կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 13:25
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդաշենցիների շենքը փլվում է, բայց Հայկ Մարությանը չի ստորագրում վթարայնության փաստաթուղթը․ բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

Սեյսմիկ ծառայությունից եկել, հաստատել են, որ Վարդաշենի բնակիչների շենքը 4-րդ կարգի վթարային է, համապատասխան փաստաթուղթն ուղարկել են քաղաքապետարան, բայց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այն չի ստորագրում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեցին քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականացնեղ վարդաշենցիները:

Նրանք վստահեցրին, որ շենքը ճաքում է, պատկան մարմիններից եկել՝ պատերին «թիթեռնիկներ» են փակցրել, որոնք երեք ամիսը չլրացած պատռվել են:

Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ իրենց շենքը վթարային է, ապրելը վտանգավոր է, բայց իշխանությունները ոչինչ չեն անում, եկել են իմանալու՝ ինչու:

«Խնդիրն այն է, որ քաղաքապետարանը տեղյակ է՝ շենքը 4-րդ կարգի վթարային է, ինչի՞ են արհամարհում բնակիչներին, ինչքա՞ն կարող ենք ահ ու դողով, կարիճների, օձերի մեջ ապրել: Մենք պահանջում ենք, որ եթե չի ստորագրում, թող մեզ տա Սեյսմիկի եզրակացությունը, որ մենք դիմենք այլ ատյանների»,-ասաց նրանցից մեկը:

Շենքի բնակիչներից շատերը փակել են դռներն ու փախել շենքից, որովհետեւ ամեն րոպե այն կարող է փլուզվել՝ այդ թվում խոնավությունից:

Վարդաշենցիները նաև նամակ են գրել վարչապետին, որն այն փոխանցել է քաղաքապետարան, քաղաքապետարանը՝ պետգույքի կառավարման վարչություն, որտեղ էլ նշվել է, թե շենքը գնահատվում է որպես 3-րդ  աստիճանի վթարային եւ ենթակա է ամրացման:

«Չեն եկել ամրացման: 2015 թվականից մեր շենքը պետք է ամրապնդվեր, բայց մինչեւ հիմա ոչինչ չեն արել: Հասկանում եմ, հարգում եմ, մենք մտնում ենք մեր պետության դրության մեջ, բայց հնարավո՞ր է մի սփոփիչ բան ասել, ինչո՞ւ չեն ասում, ի՞նչն է պատճառը: Թող պարոն Մարությանը գա, մեզ ասի, ոչ այն են ասում, ոչ այս, մենք ի՞նչ իմանանք մեր վիճակն ինչ է»,-ասացին նրանք:

Երեւանի ավագանու անդամ, ԲՀԿ-ական Միքայել Մանրիկյանը մոտեցավ ակցիայի մասնակիցներին, հաստատեց, որ շենքը 4-րդ կարգի վթարային է․ «Օր առաջ այդ հարցը պետք է լուծվի, քաղաքապետարանի ձգձգելու իմաստը մենք չենք հասկանում, իշխանությունն այդ խնդրի լուծմամբ չի զբաղվում»:

Նա վստահեցրեց, որ 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին պետք է այլ բնակարան տրամադրեն, քաղաքում նման օրինակներ էլի կան, բայց Վարդաշենում բազմաթիվ անգամ եղել են եւ այն պայմանները, որում ապրում են բնակիչները, օր օրի վատանում են եւ փաստ է, որ այնտեղ հակասանիտարական վիճակ է։

Մանրամասն՝ տեսանյութում․