Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 24-ին լրացավ Հայոց Եղեռնի 105-րդ տարելիցը: Զոհերի թւում եղել են նաեւ բազմաթիւ մարզիկներ, այդ թւում Շաւարշ Քրիսեանը։ Նա համահայկական խաղերի նախագծի, «Հոմենըթմեն» մարզակումբի եւ ֆուտբոլի լիգայի ստեղծման հեղինակներից մէկն է եղել: Նրա եւ մարզիկներ Մկրտիչ Մկրեանի ու Վահրամ Փափազեանի մասին կարդում ենք ՀԱՕԿ-ի պաշտօնական կայքում։ Այս մասին գրում է Panorama.am-ը:
Քրիսեանը, յիրաւի, հայկական սպորտի ականաւոր գործիչ է, մարզիչ, մարզիկ, հայկական ֆուտբոլի «Բալտալիման» առաջին ակումբի հիմնադիրը: Նա եղել է մեծ մանկավարժ, գրող, հրապարակախօս, լրագրող, օսմանեան կայսրութիւնում մարզական առաջին «Մարմնամարզ» հանդէսի հիմնադիրը:
Հէնց մեծ հայորդու ջանքերով, պատմութեան մէջ առաջին անգամ, Թուրքիան պատւիրակութիւն է գործուղել օլիմպիական խաղեր: Դա 1912 թ. Ստոկհոլմում տեղի ունեցած 5-րդ համաշխարհային մարզահանդէսն էր: Օսմանեան պետութիւնը գումար չի յատկացրել եւ գործուղման հետ կապւած ամբողջ ծախսը իր վրայ է վերցրել հայկական համայնքը:
Շ. Քրիսեանն այն ժամանակ ասել է, որ «դեռեւս Թուրքիայի ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել մարզական որեւէ միջոցառման: Թող մերոնք Շւեդիայում վերջինը լինեն: Կարեւորն այն է, որ մեծ ազգերի հետ ասպարէզ մտնեն հայերը, ովքեր շուրջ 30 տարի Եւրոպայում յայտնի են որպէս հալածւած ազգ: Ժամանակն է, որ արդէն հակառակն ասեն, եւ որ քաղաքակիրթ աշխարհն իմանայ, ճանաչի մեզ եւ մեր նւաճումները»:
Ստոկհոլմի խաղերին մասնակցած 28 երկրների 2541 մարզիկների թւում եղել են Թուրքիան ներկայացնող երկու մարզիկներ` Մկրտիչ Մկրեանը եւ Վահրամ Փափազեանը: Հետաքրքիր մի փաստ է արձանագրւել։ 1909 թ. Կիլիկիայում թուրքերի կազմակերպած հայերի ջարդի պատճառով շւեդները մասնակից երկրների դրօշների շարքում դիտաւորեալ չեն կախել օսմաններինը: Այս մասին չեն իմացել հայ մարզիկները, որոնք բողոքել են ու կազմակերպիչները տեղադրել են Թուրքիայի դրօշը: Մեր հայրենակիցներն այնուհետեւ զղջացել են իրենց արածի համար:
1500 մ. վազքում, 50 մարզիկների պայքարում Մկրեանը ճանաչւել է 5-րդը: Իսկ Փափազեանի մասին ճիշտ կը լինի ներկայացնել հէնց նրա թոռան պատմածը: Պապիկը բազմիցս պատմել է, որ վերջնագծի մատոյցներում ինքը /պոլսահայ Փափազեանը/ գրեթէ 20 մետր առաջ է պոկւած եղել մրցակիցներից ու կարող էր հեշտութեամբ առաջինը հատել եզրագիծը եւ նւաճել չեմպիոնի կոչումը: Բայց գնահատելով այն հանգամանքը, որ իր յաղթանակի առթիւ պէտք է ծածանւի Թուրքիայի դրօշը, ուստի Փափազեանը միանգամից դանդաղեցրել է վազքը ու գիտակցաբար յայտնւել յետնապահների թւում:
Ինչ վերաբերում է Օսմանեան կայսրութիւնում սպորտի մեծ ջատագով Շաւարշ Քրիսեանին, 1915-ի օգոստոսի 15-ին թուրքերը նրան հանել են բերդից, տարել Անկարայից դուրս ու գնդակահարել: Այսպէս են երախտամոռ օսմանները վարձահատոյց եղել 29-ամեայ հայ ականաւոր գործչին:
(Վահրամ Փափազեան, 5-րդ Օլիմպիական խաղեր Ստոկհոլմում, «Մարմնամարզ», 1912
Լուսանկարը՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի կայքից)
(Մկրտիչ Մկրեան, Ստոկհոլմի 5-րդ Օլիմպիական խաղերի մասնակից, Ռոբերտ քոլեջ, «Մարմնամարզ», 5 յուլիսի, 1912
Լուսանկարը՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի կայքից)