Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում անհանգիստ են: Դաշինքը երկու թեւ ունի`քաղաքական եւ ռազմական: Քաղաքական թեւի ներկայացուցիչները կարողանում են Բաբայանի ձերբակալությունը ներկայացնել որպես քաղաքական հետապնդում եւ հիմնավորել դա: Ռազմական թեւի ներկայացուցիչների խոսքը բավական անհոդաբաշխ է:
ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ–լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն, օրինակ, պատասխանելով «Փաստ»-ի հարցին, թե արդյոք ձերբակալությունը քաղաքական հետապնդում է Բաբայանի նկատմամբ ասել է. «Իհարկե, էն էլ ոնց: Քաղաքական հետապնդում չլինի, «Իգլան» ի՞նչ գործ ունի Սամվել Բաբայանի հետ կամ մեր հետ, դաշինքի հետ «Իգլան» ի՞նչ գործ ունի: «Իգլան» ո՞ւմ համար էր բերում, սամալյո՞տ էր խփում»:
Նման հարցադրումներն իրենց տրամաբականական շարունակությունն են ունենում: Օրինակ, երբ ասվում է՝ կարող է՞ սամալյոտ էր խփում, շարունակությունը ենթադրում է` իսկ ինչո՞ւ ոչ, հատկապես եթե այդ «սամալյոտը» Սերժ Սարգսյանին տեղափոխելիս լիներ:
Դաշինքի անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը «1in.am»-ի հարցազրույցում մեկնաբանելով Բաբայանի ձերբակալությունը ասում է, որ դա խորը արմատներ ունի: Ըստ Հակոբյանի, որեւէ պետական պաշտոնյա իրավունք չունի նույնիսկ մտածել այդ հողերը վերադարձնելու մասին, դա դավաճանություն է, որը չի ներվում:
Հակոբյանը դիմում է իշխանություններին. «Ես եւ իմ համախոհները չենք ուզում, որ որեւէ մեկից արյուն կաթի, թող մեզ չտանեն դրան, մենք առաջին դեմն ենք դրա, բայց իրավիճակ է ստեղծվում...»:
Հետախույզ Վովա Վարդանովը այսօր տարբեր ԶԼՄ-ներում մեկնաբանելով Սամվել Բաբայանի պատվերով «Իգլա» բերելու լուրը ասում էր, որ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա երկու բան կարող է նշանակել. «կամ մարդիկ 90-ականների ֆիդայական մղումներով ուզում են գնալ սահման պաշտպանել, կամ տեռորիստական նպատակներով է բերվել»:
Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Սամվել Բաբայանն ու նրա դաշնակիցները ծրագրում էին մարտի 27-ին ինչ-որ գործողություն իրականացնել: Որեւէ պաշտոնական տեղեկություն կամ մամուլի արտահոսք այս մասին չկա: Տեղեկություն չկա նաեւ այն մասին, թե արդյոք մարտի 27-ին Սերժ Սարգսյանը որեւէ տեղ պետք է մեկնի: Ամեն դեպքում, առեղծվածային ամսաթվից 5 օր առաջ Բաբայանի ձերբակալությունը հետաքրքիր զուգադիպություն է:
Բոլորը արձանագրեցին, որ «Ժամանակ» թերթին իր աղբյուրները հայտնել էին, որ «Սասնա ծռեր-2» նախապատրաստելու համար ԱԱԾ-ն Սամվել Բաբայանին ձերբակալելու է: Լուրը տպագրվել էր թերթի երեկվա համարում. նույն օրն էլ Բաբայանը ձերբակալվեց:
Մոտ տասը օր առաջ նույն թերթի աղբյուրները հայտնել էին, որ փորձ է արվելու «Սասնա ծռեր-2»-ը կրկնել ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ «Բազմաթիվ օջախներում պետական հաստատությունների գրավումը կատարվելու է այն համոզմամբ, որ Հայաստանի ոստիկանական եւ իրավապահ այլ ստորաբաժանումների ուժերը չեն կարող միաժամանակ մի քանի կետերում իրավիճակի վերահսկողություն սահմանել»,-գրել էր թերթը:
Նկարագրվող օպերացիան, ինչ խոսք, անհամեմատելի է ՊՊԾ գնդի գրավման հետ, եւ ենթադրում է շատ մեծ թվով մարդկանց ներգրավվածություն: Դժվար է ասել՝ ինչ կապ կա այս տեղեկատվության եւ այսօրվա հարցազրույցում Սմբատ Հակոբյանի հետեւյալ հայտարարության միջեւ. «Սամվել Բաբայան-Սեյրան Օհանյան տրամաչափը այնքան խոշոր է, որ երբեք պետք չի ոչ գործունեության ընթացքի, ոչ ծրագրերի, ոչ էլ որեւէ պարագայում համեմատել «Սասնա ծռեր» գործողության հետ»:
Մի բան պարզ է. առաջիկայում կամ զանգվածային ձերբակալություններ են լինելու կամ`զանգվածային գործողություններ: Երրորդ տարբերակը` կողմերի միջեւ փակ դռների հետեւում հնարավոր հաշտությունը, թեեւ լավագույն լուծումը կլիներ, բայց այս պահին անհավանական է թվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում