կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-04-28 14:40
Հասարակություն

Հայկական լեգեոնը և Կիպրոսը

Հայկական լեգեոնը և Կիպրոսը

«Արձագանք»-ը հայ համայնքի գիտնական և գիտաշխատող Ալեքսանդր-Միքայել Հաջիլրային խնդրել է ամեն օր հոդված տեղադրել` որպես հարգանքի տուրք մեկ դար առաջ Կիպրոս փախած` Հայոց ցեղասպանությունը վերապրածների համար: 10 ընտրված հոդվածներ կհրապարակվեն 2020 թվականի ապրիլի 20-30-ը:

Հայկական լեգեոնը և Կիպրոսը

1914 թ.-ին սկսվեց Առաջին աշխարհամարտը, Պողոս Նուբար փաշան՝ Հայաստանի ազգային պատվիրակության նախագահը, սկսեց լոբբինգ անել հօգուտ անգլո-ֆրանսիական դաշնակիցների կողմից հայկական օժանդակ ուժի ձևավորման: Նրա նախնական առաջարկը չընդունվեց, հիմնականում` բրիտանացիների և ֆրանսիացիների տարբեր նկրտումների պատճառով: 1915-ին նմանատիպ առաջարկություններով են հանդես եկել ՀՅԴ անդամները, Ազգային պաշտպանության հայկականկոմիտեն, Եգիպտոսի հայերի ազգային միությունը, նույնիսկ՝ ռուս-հայկական կապիտան Արշակ Թորգոմը, որոնք բոլորը մերժվել են` մասամբ վախից, որ սա կարող է «կայծ տալ» օսմանյան վրեժխնդրությանը:

Լեգեոնի ձևավորման համար առիթ եղավ 4.083 հայ փախստականների՝ Մուսա լեռից ֆրանսիական նավատորմով 1915-ի սեպտեմբերին բրիտանական Պորտ Սաիդ տեղափոխումը: Պողոս Նուբար փաշան և Արշակ Չոբանյանը նոր ներկայացուցչություններով հանդես եկան ինչպես բրիտանացիների, այնպես էլ ֆրանսիացիների մոտ: Վերջիններս ցանկանում էին օգնել հայերին, մանավանդ 1916 թ. մայիսի 16-ին գաղտնի «Սայքս-Պիկո»-ի համաձայնագրի կնքման ֆոնին: Երկու ամիս անց Արաբական ապստամբությունը դուրս եկավ Օսմանյան կայսրության դեմ` Մեքքայի Շարիֆի վերահսկողության տակ գտնվող Հուսեյն բին Ալիի գլխավորությամբ՝ ուժեր կազմելով ֆրանսիացիների հետ, այդպիսով ստիպելով Պիեռ Օգյուստ Ռոքսին վերանայել իր ավելի վաղ կայացրած որոշումը:

Բրիտանացիների և ֆրանսիացիների միջև նոր գաղտնի բանակցությունների դրական արդյունքից հետո Պողոս Նուբար փաշան համաձայնության եկավ ֆրանսիացի դիվանագետ Ֆրանսուա Ժորժ-Պիկոտի և բրիտանական գնդապետ Մարկ Սիքեսի հետ 1916 թվականի հոկտեմբերի 27-ին: Լեգեոնը պետք է ազատագրեր Կիլիկիան` Արևմտյան Հայաստանում ֆրանսիական պրոտեկտորատ ձևավորելով, որը հետագայում պետք է դառնար անկախ պետություն: Պաշտոնապես ստեղծվելով 1916 թ. նոյեմբերի 15-ին` այն կոչվել է «Արևելյան Լեգեոն», որպեսզի չհանգեցնի թուրքական արձագանքների և թույլ տա սիրիացի զինվորների մասնակցությունը։

Հիմք ընդունելով կանոնադրությունը, որը ստորագրվել էր Փարիզում 1916 թվականի նոյեմբերի 26-ին, Արևելյան լեգեոնը դարձավ Ֆրանսիայի բանակի օժանդակ ստորաբաժանում: Արդեն որոշվել էր, որ Կիպրոսը կօգտագործվի որպես  բազա, իսկ ավելի կոնկրետ՝ Մոնարգան՝ Կարպաս թերակղզու տարածքում, որն ընտրել է մայոր Լուի Ռոմիեն: Ճամբարը կառուցվել էր 1916 թ.-ի դեկտեմբերին ինչպես Մուսա լեռան փախստականների, այնպես էլ եգիպտահայերի կողմից:

1917-ի ամբողջ ընթացքում և 1918-ի առաջին կեսին հայ կամավորները ժամանում էին Ֆամագուստայի նավահանգիստ ամբողջ աշխարհից՝ հիմնականում Մերձավոր Արևելքից, Ֆրանսիայից և Միացյալ Նահանգներից, Մարսելի և Պորտ Սաիդ նավահանգիստներով: Կային նաև կամավորներ Արգենտինայից, Բուլղարիայից, Եթովպիայից, Միջագետքից, Ռումինիայից և Կովկասից: Ամերիկահայերը, թերևս, առավել ոգևորված էին, և նրանք կազմեցին 3-րդ գումարտակի 2-րդ մասը: Չնայած նրանց տրված հրամանին՝ վերջիններս հրաժարվեցին թողնել իրենց պատառոտված ամերիկյան դրոշը, որն այն ժամանակ ուներ 48 աստղ:

Բոլոր չորս հայկական կուսակցությունները (ներառյալ` Բարեփոխված Հնչակյան), ՀԲԸՄ-ն և տեղական մի շարք հայկական կազմակերպություններ աջակցեցին Լեգեոնին ինչպես ֆինանսական ներդրումներով, այնպես էլ սփյուռքահայերի հավաքագրմամբ: Ընտրության գործընթացը բավականին խիստ էր, մինչդեռ մեծ դժվարությունները և տրանսպորտի մեծ ծախսերը խոչընդոտում էին Նոր աշխարհից կամավորների ժամանմանը: Լրացուցիչ խնդիր էր կամավորների տեղափոխումը Հավրից և Բորդոյից Մարսել բաց երկաթուղային գնացքներով` տարածում գտած վարակիչ հիվանդությունների շրջանում և այլ վտանգավոր պայմաններում։

Դեռևս Կիպրոսում, քանի որ կամավորների թիվը հետզհետե մեծանում էր, երեք ճամբար կառուցվեց, հիմնականում` մեկ վայրում` ջրի պաշարների բացակայության պատճառով. այնտեղ էր կենտրոնական ճամբարը՝ Քեմփ Սուդիեն, որի հյուսիսում Կամպ դե Մոնարգան էր, իսկ երրորդ ճամբարը, որը, ի վերջո, օգտագործվեց սիրիացիների կողմից, «Camp du nouveau puits» էր: Կենտրոնական ճամբարը բաղկացած էր շտաբից, զորանոցից, տարբեր օժանդակ օբյեկտներից (ներառյալ ջրավազան) և փոքր մատուռից։

Մարզումները խիստ էին ՝ 07: 00-ից 17:00-ը, քանի որ միայն ոգին բավարար չէ վեհ գործի համար. կարգապահությունն ու ռազմական պատրաստվածությունը կօգներ նրանց իրականացնել իրենց նպատակները: Սպաների մեծամասնությունը ֆրանսիացիներ էին, որոնք նկատելիորեն ամբարտավան էին իրենց պահում հայերի առջև, որոնք էլ իրենց հերթին վրդովված էին նման վերաբերմունքից: Այնուամենայնիվ, ամենակարող ժամանակը, ի վերջո, բուժեց նրանց վերքերը և բարելավեց նրանց միջև եղած հարաբերությունները. ֆրանսիացիները հայերի հետ հարգանքով սկսեցին վերաբերվել և հակառակը: Բացի այդ, փոխգնդապետ Ռոմիեն առաքինության մարմնացում էր, բոլորի կողմից հարգված և հայերի հանդեպ կարեկցանքով լցված անձ։

Բացի այդ` կարևոր էր նաև հանգիստը. կամավորները կազմակերպում էին զվարճալի զանազան միջոցառումներ, որոնք ընդգրկում էին երգեր, ելույթներ, բանաստեղծություններ, դերասանական գործունեություն, երաժշտություն և այլ ներկայացումներ: Նրանք նաև հաճախակի էին այցելում մերձակայքում գտնվող Պողազի սրճարանը, ինչպես նաև կղզու տարբեր վայրեր, այդ թվում՝ Նիկոսիա, Ֆամագուստա և Սուրբ Մագարի հայկական վանք, ու նրանց այցերի ժամանակ երբեմն միջադեպեր էին լինում տեղացիների հետ։

Շատ կամավորների գրավող մի վայր էր Կանտարան. Կիլիկիայի ափերին նայող ավերված բյուզանդական ամրոցի մասին նրանք ստեղծել էին իրենց սեփական առասպելը՝ դրա կառուցումը վերագրելով Կիլիկիայի վերջին թագավոր Լևոն V-ին։ Միևնույն ժամանակ, ծովից ծով իրենց հայրենիքը աչքի առաջ, նրանք հիշում էին թուրքերի կողմից իրենց ցեղի ոչնչացման պատկերները. «Լևոնի բերդը» կանգնած էր որպես ազգի հանդեպ իրենց պարտականությունների կատարման հիշեցում…

Աշխարհիկ ռազմական առօրյայից մեկ այլ շեղում էր կիրակնօրյա պատարագը մատուռում: Սկզբնապես նրանց հոգևոր հովիվն էր Գրիգոր վարդապետ Պահլավունին, որը հետագայում վնասվածքի պատճառով հայտնի դարձավ որպես «Թոփալ վարդաբետ» (Կաղանդ վարդապետ): Մի քանի ամիս անց եկավ Վաղարշակ վարդապետ Արշակունին, իսկ 1918-ի սկզբին` Դանիել արքեպիսկոպոս Հակոբյանը, որը, ի տարբերություն առաջին երկուսի, 1920-ին պետք է դառնար է տեղի թեմի առաջնորդ։

Կիպրոսում գտնվելու ընթացքում կամավորները հատկապես անհամբեր էին` իրենց հայրենասիրական պարտականությունը կատարելու համար: Տեղյակ չլինելով պատերազմի թատերաբեմում կատարված իրադարձություններից, բացառությամբ ֆրանսիական և հայկական թերթերում որոշ սահմանափակ տեղեկատվության, նրանք տպավորության տակ էին, որ դաշնակիցները մոռացել են իրենց մասին, կամ որ մարզում են իրենց մեկ այլ նպատակի համար` մանավանդ հաշվի առնելով, որ սիրիացիների կայազորը 1918-ի հունվարին ուղարկվեց Ռուադ, որը կղզի էր Սիրիայի արևմուտքում:

Սուրբ Զատկի կիրակի օրը` 1918 թ. ապրիլի 20-ի առավոտյան, Լեգեոնը հրաման էր ստացել տեղակայվել պատերազմի ճակատում: Հաջորդ օրվանից նրանք աստիճանաբար տեղափոխվեցին Պորտ Սաիդ, իսկ այնտեղից էլ Իսմայիլիա: Լեգեոնի մեծամասնությունը լքել էր Կիպրոսը մինչև մայիսի կեսերը, այդ ժամանակ 4.662 հոգանոց զորք գտնվում էր գնադապետ Լիտի հրամանատարության ներքո: Մինչ այդ 1-ին գումարտակն ուներ դեռևս շուրջ մեկուկես տարվա մարզում, 2-րդ գումարտակը՝ մոտ ութ ամսվա, իսկ 3-րդ գումարտակն արդեն կազմավորվել էր, որից որոշ մաս մնաց Կիպրոսում` նոր զորակոչիկներ պատրաստելու, ինչպես նաև դիվերսիոն առաքելություններ իրականացնելու Պիթիուսա (Դանա) կղզու մոտ` Սելևկիայի հարավ-արևմուտքում: Մյուսները ուղարկվել էին Կաստելորիզո:

1918 թվականի դեկտեմբերին մոտ 600 կամավոր դեռ Կիպրոսում է, և բոլորն էլ, ի վերջո, հեռացան կղզուց 1919 թվականի փետրվարին:

Միևնույն ժամանակ, Լեգեոնի մնացած մասը տեղակայվեց Պաղեստինում, որտեղ գրվեցին փառահեղ էջեր՝ 1918 թվականի սեպտեմբերի 18-ին Արարայի հայտնի ճակատամարտում հաղթանակը: Հաջորդ ամիս լեգեոներների մեծ մասը մեկնեց Բեյրութ, մինչդեռ 1918 թվականի դեկտեմբերին սիրիացի զորքերը կազմեցին առանձին ստորաբաժանում: Այդ ժամանակ կար 4 գումարտակ՝ 4.368 զինծառայող և 66 սպա, որոնք հաղթականորեն հասան Ադանա 1918-ի դեկտեմբերի 21-ին Ալեքսանդրետով և Մերսինով: Տեղի հայերը, որոնք Ֆրանսիայի մանդատի տակ Կիլիկիա էին վերադարձել, ուրախացան, և իրենք՝ լեգեոներներն էլ ոգևորված էին փաստից, որ վերջապես հասել էին այնտեղ:

1919-ի փետրվարի 1-ին այն պաշտոնապես անվանվեց Հայկական լեգեոն: 1919-ի փետրվարի 26-ին Պողոս Նուբար փաշան և Ավետիս Ահարոնյանը նորաստեղծ Հայաստանի Հանրապետության անունից Փարիզի խաղաղության համաժողովին ներկայացրեցին միասնական հայկական պետության իրենց առաջարկությունը: Բացի այդ, 1919 թ. մայիսին, հանրաճանաչ հայ ազգային հերոս, գեներալ-մայոր Անդրանիկ Օզանյանը քողարկված այցելեց Կիպրոս՝ ցանկանալով ղեկավարել լեգեոնը, բայց նրա առաջարկը մերժվեց ֆրանսիացիների կողմից։

Ցավալիորեն, պայմանները անբարենպաստ էին. 1919-ի կեսերին լեգեոնի թվաքանակը հասնում էր իր սկզբնական չափի կեսին, իսկ մնացած լեգեոներների մարտունակությունը թուլացել էր: 1919-ի նոյեմբերի 1-ին Կիլիկիայում բրիտանական ուժերը փոխարինվեցին լեգեոնով,բայց քանի որ դա նախորդի ստվերն էր, Ալժիրից, Մարոկկոյից և Սենեգալից զորքեր բերվեցին: Մեկ ամիս անց Ֆրանսիան տատանվում էր իր հետպատերազմյան պարտավորությունների և Քեմալի խոստացած ֆինանսական օգուտների միջև: 1920-ի փետրվարից սկսած` լեգեոնը կամաց-կամաց նահանջում էր Կիլիկիայից ՝ թուրքերին ազատ թողնելով կոտորելու տեղացիներին և թալանելով շրջանը:

1920-ի օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը` միասնական Հայաստանի համար: Ինն օր անց գեներալ-մայոր Անրի Գուրոն՝ Լևանտի գերագույն հանձնակատարը, ամփոփ կերպով ստորագրեց հայկական լեգեոնի լուծարումը: Անդամների զինաթափումն ու ազատ արձակումն ավարտվեց 1920 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ընդամենը մի քանի կամավորների մասնակցությամբ։

Թարգմանությունը՝ Yerkir.am-ի