ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱԾ ՔԱՅԼԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համավարակի պայմաններում ՀՀ կառավարությունը կրթության բնագավառում մինչ օրս կայացրել է մի քանի որոշումներ, որոնք ՀՅԴ ԳՄ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախումբը համարում է խիստ վիճարկելի:
Կառավարության՝ սոցիալական աջակցության տասնչորսերորդ ծրագրով նախատեսված միջոցառումներն ամբողջական չեն և չեն համապատասխանում համավարակի առաջացրած իրական մարտահրավերներին:
Մասնավորապես.
- Կառավարությունը նախատեսում է էական ֆինանսական աջակցություն ցույց տալ միայն 90 և ավելի բարձր մոգ ունեցող ուսանողներին: Հազարավոր ուսանողների, ովքեր համավարակի պատճառով ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ են կանգնել, այս որոշումը զրկում է աջակցություն ստանալու հնարավորությունից: Կառավարության նախատեսումը պարզապես խրախուսանք է լավ սովորողներին, որն ինքնին գնահատելի է: Սակայն ներկա ճգնաժամային իրողությունը հավասարապես ազդել է բոլոր ուսանողների ֆինանսական դրության վրա, անկախ նրանց առաջադիմության ցուցանիշներից, հետևաբար պետությունը բոլորին հավասարապես աջակցելուպարտավորություն ունի:
- Ըստ ՀՀ փոխվարչապետի, աջակցության ծրագրից օգտվողների թիվը 4100 է։ Չնայած սա արդեն իսկ փոքր տոկոս է կազմում ընդհանուր ուսանողների թվի նկատմամբ, սակայն անգամ այս դեպքում հստակ չէ՝ արդյոք դրանում ներառված են այն ուսանողները, որոնք համապատասխան բուհերի կողմից արդեն իսկ ներառված են արտոնությունների ծրագրերում։
- Միաժամանակ, ինչպես մյուս ոլորտներում, այս բնագավառում ևս Կառավարությունը դրդում է քաղաքացիներին ավելացնել իրենց վարկային բեռը և այս միջոցով լուծել խնդիրները:
- Վիճարկելի և խնդրահարույց են հանրակրթության ոլորտում ուսումնական տարին ամփոփելու և բուհերի ընդունելության կարգը սահմանելու մասին ԿԳՄՍ նախարարի հայտարարությունները:
Միաժամանակ, հարկ ենք համարում արձանագրել, որ բուհերի ավարտական-պետական քննությունների անցկացման ձևի ընտրությունը ուսումնական հաստատությանը թողնելը` ակադեմիական ազատության և ինքնավարության շրջանակում, ընդունելի է և ճիշտ:
Այնուամենայնիվ, մասնագիտական շրջանակների, շահառու կողմերի տարբեր արձագանքները հաշվի առնելով՝ կարծում ենք, որ խիստ տարակուսելի են ԿԳՄՍ նախարարության հետևյալ մտադրությունները.
- Տարօրինակ է, որ նախարարությունը, հիմնականում գոհ լինելով ուսուցման գործընթացի արդյունքներից, որոշեց ուսումնական տարին ամփոփել մինչև մարտի 13-ն արձանագրված արդյունքներով: Սա, ըստ էության, նախ արժեզրկում է տրված գնահատականը: Ընդհանուր առմամբ գոհ լինելով դպրոցներում իրականացվող հեռավար ուսուցումից, միաժամանկ որդեգրվեց այդ ընթացքում (շուրջ մեկ ու կես ամիս) կատարված աշխատանքի արդյունքերը չարժևորելու մոտեցում: Ուսումնական տարվա ավարտից մեկ ամիս առաջ հայտարարելով այս մասին, ինչպես նաև այն, որ չեն գնահատվելու նաև առաջիկա մեկ ամսվա աշխատանքները, առաջիկա ուսումնական շաբաթների նկատմամբ նվազեց ոգևորությունը, թերահավատ և անշահագրգիռ վերաբերմունք ձևավորվեց հեռավար ուսուցման հանդեպ: Արդյունքում, կառավարության՝ կրթության ոլորտի պատասխանատուի հայտարարությունից հետո դպրոցներում հեռավար դասընթացների նկատմամբ հետաքրքրությունը խստորեն նվազել է:
- Առհասարակ, դպրոցական կրթության արդյունավետության տեսակետից ավարտական դասարանի համար մինչ մարտի 13-ի արդյունքներով առաջնորդվելը էական բացթողում է, որը կարող է առաջ բերել նաև որակական խնդիրներ:
- Այս իրավիճակում չի գնահատվում ուսուցիչների կատարած հսկայական աշխատանքը ոչ միայն բարոյապես, այլև՝ ֆինանսապես: Մինչդեռ հանրապետության դպրոցների մանկավարժները արժանի էին և արժանի են թե՛ հավելավճարի, թե՛ պարգևավճարի:
- Սխալ է այս ուսումնական տարվա կիսատ ծրագրերը հաջորդ ուսումնական պահուստային օրերի ընթացքում լրացնելու մտադրությունը: Նախ, որ խիստ աննպատակահարմար է մի ուսումնական տարվա ծրագրերի ամփոփումը թողնել հաջորդ ուսումնական տարվան: Ստացվում է, որ աշակերտը այս տարվա և նաև այս տարվա հիմքի վրա ձևավորված հաջորդ տարվա ծրագրերը սովորելու է զուգահեռաբար, ինչը կառաջացնի նյութերի ընկալման խնդիրներ: Այս կերպ չի ապահովվում ուսումնական ծրագրերի շարունակականությունը: Բացի այդ` մենք չենք կարող ասել, թե համավարակային ինչ իրավիճակ կարող է տիրել աշնանը:
- Մեդալի քննության հետաձգումը հաջորդ ուսումնական տարում նախատեսելը, նույնպես խելամիտ չէ: Այս ուստարվա մեդալի հավակնորդ շրջանավարտներից շատերը եկող տարի կարող են լինել բանակում, արտասահմանյան բուհերում, և հաջորդ տարվա շրջանավարտների համեմատությամբ կլինեն ոչ հավասար մրցակցային պայմաններում: Խելամիտ կլիներ մեդալներ տրամադրել այս տարվա հստակեցված չափանիշներով լավագույն շրջանավարտներին (օրինակ՝ Հայաստանի լավագույն բուհեր ընդունված այս տարվա շրջանավարտ լավագույն դիմորդներին, արտասահմանյան լավագույն բուհեր ընդունված այս տարվա շրջանավարտներին):
- Անհեռատես է բուհերի ընդունելությունը մեկ քննական առարկայով սահմանափակելու որոշումը: Այն լրջորեն վտանգում է որակը և խիստ անարդար իրավիճակ է ստեղծում դիմորդների միջև: Նախարարության ընտրած քննական առարկան կարող է որոշ դիմորդների համար նախընտրելի լինել, իսկ որոշների համար՝ ոչ: Առաջարկում ենք կա՛մ մի քանի առարկաների ներգրավմամբ մեկ քննություն անցկացնել, կամ՝ համավարակի անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ կազմակերպել մեկից ավելի քննություններ:
- Որակի պահպանման տեսակետից խելամիտ պայման կարող է հանդիսանալ նաև ԲՈւՀ-երին հավելյալ պայմաններ թելադրելը։ Օրինակ՝ այս տարի առաջին կուրս ընդունվածներն առաջին կիսամյակի ավարտին սովորականից առավել խիստ քննություն հանձնեն, որոնց արդյունքներով համապատասխան գիտելիք ունեցողները միայն շարունակեն կրթությունը համալսարաններ (ընդունելությունն ըստ էության տեղափոխվում է առաջին կուրսի առաջին կիսամյակի ավարտ):
Այսպիսով, ելնելով կրթության ոլորտում համավարակի պայմաններից թելադրված իրողություններից բխող կառավարության որոշումներից, գալիս ենք եզրահանգման, որ դրանք հիմնականում անարդյունավետ են, և նվազ արդարացի:
Կարծում ենք, որ չնայած համավարակի հարուցած դժվարություններին, կառավարությունը կարող էր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կրթական գործընթացն անխափանև առավել արդյունավետ կազմակերպել: Այն կարող էր լինել պիլոտային, որը կիրառելի կլիներ հետագա հավանական նմանատիպ իրավիճակներում: Փոխարենը կառավարությունը խուսափեց հիմնախնդիրը լուծելու մարտահրավերից, և, առնվազն հանրակրթության մասով, ըստ էության կես ճանապարհին գործընթացը հայտնվել է բարձիթողի վիճակում:
ՀՅԴԳՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
02 մայիսի, 2020 թ.