք կորցրել և այդ բնության շահագործումից ինչ կորուստներ ունենք, այդ թվերը մի քանի անգամ ավելի մեծ կարող են լինել»,-ասաց նա։

Այս կորուստը թվերով կարելի է հաշվել, բայց դա աշխատանք է, որը դեռ արված չէ։

«Սա նոր մոտեցում է, ես կարող եմ այս տիպի հաշվարկներ էլ անել որպես բնագետ, բայց սա բարդ բան է և լավ կլինի, որ ծրագիր լինի պետական կամ մասնավոր աջակցությամբ, որ այդ նյութերը հնարավոր լինի հավաքել և ծրագրային տեսքով ներկայացնել։  Իսկ ավելի լավ կլինի, որ այդ ծրագրով զբաղվեն մի խումբ բնագետներ, ոչ թե միայն ես»,-ասաց Հայկ Մելիք-Ադամյանը։

Աննա Բալյան