Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կողմնակիցն եմ այն վարկածի, որ սա արհեստական խուճապ է`պարսավելի նպատակներով. ըստ yerkir.am-ի` «БИЗНЕС Online»-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ, Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը:
Ըստ նրա` պատերազմների պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր պատերազմ սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից գոնե մեկը իր կոնկրետ շահն ունի: «Երկրորդ համաշխարհային պատերազմի մեղավորը Հիտլերն էր, բայց նյութական տեսանկյունից ամենախոշոր շահույթը վերջում ստացավ ԱՄՆ-ը. պատերազմի տարիներին նրանք կրկնապատկեցին ոսկու` իրենց պաշարը: Այո, կորուստներ ունեցան` ավելի քան 200 հազար զոհ, սակայն որոշ ուժերի համար դա մանրուք է»,- նշել է Իվաշովը:
Նա համոզված է, որ զինվորականներն ավելի լավ են հասկանում միմյանց, ավելի պատասխանատու են, որ ռազմական ողբերգություններ չլինեն, կարող են պայմանավորվածության գալ ու կանխել զինված հակամարտություններն ու պատերազմները, սակայն նրանց թիկունքում քաղաքական գործիչներն են, որոնք սրում են իրավիճակը, կոնֆլիկտայնություն մտցնում բանակցություններում:
«Կան ուժեր, որոնց ոչ թե խաղաղություն է հարկավոր, այլ հակամարտություններ, դա համաշխարհային ստվերային «վերնախավն» է` Բիլդերբերգյան ակումբը, Եռակողմ հանձնաժողովը և համաշխարհային այլ փողատերեր»,- ընդգծել է Իվանշովը` հավելելով, որ մարդատյացության գաղափարախոսությունը, երբ ինչ-որ մեկը հայտարարվում է ոչ լիարժեք և այդ մարդկանց ու ժողովուրդներին պետք է ոչնչացնել, ունի փիլիսոփայական հենք, և 20-րդ դարում Հռոմեական ակումբը սկսեց առաջ տանել կայուն զարգացման տեսությունը, որը նեոմալթուսականություն է:
«Հետո այն հաստատվեց 1992-ին Ռիո դե Ժանեյրոյում` ՄԱԿ-ի համաժողովում: Թվում է` անհրաժեշտ է, շատ գիտնականներ աջակցում են առանց ճգնաժամերի, պատերազմների կայուն զարգացմանը: Սակայն հենց Ռիո դե Ժանեյրոյում ընդգծվեց, որ մարդկության կայուն զարգացման համար անհրաժեշտ է երկրագնդում մարդկանց թվաքանակի կտրուկ նվազեցում: Բիլ Գեյթսը` մոլորակի ամենահարուստ մարդը, բացեիբաց առաջարկում է պատվաստում` ծնելիությունը սահմանափակելու նպատակով»,- նշել է Իվաշովը` ընդգծելով, որ եթե աշխարհի հարուստները խոսում են այդ մասին, ապա պարտադիր դա իրագործվում է կոնկրետ ծրագրերով, որոշակի գործողություններով:
Ըստ նրա` ներկայիս վիրուսը ոչ թե միանգամից, ասենք, 2 մլրդ մարդով երկրագնդի բնակչությունը նվազեցնելու նպատակ է հետապնդում, այլ` յուրաքանչյուր մարդու վերահսկողության տակ պահելու, ամեն ինչ թվայնացնելով` կառավարելի դարձնելու:
Անդրադառնալով ԱՄՆ-ի` կորոնավիրուսի տարածման հարցում Չինաստանին ուղղված մեղադրանքներին` Իվաշովը կարծիք է հայտնել, որ Չինաստանին այս վիրուսը հարկավոր չէր, ոչ էլ Ամերիկայի հետ հարաբերությունների նոր սրում, սակայն այն, որ ԱՄՆ-ը և Չինաստանն այսօր աշխարհաքաղաքական հակառակորդներ են, ակնհայտ է:
Ըստ նրա` ամերիկյան վերնախավը` և՛ ֆինանսական կապիտալը, և՛ խոշոր արդյունաբերական կապիտալը, և՛տարատեսակ գաղտնի ակումբները, մասոնական օթյակներ, միակարծիք է, որ իրենք պետք է կառավարեն աշխարհը և սահմանեն համաշխարհային գործընթացները: Եվ նրանք, Իվաշովի խոսքով, միասին աշխատում են Չինաստանի դեմ, ինչո՞ւ Չինաստանի, որովհետև միայն նա կարող է փոխել ժամանակակից աշխարհակարգի էությունը: Ըստ գեներալի`ԽՍՀՄ-ի հարցերը նրանք լուծեցին, որովհետև ԽՍՀՄ-ն այն տերությունն էր, որի ուժը հավասարակշռում էր Ամերիկային, ուներ ամերիկյան աշխարհի էությունը փոխելու պոտենցիալ, իսկ այսօր ԽՍՀՄ-ի տեղում չինական պետության հզորությունն է, որը հետզհետե ոչնչացնում է ամերիկյան համաշխարհային միաբևեռությունը, հստակորեն բազմաբևեռ աշխարհակարգի է տանում:
«Բնականաբար, ֆինանսական օլիգարխիան թքած ունի և՛ Ամերիկայի, և՛ Չինաստանի վրա: Նրանց նպատակը իրենց հիմնախնդիրն է` համաշխարհային ֆինանսական իշխանություն ունենալը: Այդ ամենի մասին նրանք պայմանավորվել են դեռևս 1908 թվականին ամերիկյան Ջեկիլ կղզում հանդիպման ժամանակ. այնտեղ հավաքվել էին Վարբուրգները, Մորգանները, Շիֆերը, Կուները, Ռոտշիլդները և այլք: Նրանք ընդունեցին բանաձև, որը մինչ օրս աշխատում է: «Մարբուրգի պլան» կոչվող այդ բանաձևն այսպես էր հնչում. «Իշխանությունն ապրանք է, թեկուզև` ամենաթանկը: Այդ պատճառով համաշխարհային իշխանությունը պետք է պատկանի միջազգային ֆինանստիստներին»: Ահա թե ինչու նրանց անհրաժեշտ է կանգնեցնել Չինաստանին, իսկ ավելի լավ է` փլուզել: Հենց Չինաստանն է, որ ունի պոտենցիալ ու դինամիկա` աշխարհի առաջին դիրքերից ԱՄՆ-ին դուրս մղելու համար»,- նշել է Իվաշովը` հավելելով, որ ամերիկացիներին առևտրային պատերազմով դա անել չհաջողվեց, իրենք էլ դրանից տուժեցին:
Հարցին, թե այդ նպատակի համար կորոնավիրո՞ւսն է կիրառվում, կամ` ի՞նչ այլ մեթոդներ կարող են կիրառվել, Իվաշովը պատասխանել է, որ այսօր զանգվածային ոչնչացման զենքերը չեն սահմանափակվում ավանդական սպառազինություններով: Այո, միջուկային զենք պետք է ունենալ, սակայն նաև մտածել` ինչո՞ւ ամերիկացիներն արդեն 40 տարի է` իրենց այդ զենքը չեն արդիականացնում, ինչո՞ւ այդ ուղղությամբ ներդրումներ չեն անում: «Այսօր զանգվածային ոչնչացման զենք են դարձել այլ բաներ, այդ թվում` վիրուսները: Այդ պատճառով ամբողջ աշխարհում ամերիկացիներն ունեն գաղտնի լաբորատորիաներ, որոնց հիմնական մասը համակարգում ու վերահսկում է Պենտագոնը: Սակայն կան նաև լաբորատորիաներ, որոնք պատկանում են գաղտնի ընկերակցությունների, միլիարդատերերի»,- նշել է Իվաշովը` բերելով Վրաստանում գործող Լուգարի լաբորատորիայի օրինակը, որտեղ ամեն ինչ գաղտնի է արվում, և ո՛չ Վրաստանի նախագահը, ո՛չ վարչապետը, ոչ ոք չի կարող մուտք գործել այդ լաբորատորիա:
Ըստ գեներալի` կիբերզենքն էլ է զանգվածային ոչնչացման զենք: «Էլեկտրոնային և համակարգչային տեխնիայի 99 տոկոսը մերը չէ, և նրանք վաղը կվերցնեն ու կանջատեն այն: Ու մենք չմնանք առանց կապի, կառավարչության, բանկային համակարգի, նույնիսկ` առանց էլեկտրականության: Իսկ մասնակի փորձարկումներ արդեն արվել են, երբ անջատվում են կայարանների, օդանավայականների ցուցատախտակները: Հեշտությամբ կարելի է ամբողջ երկիրը քաոսի, կոլապսի մեջ գցել, և ոչ մի միջուկային ռումբ հարկավոր չէ»,- ընդգծել է նա:
Իվաշովը մեկ այլ զենք էլ է մատնանշել` մարդու գիտակցության և հոգեվիճակի վրա ներգործելը, թեկուզ` կորոնավիրուսի պահով ստեղծված «պսիխոպանդեմիան»: Ըստ նրա` մեկ գործոն ևս` դեպրեսիան, որը խթանում է սիրտ-անոթային և այլ հիվանդություններ:
Հարցին` եթե կորոնավիրուսն այդպիսի հիբրիդային զենք է, ապա ներկայումս դրա փորձարկո՞ւմն է իրականացվում, Իվաշովը պատասխանել է. «Երբ լաբորատոր պայմաններում զենք ես ստեղծում, սակայն մարտականին մոտ պայմաններում դրա փորձարկումը չես իրականացնում, ոչ ոք այն քեզանից չի գնի: Այս սկզբունքն աշխատում է բոլոր ռազմական կառույցներում: Զինվորականներն ուշադիր հետևում են, թե ինչ նոր հայտնագործություններ են արել ֆիզիկոսներն ու կենսաբանները, և անմիջապես փորձում են դրանք կիրառել իրենց ոլորտում` ստեղծել հակառակորդին խոցող միջոցներ, մեկը` պաշտպանական նպատակներով, մյուսը` ագրեսիվ»: