Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուշին միջնաբերդ է, որն ապահովում է ՀՀ արևելյան սահմանի անվտանգությունը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պատմաբան, ԵՊՀ դասախոս Հովիկ Գրիգորյանը։
«1920 թ-ի հոկտեմբերի 30-ին Կարսի անկումը մեծ խարան էր մեր ժողովրդի և հայ զինվորի ճակատին։ Երբ մենք Շուշին ազատագրեցինք, մեր զինվորն այդ խարանը մաքրեց իր ճակատից․ Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի ամոթի մաքրումն էր, այդ խարանից ազատվելու կարևոր փորձ էր, Շուշին հանձնելը կրկնակի խարան դնել է նշանակում մեր ժողովրդի ճակատին։ Դա մի տարածք է, որը սոսկ հող չէ («մռայլ և դժգույնը» իր ճաշակի խնդիրն է) դա մեզ համար պատմական հայրենիքի մաս է, ոչ թե հայրենիքի սովորական մաս, այլ հայրենիքի անվտանգության հետ կապված մաս է»,-ասաց Հովիկ Գրիգորյանը։
Շուտափույթ սահմանազատումը և սահմանագծումը բացարձակապես չի բխում մեր շահերից՝ համոզված է պատմաբանը, այսօր դա շատ ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև նա ուզում է շատ արագ ամրացնել այն ձեռքբերումները, որ ունեցել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ամիսներին։
«Այսօր գնալ շուտափույթ սահմանագծման, սահմանազատման՝ թույլատրելի չէ․ պետք է սպասել ավելի հարմար և ավելի հանգիստ պայմանների դա անելու համար։ Օրինակ, մեր հարևւան Վրաստանի հետ մինչև հիմա ճանաչված սահման չունենք, միջպետական սահմանի գծում չի եղել և դա չի խանգարել, որ 30 տարի այդ հարաբերությունները մնան իրենց մակարդակի վրա»,-ասաց Հովիկ Գրիգորյանը։
Այն, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը եղել է Ադրբեջանի հետ սահմանի վրա, սա դեռ չափանիշ չէ սահմանը հաստատելիս այդ տրամաբանությամբ առաջնորդվելու համար՝ նշեց նա․ պետք է շատ լրջորեն մտածել և ուսումնասիրել մի խնդիր՝ 1920-ական թթ սկզբներին Խորհրդային Հայաստանի տարածքը մոտ 2000 քառ․ կմ-ով ավելին էր ավելի ուշ շրջանի Խորհրդային Հայաստանի տարածքից։
«31 հազարից ավելի քառ․ կմ տարածք է ունեցել Խորհրդային Հայաստանը։ Հիմա մենք ունենք ընդամենը 29 800 քառ․ կմ՝ մոտ 2000 կմ-ի խնդիր է։ Այդ 2000 կմ-ի տարբերությունը պատահական չի առաջացել, առաջացել է հիմականում 1920-30-ական թվականներին արհեստական ինչ-որ խնդիրներ լուծելու համար»,-ասաց պատմաբանը։
Հովիկ Գրիգորյանը Ազգային արխիվի նախկին հասարակական-քաղաքական կազմակերպությունների պատմության ֆոնդերում աշխատելիս՝ 1920-30-ականների փաստաթղթերում շատ հաճախ հանդիպել է իր համար հետաքրքիր մի ձևակերպման՝ «արոտավայրերի խնդիր»։
«Որպես կանոն, այդ հարցի քննարկումը չի ունեցել լրացուցիչ նյութ կողքին, որովհետև ըստ էության փակ նյութ է․ «արոտավայրերի խնդիր» հասկացությունը պատահական չի եղել, որովհետև մենք արդեն ունենք խնդիրներ, որոնք ցույց են տալիս, թե որքան տարածքներ են Հայաստանից կտրվել և միացվել Ադրբեջանին հատկապես արոտավայրերի անվան տակ, դա վերաբերում էր և՛ Կապանի շրջանի առանձին հատվածներին, և՛ Տավուշում այդպիսի վայրեր կան»,-ասաց նա։
Խորհրդային տարիներին նաև ադրբեջանական քաղաքականությունը կար՝ իրենց ցեղակիցներին Հայաստանի տարածքում բնակեցման։
«Ես ինքս՝ որպես կապանցի, տեսել եմ՝ ինչպես Կապանում ինչ-որ մի տեղ կարող էր ադրբեջանցու ընտանիք երևալ, հետո այդ ընտանիքի կողքին երկրորդ ընտանիքն էր երևում՝ հաստատվելու տիպիկ քաղաքականություն էր․ մեկը գալիս էր, որոշ ժամանակ անց եղբայրն էր գալիս, շատանում էին։ Այդ գիծը տիպական գիծ է եղել Ադրբեջանի քաղաքականության համար, խրախուսվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Բայց, բոլոր դեպքերում, հիմա այսօր մենք ունենք այլ իրողություն այդ տարածքներում, գրեթե զրո ադրբեջանական ներկայություն»,-արձանագրեց պատմաբանը։
Հովիկ Գրիգորյանն անընդունելի է համարում թույլ տալը, որ ադրբեջանցիները նորից գան, Հայաստանի տարածքում բնակվեն, որովհետև այդպիսի մեծ ծրագրեր Ադրբեջանն է՛լ ունի, Թուրքիան է՛լ։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․