|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Որեւէ երկրի ազգային թէ՛ պետական կայունութիւնը կամ անկայունութիւնն պայմանաւորւած է տւեալ երկրի տնտեսական, քաղաքական ու հասարակական ասպարէզներում գրանցւած ցուցանիշներով։
ՀՀ-ի պարագայում, պէտք է խոստովանել, որ երեք բնագաւառներում էլ, յատկապէս անցեալ 7 տարիներին, գրանցւած ցուցանիշերը խիստ աննախանձելի են ու բացասական, դրանցից բխող յատկապէս անվտանգային բոլոր հետեւանքներով։
ՏՆՏԵՍԱԿԱՆ
Սոյն բնագաւառի ցուցանիշերը խորքային առումով չեն կարող դրական ու հեռանկարային լինել, քանի որ երկրի տնտեսութիւնն հիմնականում խարսխւած է արտաքին պարտքի (եւրա-արեւմտեան) վրայ, որն էլ ըստ պաշտօնական տւեալների, կազմում է աւելի քան 14 միլիարդ դոլար։ Առեւտրա-տնտեսական բարձրաձայնւող աճը թէ՛ առերեւոյթ, եւ թէ՛ ժամանակաւոր բնոյթ է կրում, քանզի հիմքում դրւած է քաղաքական նպատակ։ Դա էլ բացատրւում է եւրո-արեւմուտքի աւանդական այն մեթոդաբանութեամբ, որը տւեալ երկրին կախեալ պահելու համար է կիրառւում…։ Այսպէս՝ նոյն արեւմտաեւրոպական միջազգային կենտրոնների գերազանցապէս տնտեսական շահերից էր բխում ՀՀ-ի պարտւողական իշխանութեան կողմից Արցախի նւիրաբերումն՝ Ադրբեջանին, որի դիմաց էլ նոյն իշխանութիւններին միլիարդաւոր ֆինանսաւորման խոստումներ շռայլւեց եւրակառոյցների կողմից…։
ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀ-ի համար ամենախոցելի ցուցանիշերը, անցնող 7 տարիներին, գրանցւել են հէնց գերազանցապէս արտաքին առանց այն էլ ոչ յուսալի քաղաքականութեան բնագաւառում։ Դա առաջին հերթին բացատրւում է 2018-ի յեղաշրջումից սկսեալ անգրագէտ դիւանագիտութեամբ, որի գլուխգործոցն հանդիսացաւ 2020-ի արցախեան դաւադիր պատերազմն ու դրա արդիւնքում ՝ հայկական Արցախի կորուստը եւ դրանից բխող անվտանգային չդադարող սպառնալիքները, կապւած՝ ՀՀ-ի հողային ամբողջականութեան ու մասնաւորապէս Սիւնիքի նկատմամբ ադրբեջանաթուրքական նորանոր յաւակնութիւնների հաշւին։
Ներքաղաքական «կայունութեան» ցուցանիշները եւս կարելի է ասել՝ համազօր են արտաքինին, երբ նկատում ենք խիստ բեւեռացում՝ ներքաղաքական յարաբերութիւններում, որտեղ իշխանախումբը անարգել հաշւեյարդար է տեսնում իրեն ընդդիմացող միաւորների ու կառոյցների հետ։ Սա այն դէպքում, երբ անխտիր՝ հալածւում-բանտարկւում են ինչպէս աշխարհական, այնպէս էլ եւ ի զարմանս բոլորի՝ հոգեւորական բարձրաստիճան գործիչ-ընդդիմադիրներ։ Յատկանշական են ,սակայն, արտաքին աշխարհի քիչ-շատ իրաւախոհների այն արտայայտութիւններն, որոնց համաձայն զարմանք է յարուցւում առ այն, որ հակաեկեղեցական բռնաճնշում է իրականացւում ա՜ յն երկրի հոգեւորականների նկատմամբ, որտեղ եւ առաջինն է Քրիստոնէութիւնն պետական կրօն հռչակւել…։ Ահա, թէ ուր է թաղւած շան գլուխը… Բրիտիշ պետրոլիոմի ու անգլիքան եկեղեցու համատեղ հակահայկականութեան պատմական խորապատկերում…։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
Այս խառնիճաղանջ ոլորտի ցուցանիշները եւս վերջին տարիներին դրական լինելուց բաւականին հեռու են եղել։ Ակներեւ են բոլորի համար հասարակական շինծու բեւեռացումները, թաւշականների հէնց «Ծննդոցից» սկսեալ. սեւ-սպիտակ, նախկին-ներկայ, հայաստանցի-ղարաբաղցի, սփիւռքցի, ռուսամէտ-արեւմտամէտ եւ…։
Իսկ Ազգային գաղափարախօսութեան բնագաւառներում գրանցւած ցուցանիշներին ո՞վ ծանօթ չէ՝ կրթական, մշակութային, պատմա-հայրենասիրական եւ կարեւորը՝ համազգային Պահանջատիրութեան ասպարէզներում ադրբեջանաթուրքական դաշինքի առջեւ չոքած կապիտուլանտների ազգադաւ-հայրենադաւ պահւածքներին։
Արդէն սրանց բռնաճնշումներն էլ են նմանակւում էրդողանական Թուրքիային…։
Իսկ այս ամէնի նպատակը՝ իշխանութիւնը պահպանելն է, որով էլ առաւել քան երբեւէ խոցելի են դառնալու Հայոց երկրի ազգային, պետական ու հայրենական-հողային ամբողջականութեան կայունութիւնն ու ինքնիշխանութիւնը։
Ահաւասիկ, խնդրոյ առարկայ վերոգրեալ սպառնալիքներին դէմ-յանդիման՝ ողջ հայութիւնն եւ առաջնակարգօրէն մեր թէեւ տատամսող, բայց ի վերջոյ արթնամիտ հայրենի ժողովուրդը ծառս լինելու հարկադրանքի առջեւ է կանգնած։
…Եւ որպէսզի մէկ անգամ եւս յաղթահարւի ազգակործան սպառնալիքն ու հայրենադաւ մարտահրաւէրը…։
Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու