Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մանկական և մայրական մահացության դեպքերի մասով առողջապահության նախարարության «քար լռության» դեմ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, նախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացրեց «Առողջ հանրություն» ՀԿ-ն։ Մասնակիցները քաղաքացիներին կոչ արեցին միանալ իրենց և մանկական մահացության խնդիրները լսելի դարձնել պատկան մարմիններին։
Yerkir.am-ին նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն ասաց, որ առողջապահության նախարարությունը ճիշտ գնահատական չի տալիս նորածնային և մինչև մեկ տարեկան երեխաների մահացության դեպքերին. չեն դիտարկվում մահվան պատճառները, պատշաճ քննություն չի տարվում, վիճակագրության մեջ այդ պատճառները չեն երևում, արդյունքում՝ իրական խնդիրները չեն բացահայտվում:
Նա պատմեց, որ անձամբ հետաքննել է պատվաստումներով պայմանավորված՝ մանկական մահացության դեպքերը. նրա հարցումներին ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից ասել են, որ մանկական մահացության որևէ դեպք պայմանավորված չի եղել պատվաստումներով: Սակայն, շարժվելով մամուլի հրապարակումների հետքերով, որոնց համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում մանուկների մահվան մի շարք դեպքեր եղել են պատվաստումից 2-3 օր հետո, Մարինա Խաչատրյանը դիտարկեց, որ նախարարությունը պարզապես միտումնավոր չի նկատում այդ ցուցանիշները:
Մեր երկրում, նախքան պատվաստելը, երեխային անհրաժեշտ հետազոտությունները չեն անում՝ նշեց 2018թ. հունիսին երկրորդ պատվաստումից 2 օր անց մահացած երեխայի հայր Նարեկ Գրիգորյանը: Ասաց, որ պատշաճ ուշադրություն չեն դարձնում ծնողների բողոքին՝ ձևական նշանակումներ են անում, տուն ուղարկում, իսկ մահվան դեպքը գրանցելուց հետո արդեն հիվանդությունների մի երկար ցանկ են տալիս՝ որպես մահվան պատճառաբանություն, հերքում դրա հետ պատվաստման կապը: Նա փաստեց, որ իր երեխային վերագրված հիվանդություններից միայն մեկի կամ մյուսի առկայության դեպքում պատվաստում նշանակելն ուղղակի արգելվում էր, մեկ ամիս շարունակ իր դիտարկած և բժշկին հայտնած մտահոգություններն անտեսվել են, և այդ հանցավոր անտարբերության արդյունքում էլ նշանակվել է երկրորդ պատվաստումը, որից հետո իր երեխան մահացել է: Իսկ երբ ինքը փորձել է հետամուտ լինել, որ գործը բացահայտվի, և մեղավորները պատժվեն, իր նկատմամբ գործադրվել է հոգեբանական ճնշում: «Ինձ ամոթանք էին տալիս, թե՝ ինչի՞ ես ուզում հասնել, վատությո՞ւն ես անում»,- պատմեց երեխայի հայրը:
Նարեկ Գրիգորյանի խոսքով՝ իր երեխային մայիսի 5-ին առաջին պատվաստումն են կատարել, որից հետո տանը նկատել են, որ սկսել է շատ քրտնել. բժիշկներն ասել են, թե շոգ եղանակից է: Հունիսի 5-ին՝ հաջորդ պատվաստման օրը, կրկին «Հերացի» պոլիկլինիկայում «ձևական զննել են երեխային և կատարել ներարկումները»: Բժիշկներն ասել են, որ ոչինչ չի լինի, երեխան պատրաստ է պատվաստման: Երկրորդ պատվաստումից 2 օր անց երեխայի վիճակը կտրուկ վատացել է: Պոլիկլինիկայում ասել են, որ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա, շոգից երեխան քրտնում է: Ծնողները որոշել են երեխային տանել «Արաբկիր» բժշկական կենտրոն: «Այնտեղ թեև փորձեցին ամեն ինչ անել, որ փրկեն մեր առաջնեկի կյանքը, բայց ապարդյուն էր: Հենց առաջին պատվաստումից հետո վնասել էին նրա ամբողջ օրգանիզմը, և բժիշկը երկրորդ պատվաստումից առաջ նախ պետք է լուրջ զններ, նամանավանդ, որ մենք պնդում էինք, որ երեխան իրեն լավ չի զգում»,- ասաց հայրը:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Yerkir.am-ին պարզաբանեց, որ նախարարությունն անում է այն ամենը, ինչ պարտավոր է. քննություն կատարելը նրա իրավասությունների տիրույթում չէ: «Դուք հիմա խոսում եք քրեական հանցագործության մասին. քրեական հանցագործության բացահայտմամբ զբաղվում են իրավապահ մարմինները, ոչ թե առողջապահության նախարարությունը»,- ասաց նա:
«Կա՞ն տվյալներ պատվաստումներով պայմանավորված՝ մանկական մահացության մասին» հարցին ի պատասխան՝ Նիկողոսյանն ասաց, որ մահացության պատճառ կարող է դիտարկվել պատվաստումը, եթե մահը գրանցվել է պատվաստումից հետո 2-3 օրվա ընթացքում, և հիմա նման տվյալներ չկան:
Մարինա Խաչատրյանն այդ տվյալները սեփական հետաքննությամբ է ձեռք բերել. մեր դիտարկմանն ի պատասխան՝ նա նշեց. «Կարձագանքենք, երբ նա փաստեր հրապարակի»:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն զբաղվում է այս գործերով:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Աառողջապահության նախարարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհություններից տեղյակ են, իրականացնում են քննչական գործողություններ՝ ձեռք բերելու համար տվյալներ, սակայն որակումներ չեն տալիս: «Մենք նոր ենք ստացել հաղորդում այն դեպքի մասին, որ սեպտեմբերի 24-ին է տեղի ունեցել Հանրապետական հիվանդանոցում: Այս պահին հրապարակման ենթակա տվյալներ չկան»,- նշեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Մանուկների մահը որպես պատվաստման արդյունք գնահատելու և համապատասխան վիճակագրություն վարելու մասին հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Մենք գնահատականներ չենք տալիս: Ամբողջ վիճակագրությունը վարում է ոստիկանությունը, բոլոր տվյալները կենտրոնանում են ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում»:
Ոստիկանությունից հաղորդեցին, որ առավելագույնը կարող են տրամադրել տվյալներ, թե քանի գործ է հարուցվել 130-րդ հոդվածի հատկանիշներով: «Բայց դա ընդհանուր բժշկական սխալով պայմանավորված հանցագործությունների դեպքերն են, և այնտեղ չի երևում՝ դրանք մեծերի՞, թե՞ երեխաների մահեր են, առավել ևս՝ բժշկական ինչ խնդիր է»,- նշեցին՝ հորդորելով կրկին դիմել առողջապահության նախարարություն:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երկակի գործողությունների և երեխայի մահվան հանգամանքների քննության տեղապտույտի մասին մանրամասն՝ տեսանյութում: