Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու նիստում բարձրացված խնդիրներին լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մի շարք ոլորտների պատասխանատուների հետ:
«Կարծում եմ՝ այս պրակտիկան շատ ճիշտ է, որ հենց ավագանու նիստից հետո այն հարցերը, որոնք բարձրացվում են մեր գործընկերների՝ ավագանու անդամների կողմից, սկսեն միանգամից իրենց լուծումները ստանալ: Իրապես գործադիրը զգում է, որ որոշակի կետեր կան, որոնք ավելի մեծ ուշադրություն են պահանջում»,- ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղիներին՝ քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի այլ վարորդների կողմից դրանց օգտագործումն արգելելու ուղղությամբ:
«Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կայանատեղիները պետք է ավելի պաշտպանված լինեն և միգուցե, եթե հնարավոր է, ավելի շատանան: Սա ինձ համար շատ կարևոր հարց է, և ես կակնկալեմ նաև մեր գործընկերների՝ ոստիկանության միջամտությունն այդտեղ: Հետագայում, կարծում եմ, օրենքների փոփոխության անհրաժեշտություն կլինի, և ես ակնկալում եմ նաև ԱԺ մեր գործընկերների կողմից աջակցություն»,- նշել է Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերում վերջին տարիներին զգալի տեղ է զբաղեցնում նոր մայթերի կառուցումն ու բարեկարգումը: Քաղաքապետն ընդգծել է, որ մայթերը հետիոտնի համար պետք է լինեն ավելի հասանելի և հարմարավետ:
«Բոլորին հայտնի է և իմ, և ձեր դիրքորոշումն այստեղ, որ մենք միշտ մայթերի կողմից ենք, և եթե ընտրություն կա, որը լայնանա, որը նեղանա, մենք կողմնակից ենք մայթերի լայնացմանը, որպեսզի մարդիկ իրենց ավելի հարմարավետ զգան իրենց քաղաքում: Իսկ վարորդները պետք է համակերպվեն այն իրավիճակի հետ, որը կա: Այո՛, մեծ քաղաքներում, բազմամարդ քաղաքներում և տրանսպորտով լի քաղաքներում այնպես է արվում, որ վարորդները պետք է հրաժարվեն կամ նվազագույնի հասցնեն ավտոմեքենայով կենտրոն գալու պրակտիկան: Ուրիշ տարբերակ մենք չունենք կենտրոնը բեռնաթափելու»,- ընդգծել է քաղաքապետը:
Խորհրդակցության ընթացքում քաղաքապետն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի մուտքը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու խնդրին: Հանձնարարվել է կիրառել լուծում՝ մի կողմից մուտքը մատչելի դարձնելու, մյուս կողմից՝ քաղաքապետարանի շենքի ճարտարապետական տեսքը անխաթար պահելու համար: Մատչելիության սկզբունքով լուծումներ կտրվեն նաև վարչական շրջանների շենքերում: