կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 18:45
Իրավական

Վարդենիսի բնակիչը ապօրինի կերպով ոսկի պարունակող զանգված է արդյունահանել

Վարդենիսի բնակիչը ապօրինի կերպով ոսկի պարունակող զանգված է արդյունահանել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, առանց համապատասխան թույլտվության Շախկուլի գետի հովտում կատարված ապօրինի արդյունահանման դեպքի հանգամանքները. պետությանը պատճառված վնասը գնահատվել է 327 մլն 517 հազար 320 ՀՀ դրամ։ 

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Վարդենիսի բնակչի կողմից 2017 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին ապօրինի արդյունահանում է իրականացվել համայնքային սեփականություն հանդիսացող Շախկուլի գետի հովտում։ Նշված աշխատանքների ժամանակ օգտագործվել են տեխնիկական մի շարք միջոցներ, ներգրավվել նաև այլ անձինք, ովքեր նախապես տեղեկացված չեն եղել արդյունահանման անօրինական լինելու մասին։

1.1 կիլոմետր երկայնքով իրականացվել են 68.2 հազար խորանարդ մետր լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ, որից ցրոնային ոսկի պարունակող լեռնային զանգվածը կազմել է 28.2 հազար խորանարդ մետր, իսկ ոսկին՝ 18.46 կիլոգրամ:

Արդյունքում՝ ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շրջակա միջավայրին հասցվել է էական վնաս, ինչի հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասը, ըստ փորձագիտական եզրակացության, կազմել է 327.517.320 ՀՀ դրամ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վարդենիսի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: