կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-16 15:14
Քաղաքական

Եռյակն ու ՕԵԿ-ը նոր արտահերթ նիստ կհրավիրեն` դրամի աժեզրկման և գնաճի թեմայով

Եռյակն ու ՕԵԿ-ը նոր արտահերթ նիստ կհրավիրեն` դրամի աժեզրկման և գնաճի թեմայով

Այսօր ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչները համատեղ մամուլի ասուլիս հրավիրեցին:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը չհամաձայնեց իրենց առաջարկած արտահերթ նիստին, որտեղ պետք է դատապարտող հայտարարություն հնչեր` վերջին օրերի բռնարարքների հետ կապված:

 

«Մենք դիտարկում էինք, որ պետք է պատժվի փոխոստիկանապետը, ով սպառնացել էր, ու ցանկացած պահի իր սպառնալիքը նա կարող էր իրականացնել: Մենք այսօր էլ պնդում ենք, որ պետք է լինի նման արտահերթ նիստ, բայց, ցավոք, այդպես էլ քաղաքական մեծամասնությունն ականջալուր չեղավ մեր առաջարկին: Մենք շարունակելու ենք մեր բոյկոտը, և նկատի ունենալով այսօր Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը` արտահերթ նիստ կհրավիրենք այդ հարցով»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

 

Նա նշեց, որ Ազգային ժողովն իրավասու է քննարկել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին պաշտոնանկ անելու հարցը և իր իրավասությունների շրջանակներում անել հայտարարություն:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ վերջին բռնարարքներից հետո տարբեր ՀՀԿ-ականներ մեկնաբանություններ էին անում, որ դրանք ուղղված են իշխանությունների դեմ, ինչը ձեռնտու չէ իշխանություններին:

 

«Որևէ մեկը չէր խանգարում ՀՀԿ-ին` համաձայնել արտահերթ նիստին, այլ ոչ թե, իրենց ոճին համաձայն,  մերժել այն: Եթե հերթական անգամ իրենք փախչում են բաց հրապարակային քննարկումից, դա նշանակում է, որ չունեն ասելիք: Եվ հայտարարել, որ այս ամենն ուղղված է իշխանության դեմ, դա մերակապարանոց հայտարարություն է: Փաստեր ունեցող հինավորում ու ասելիք ունեցող քաղաքական ուժն ինքը շահագրգիռ կողմը պետք է լիներ, որ հրավիրվեր արտահերթ նիստ»,- ասաց նա:

 

Զոհրաբյանն ընթերցեց այն հայտարարության տեքստը, որը ՀՀԿ-ն մերժել էր: Ըստ այդ հայտարարության` պահանջվում է պաշտոնանկ անել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին:

 

«Այս հայտարարությունը մերժելը նշանակում էր, որ իշխանությունը բավարարվում է միայն`   Լևոն Երանոսյանին դաստիարակչական նկատողություն տալով, դա նշանակում է, որ իշխանությունը պատրաստ չէ հրաժարական պահանջել բարձրաստիճան ոստիկանից: Վաղը կնախաձեռնենք ևս մեկ արտահերթ նիստ` այս դոլարիզացիայի հետ կապված, երբ դրամի արժեզրկումը էլ ավելի է աղքատացնում ժողովրդին: Կհրավիրենք բոլոր պատասխանատուներին, կառավարության, ԿԲ-ի և ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչներին ու կփորձենք ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Թե չէ միայն հղում անել Ռուսաստանի տնտեսության անկմանը, դա ճիշտ չէ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: