Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը ներկայացնում է Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի ստանալու համար «Արին կապիտալ» ընկերությանը վճարած, սակայն բնակարանը չստացած` խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննության ընթացքը: Էդուարդ Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ ծառայող` տնօրեն, իր կարգադրիչ լիազորությունները այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի օգտին օգտագործելով, քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել:
Միակ ամբաստանյալ Էդուարդ Եսայանը մեղադրանքի հետ չհամաձայնեց` նշելով, որ անհասկանալի է, թե որտեղ եւ ինչ է չարաշահել:
Այնուհետև դատարանում ցուցմունք տվեցին տուժողը և նրա հայրը` գործով վկա Գևորգ Գյուլխասյանը: Այդ ցուցմունքներից պարզ դարձավ, որ գործի փաստերը միանգամայն այլ են, քան առաջադրված մեղադրանքը: Մեղմ ասած` դատախազի ցուցումի հիման վրա հապճեպ առաջադրված մեղադրանքի ու հանցագործությունը կատարած անձանց շրջանակի որոշման հարցում գործի նախաքննության ժամանակ «սխալ ընտրություն» էր կատարվել:
Ինչպես հանցագործությունից տուժած Լուսինեի, այնպես էլ նրա հոր խոսքերով` բնակարանի պայմանագիրը կնքելուց ու գումարը վճարելուց հետո շուրջ 2.5 տարի այդ բնակարանն իրենց տիրապետության տակ է եղել, ներքին հարդարման աշխատանքներ են իրականացրել, մուտքի դուռ են տեղադրել: Սակայն բնակարանի առուվաճառքի հիմնական պայմանագիր չի կնքվել, և սեփականության վկայական չեն ունեցել:
«Վլադը քողարկում էր և ձգձգում իրական վիճակի բացահայտումը: Իսկ տնօրենի` Էդուարդ Եսայանի մեղավորությունը նաև նրանում է, որ երբ Վլադը մեզ խաբում էր, թե ամեն բան նորմալ է, Էդիկը նայում էր իմ երեսին, ժպտում էր, և գլխով էլ հաստատում Վլադի ասածը: Այսինքն` Եսայանը համաձայնություն էր տալիս Վլադիսլավ Մանգասարյանի գործողություններին»,- նշեց Լուսինե Գյուլխասյանի հայրը` վկա Գևորգ Գյուլխասյանը:
Տուժողը պատմեց, որ 2010 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբերի վերջը իր հոր հետ պարբերաբար զանգել են թե' Մանգասարյանին, թե' ընկերության մյուս սեփականատեր Ղևոնդ Ղալումյանին` պարզաբանում ստանալու, թե երբ են վկայական ստանալու:
Վկա Գևորգ Գյուլխասյանը նույնպես հիշեց, որ 2010 թվականի նոյեմբեր ամսին Մանգասարյանը խոստանում էր, թե բնակարանը հաստատ իրենցն է, և ոչ մի խնդիր չկա, մինչդեռ, ինչպես վկան նշեց, Մանգասարյանն այդ ժամանակ արդեն իմացել է, որ բնակարանը այլ անձի է վաճառված:
«Ի միջի այլոց, բոլոր մարմիններում Վլադը շատ դրական մարդու կերպար է ընդունում, նույնն էլ այդտեղ, թե` Լուսինե ջան, դա քո բնակարանն է, դու կստանաս: Բայց այդ օրն արդեն, երբ Վլադն այդ ամենն էր ասում էր, նա արդեն իր եղբոր միջոցով այդ բնակարանի հետքը կորցնելու համար վաճառել էր մեկ այլ մարդու, սրանից նրան, ի վերջո` Արմեն Գալստյանին: Երբ Լուսինեն այդ ժամանակ ասաց, թե` գող, ավազակ, ինչու ես բնակարանս վաճառել, նա էլ թե` Լուսինե ջան, չեմ վաճառել, պարտքերի դիմաց գրավ եմ դրել»,- իր ցուցմունքում պատմեց Գևորգ Գյուլխասյանը:
Վլադ Մանգասարյանի կողմից իրենց խաբելու և Մանգասարյանի նկատմամբ նախաքննության ժամանակ տեղ գտած հովանավորչությունից վրդովված` Գևորգ Գյուլխասյանը հայտարարեց. «Սրանք բոլորը մի խումբ են` Վլադիսլավ Մանգասարյանը, Արմեն Գալստյանը, Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանը, Էդիկ Եսայանը: Սա փոքր, դեռ չհասունացած, կիսամաֆիոզային տիպի ընկերություն է»:
Փաստորեն, ըստ տուժողի և վկայի ցուցմունքների` տեղի ունեցածն իրականում խարդախություն է, որի կազմակերպչին ու մյուս հանցակիցներին մեղադրանք չի առաջադրվել:
Տուժողի և վկայի ցուցմունքներից դատախազի համար պարզ դարձավ, որ գործի քննությունն այլ ուղղությամբ է ընթանում, քան առաջադրված մեղադրանքն է:
Ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպան Կարինե Խաչատրյանը միջնորդեց որպես վկա դատակոչել Վլադիսլավ Մանգասարյանին: Դատարանն այս միջնորդությունն էլ բավարարեց:
Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 18-ին` ժամը 9.30-ին, որի ընթացքում կհարցաքննվի Վլադիսլավ Մանգասարյանը:
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը չցանկացավ լրագրողին պարզաբանում տալ այս դատական նիստում տրված ցուցմունքներին տրամաբանորեն հակասող մեղադրական եզրակացության վերաբերյալ` պատճառաբանելով, որ իր մեկնաբանություններով կարող է ճնշել ինչպես վկաներին, այնպես էլ ամբաստանյալին, այդ իսկ պատճառով նախընտրում է, որ դռնբաց դատական նիստերում հնչեն բոլոր հարցերի պատասխանները: