կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-07 09:34
Առանց Կատեգորիա

Տիգրան Սարգսյանին կհրավիրեն ԱԱԾ. «Ժողովուրդ»

Տիգրան Սարգսյանին կհրավիրեն ԱԱԾ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իրավապահները ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանին առաջիկայում կհրավիրեն հարցաքննության: Քրեական գործը, որում շոշափվում է Տիգրան Սարգսյանի անունը, կապված է Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ: Այս գործում դերակատարում ունի նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Հիշեցնենք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը հենց նրանց էր մեղադրում իրեն ունեզրկելու համար: Սակայն նախկինում տարված քննության արդյունքներով՝ գործով ամբաստանյալ դարձավ գործարար Աշոտ Սուքիասյանը եւ տարիներ առաջ ցուցմունքներ տվեց, թե առանց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արքեպիսկոպոս Կճոյանի գիտության, փաստաբանի խորհրդով նրանց օֆշորում բացված ընկերությունում բաժնետեր է դարձրել՝ օգտագործելով վերջիններիս անձնական տվյալները, որպեսզի իր ձեռքից ընկերությունը չվերցնեն:

Իսկ արդեն հետհեղափոխական Հայաստանում, երբ գործը քննվեց այլ մոտիվացիայով, ապրիլի 15-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց եւ հայտնեց, թե ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջինս 2010 թվականի ամռանը, իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրեւ Աֆրիկայի մայրցամաքում՝ իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքով թաքցրել եւ խեղաթյուրել է դրա տեղաշարժն ու պատկանելիությունը:

Հասկանալի է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք էր գնում օֆշորային այդ աղմկալի պատմության մասին, որի շրջանակներում 6 տարի կալանքի տակ գտնվող Աշոտ Սուքիասյանը արդարացվեց եւ ազատ արձակվեց: Հիմա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, իրավապահների կողմից հարցաքննության կհրավիրվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ առայժմ վկայի դատավարական կարգավիճակով:

Երեկ մեր բոլոր փորձերը՝ Տիգրան Սարգսյանի հետ զրուցելու, ապարդյուն անցան:  Փորձեցինք ԱԱԾ-ից պարզաբանում ստանալ՝ երբ, ինչ կարգավիճակով է Տիգրան Սարգսյանը հրավիրվելու հարցաքննության, սակայն ԱԱԾ-ից ավելի ուշ հորդորեցին հարցը գրավոր ուղարկել: «Ժողովուրդ» օրաթերթն այդպես էլ վարվել է. կսպասենք պատասխանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում