Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է.
Այսօրվա պատերազմական պայմաններում, ես հավատում եմ մեր ժողովրդի ինքնակազմակերպման տաղանդին, նրա թաքնված, զսպանակված ներուժին, շնորհիվ որոնց, պատերազմի, աղետի պահերին մենք հրաշքներ ենք գործում։ Ես ցավոք, չեմ հավատում մեր իշխանությանն ու պետականությանը, քանի որ մեր երկրում հասարակության ընտրանին այդ պետոության հետ որևէ կապ չունի։ Այսինքն՝ ազգային էլիտան իր համար, պետությունն իր։ Եւ պետական պաշտոնյան, հաճախ, պետական մտածողությունից զուրկ է։ Եթե զուրկ չլիներ, չէր վերցնի օտարի սորոսական դրամն ու ապազգային ծրագրեր չէր իրականացնի մեր Երկրում։ Մի Երկրում, որն աշխարհաքաղաքական բարդ տեղում է գտնվում, և որի համար շատ կարևոր է, թե ովքեր են մեր բնական, ռազմավարական, իսկական դաշնակիցները, որոնց գոյաբանության հետ համապատասխանում են մեր լինելության կարմիր գծերը, և թե ովքե՞ր են մեր այն հարևանները, որոնք երազում են Հայաստանն առանց Հայերի տեսնել։ Սա է մեր խնդիրը։
Ինչևէ։
ես Ձեզ խոստացել եմ ազնիվ լինել ինքս ինձ և Ձեզ հետ, ուստի, թույլ տվեք շարունակել այսօրվա ռազմաքաղաքական իրադարձությունների վերլուծությունը։
Ավելի քան երկու շաբաթ է, մենք պատերազմի մեջ ենք՝ դաժան, ահարկու, անսպասելի ծանր, ցինիզմի ու լկտիության սահմանագծի վրա գործող հակառակորդների հետ մղվող պատերազմի մեջ։ Մենք արդեն սովորել էինք, որ որ ընդհարումները կարճատև են լինում, ինչպես 2016-ի ապրիլին, կամ այս տարվա հուլիսին, և որպես կանոն ավարտվում են մեր հաղթանակով։ Ու հանկարծ մեր դուռը թակեց մի նոր պատերազմ, պատերազմներին հատուկ կապարե դաժանությամբ ու անարդարությամբ, անօդաչու սարքերով, հրասայլերով, հրթիռներով, ամերիկյան արտադրության ինքնաթիռներով, իսլամիստ գրոհայիններով, թուրք զինվորականությամբ, իրավաբանական այնպիսի խրթին հարցերով, որոնք հնարավորություն չեն տալիս մեր ռազմավարական դաշնակցից աջակցություն ակնկալել ու պահանջել։ ՆԱՏՕ-յի և Իսրայելի փաստարկներիի մասին էլ չեմ ասում։
Բայց մի՞թե սա անսպասելի էր։ Մի՞թե մենք հետախուզություն ու հակահետախուզություն, վերլուծական կենտրոններ չունեինք։ Արդյոք կարելի՞ էր սորոսականություն տարածել, օտարերկրյա (Ռուսաստանի) քաղաքացիների համար տրենինգներ անց կացնել մի տարածաշրջանում, որտեղ մեր դաշնակից, Ռուսաստանի նման երկիրը հավակնություններ ու շահեր ունի։ Մի՞թե մեզ համար պարզ չէր, որ Արցախը դուրս է մնում ՀԱՊԿ-ի պայմանագրային իրավասություններից։ Իհարկե գիտեինք ու ամեն օր շեփորում էինք այդ մասին, բացատրում (օրինակ՝ ես), որ այս վերջին երկու տարվա սահմանների հանգստությունը լավ տեղ չի տանում։ Որ չի կարելի կամայականորեն պաշտոնաթող անել երեսուն տարում աճեցրած հրամանատարությանը, կամ նրանցից ոմանց դատի տալ ու կալանավորել, առանց ռազմավարական դաշնակցի կարծիքը հաշվի առնելու։ Ու բազմաթիվ այլ բաներ էինք ասում, որոնց մասին այսօր ստիպված եմ լռել։ Մենք փոքրիկ Երկիր ենք, ու լավ կլիներ, որ գիտակցեինք այդ փոքրությամբ ու ազգաբնակչության քանակային հնարավորություններով պայմանավորված մեր սահմանները։
Սակայն, ունենք այն ինչ ունենք։ Մեզ պարտադրված պատերազմը մենք արժանապատվորեն սկսեցինք, մինչև որ հասանք բանակցային ընթացքին։ Հատկապես ապշեցուցիչ են մեր հերոս երիտասարդների սխրանքները։ Սակայն այս պահին մենք փոքր ինչ սեղմվել ենք, ու եթե տրամադրվենք երկար պատերազմի, իսկ սա կարող է երկար տևել, անպայմանորեն ետ կբերենք կորցրածն էլ, մի բան էլ ավել։ Նորից եմ ասում, ես հավատում եմ մեր ժողովրդի, մեր ազգի հաարատևման բնազդին, նրա ինքնակազմակերպման մեծագույն տաղանդին։ Սակայն չի կարելի բանակցել, երբ կորցնում ես։ Ի՞նչ եք կարծում, հե՞շտ է ԱԳՆ նախարարի համար Մոսկվայում բանակցելը։ Կարծում եմ անտանելի ու ստորացուցիչ մի բան է։ Մենք պարտավոր ենք բռունցքվել ու հակահարված տալ։ Սա պարտադիր է։ Եթե ոչ, այդ բանակցությունները արժեք չունեն, քանզի պարտվողական են լինելու ու մենք ապրելու ենք մեր հերթկան հիասթափությունը։ Իսկ հաղթանակները կնքվում են զինվորի առաջ գնացող կոշիկով։
Կշարունակեմ վաղը։