կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 23:11
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սփյուռքի 105 տարվա պահանջատիրական գործունեությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներսից պայթեցվում է․ Նարեկ Մալյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրենը՝ Հարություն Մարությանը, որն այդ պաշտոնն ստանձնել է իշխանափոխությունից հետո, փորձում է թանգարանի ֆոնդը հնարավորինս հասանելի ու բաց դարձնել թուրքերի համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Այս նպատակով Հարություն Մարությանը թանգարան-ինստիտուտի 96 հազար ցուցանմուշից 36 հազարի կարգավիճակը փոխում է․ գրանտային ծրագրով հանում է ցուցանմուշի կարգավիճակից և տեղափոխում  գրադարան։

«Դրանք տարբեր տարիներին տարբեր մարդկանց կողմից նվիրաբերված ցուցանմուշներ են, որոնք հենց հանդիսանում են այդ թանգարանը․ թանգարանը շենքը չէ, թանգարանը ցուցանմուշներն են»,-արձանագրեց Մալյանը՝ վտանգավոր համարելով ֆոնդերի վերակազմավորումը և թուրքերի համար հասանելի դարձնելը։

Իսկ հասանելի դառնում են այլ մեխանիզմով․ Թուրքիա պետությունը վճարելու է թուրք մասնագետների, որպեսզի մշտական ներկայություն ունենան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում․․․ և սա հենց թանգարանի ներկայիս տնօրենի խնդրանքով։

Բանն այն է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը՝ Հարություն Մարությանը, մեկնել է Թուրքիա և այնտեղ խայտառակ ելույթ ունեցել՝ բողոքելով թանգարանի սուղ միջոցներից։

«Պատկերացնո՞ւմ եք, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Թուրքիայում բողոքում է Ցեղասպանության թանգարանի սուղ միջոցներից։ Որից հետո թուրքական իշխանությունները առաջարկ են անում Հարություն Մարությանին, որպես օգնություն, պատկերացնո՞ւմ եք՝ թուրքերը օգնություն են առաջարկում Հարություն Մարությանին, որպեսզի Ցեղասպանության թանգարանի աշխատանքում  ներգրավվեն թուրք գիտաշխատողներ․ խոսքը մշտական ներկայության մասին է Հայաստանում, որոնց կվճարի Թուրքիա պետությունը»,-մտահոգություն հայտնեց Նարեկ Մալյանը։

Այս գործընթացի վտանգները, նրա համոզմամբ, բազմաթիվ են․ «Ես ծանոթ եմ 2014 թ-ի քրեական գործի, որ հայի ձեռքով Հայաստանի ազգային գրադարանից և ԵՊՀ փակ գրադարանային ֆոնդից, որտեղ 9-10-րդ դարերի գրքեր կան, տեղի էր ունեցել գրքերի գողություն, որի պատվիրատուն, պարզվեց, թուրք էր։ Այսինքն, այդ մարդը գողանում էր, տանում էր, Վրաստանում հանձնում թուրքի, այդ թուրքը վերցնում, տանում էր։ Հիմա ձեզ հարց եմ տալիս՝ թուրքի ինչի՞ն է պետք մտնի հայկական արխիվներ և այնտեղից հնարավորություն ունենա այդ կեղտոտ արյունոտ ճանկերը մտցնել հայկական արխիվներն ու հայկական գրադարանները։ Ինչի՞ն է պետք դա»։

Նարեկ Մալյանը սա, որպես քաղաքական հարց, անընդհատ բարձրացնելու է առաջին հերթին հայկական Սփյուռքի առջև, որը հենց գոյացել է Ցեղասպանության հետևանքով։ Նա հայտարարեց, որ Սփյուռքի ամբողջ հայությունը պետք է անուն առ անուն իմանա բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են ծառայելու Թուրքիայի շահերին և պատրաստակամություն են հայտնում Թուրքիայի վզից հանելու այն օղակը, որը կոչվում է «հայկական պահանջատիրություն»։

Իսկ այդ մարդկանց անունները, նրա համոզմամբ, սկսվում են հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանից, որը կոնկրետ աշխատել է Ջորջ Սորոսի գրասենյակում և տարիներ շարունակ հսկայական գումարներ ստացել նրանից ապազգային տարբեր ծրագրեր իրականացնելու համար։

Այդ գումարներից ստացել է նաև Հրանուշ Խառատյանը, որը Հարություն Մարությանի հետ համահիմնադրել է «Հազարաշեն» հկ-ն և դրա միջոցով էլ ստացել գրանտները։

Նույն աղբյուրից է սնվում Հրանուշ Խառատյանի որդին՝ Արսեն Խառատյանը, որը Սորոսի փողերով Վրաստանում բացել է հայկական «Ալիք» լրատվամիջոցը։

Հրանուշ Խառատյանի դուստրը՝ Լուսինե Խառատյանը, ևս շատ սերտ համագործակցություն ունի Սորոսի հիմնադրամի հետ։

Իսկ Հարություն Մարությանի դուստրը՝ Արփենիկ Մարությանը, որը Երևանի ավագանու անդամ է և քաղաքաշինության հանձնաժողվի անդամ, աչքի ընկավ ակտիվ լոբբինգով, որպեսզի Երևանում տեղադրվի թուրք ժողովրդի մեծ բարեկամ Մահաթմա Գանդիի արձանը և Ցեղասպանության հիշատակի օրվանից 4 օր հետո՝ ապրիլի 28-ին, այդ որոշումն ընդունվեց։

Նարեկ Մալյանը բացահայտում է հայոց պահանջատիրության հարցը վաճառքի հանած գործակալական այս ցանցը և նշում նրանց կոնկերտ գործողությունները։

Օլիգարխ Ջորջ Սորոսը մարտին հրապարակավ հայտարարեց և հրահանգեց աջակցել Էրդողանին և Թուրքիային։ Նա այս այս կոչը ուղղեց նաև իր գործակալական ցանցին։

«Գործակալական ցանցը այս կոչին շատ վաղուց էր նախապատրաստվում․ դեռ 2 տարի առաջ, երբ Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնում և ղեկավար կազմում եղան փոփոխություններ, տնօրեն Հարություն Մարությանը առաջին անգամ մեկնեց Թուրքիա, ելույթ ունեցավ, որը հրապարակված է, և ասաց, որ ինքը չի հանդիսանում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետ։ Այսինքն, ըստ էության, Ցեղասպանության թանգարանի տնօրենը Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը անվանեց «100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններ» և հայտարարեց, որ դրա մասնագետը չէ»,-մտահոգություն հայտնեց Նարեկ Մալյանը։

Իսկ Հարություն Մարությանն ու Հրանուշ Խառատյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավար կազմում, Մալյանի գնահատմամբ, հայտվեցին հապշտապ կերպով։

«2018 թ-ի մայիսին, երբ տեղի ունեցավ իշխանության զավթում օտարերկրյա գործակալական ցանցի կողմից, միանգամից՝ մոտ 30 օր անց, հունիսի սկզբին, Նիկոլ Փաշինյանի գրավոր որոշումով՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակվեց Հրանուշ Խառատյանը։ Խառատյանների ընտանիքի լոբբինգի հետևանքով Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնում հայտնվեց Հարություն Մարությանը, ով տարիներ շարունակ հանդիսանում է Հրանուշ Խառատյանի գործընկերը «Հազարաշեն» հկ-ում, որը Սորոսից ստանում էր հսկայական գրանտներ»,-նշեց Նարեկ Մալյանը։

Գրանտների չափն ու նպատակը հրապարակային են։ Նարեկ Մալյանը թվարկեց մի քանիսը․ 2014 թ-ի դեկտեմբերին, օրինակ, «Հազարաշեն» հկ-ն ստացել է 15 հազար դոլար գրանտ, 2015 թ-ի դեկտեմբերին՝ 25,6 հազար դոլար։  Գրանտները շատ են։

Խառատյանների ընտանիքը ծախում է Ցեղասպանության թեման՝ նշեց Մալյանը։

Հարություն Մարությանի մասին դիրքորոշումը հստակ է․ «Ես ցավում, եմ, որ այդ մարդն է հիմա Ցեղասպանության թանգարանի տնօրենը, կարծում եմ, շատ կարճ ժամանակում հանրային պահանջով այդ անարդարությունը կլուծվի»։

Մալյանը նկատեց, որ եթե մինչև վերջերս միայն թուրքերն էին, որ անհանգստացած էին հայկական պահանջատիրությունից ազատվելու հարցով, ապա այժմ պարզվեց մի ցավալի իրականություն, որ հայկական նոր՝ հեղափոխական իշխանությունը, ուղղակի վաճառքի է հանել Հայոց ցեղասպանության առնվազն պահանջատիրական բաղադրիչը՝ նպատակ ունենալով Թուրքիային ազատել այդ օղակից, որն աստիճանաբար ավելի ու ավելի է սեղմում նրա պարանոցը։

«Մեր իշխանությունը որդեգրել է Թուրքիային ներելու, պահանջատիրական գործոնը հարաբերություններից հանելու քաղաքականություն, որը արտասահմանյան գործակալական ցանցի օրակարգն է, պարտադրանք-քաղաքականությունը։ Այդ պարտադրանքով ապրիլի 24-ին բացահայտվեց, որ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսից մեր իշխանությունները հեռացրել են «Պահանջում եմ» բառը և մեր Ցեղասպանության թանգարանի տնօրենը իր էջում տեղադրեց կարգախոսը՝ «Պահանջում եմ»-ը հանած վիճակում»,-մտահոգություն հայտնեց Նարեկ Մալյանը։

Հաջորդը Արսեն Խառատյանի գրառումն էր, որով հայտարարեց՝ «Մենք պատրաստ ենք ներել»։ Թեև չէր մանրամասնում՝ ովքեր են «մենքը», բայց ակնհայտ էր, որ հայտարարությունը հայ ժողովրդի անունից էր։

«Կաշառակերությունը, Թուրքիայից 30 արծաթ վերցնելը, ազգադավությունը դրված է պետական՝ իշխանական մակարդակի վրա արդեն, պատասխանատվությունը իշխանության վրա է»,-արձանագրեց Նարեկ Մալյանը։

Նա նկատեց, որ հայկական Սփյուռքի 105 տարվա պահանջատիրական ամբողջ գործունեությունը այսօր Հայաստանի սրտից՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներսից, պայթեցվում է։

«Սա անձերի խնդիր չէ, սա գաղափարի ոչնչացման խնդիր է, սա 105 տարվա շատ ծանր աշխատանքի ոչնչացման խնդիր է։ Ինքս պատրաստ եմ ծառայի կարգավիճակով ծառայել այս գաղափարին»,-ասաց Նարեկ Մալյանը։

Մալյանն իր ընտրությունն արել է՝ հրաժարվում է ապրել այն իրականության մեջ, որտեղ մեր պապերի արյունը ուղղակի կարող են դնել ու վաճառել թուրքերին։

Այլ օրինակներ և պարզաբանումներ՝ տեսանյութում․