կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-01 14:52
Մշակույթ

Ջազի հայկական ասոցիացիան խոստացավ դատի տալ Երևանի քաղաքապետարանին

Ջազի հայկական ասոցիացիան խոստացավ դատի տալ Երևանի քաղաքապետարանին

Ջազի հայկական ասոցիացիան փետրվարի 15-ին նամակ է հղել Երևանի քաղաքապետարան այն մասին, որ այս տարի ջազի միջազգային օրը նշվելու է ապրիլի 30-ին։ Դրանից հետո քաղաքապետարանը բանավոր պատասխան է տվել, որ այս տարի նպատակահարմար չի գտնում այդ միջոցառումը կազմակերպել։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց է «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կամո Մովսեսյանը՝ ներկայացնելով մանրամասները։
«Մեզ համար դա անակնկալ էր, և այդ պահին էլ մեզ ոչ մեկը չբացատրեց՝ պատճառը որն է։ Գրեթե 10 օր անց քաղաքապետարանից ստանում ենք կրկին բանավոր առաջարկ՝ այս տարի համատեղ կկազմակերպենք ջազի միջազգային օրը, բայց մի փոքր այլ ձևաչափով՝ կազմակերպել թանգարաններում։ Պայմանավորվել ենք բոլոր թանգարանների հետ, ու որոշ ժամանակ անց նորից քաղաքապետարանից բանավոր հաղորդագրոսւթյուն ենք ստանում, որ, ինչևէ, չեն ուզում կազմակերպել՝ անգամ այդ ձևաչափով»,-ասաց Մովսեսյանը։

Նա նշեց, թե հանդիպել է Երևանի քաղաքապետի օգնականին ու ասել, որ քանի որ հոբելյանական 10-րջ միջացառումն է, սխալ կլինի չնշել այդպիսի վարկանիշային միջոցառումը։

«Երևանի քաղաքապետը երևի հասկացել է, թե ինչպիսի վարկանիշային խնդիրներ կարող են լինել Երևանի ու, նաև, ՀՀ-ի համար, և, արդեն 4-րդ անգամ, բանավոր կերպով ասել է՝ կազմակերպում ենք, բայց նույնպես այլ ձևաչափով։ Առաջարկեցինք կազմակերպել Սիրահարների այգում, նրանք էլ նշում են, որ միջոցառման կազմակերպման համար կտրամադրեն 15 մլն դրամ»,-ասաց նա։

Որոշ ժամանակ անց, Մովեսիյանի խոսքով, տեղեկացել են, թե քաղաքապետարանում խնդիրներ են առաջացել իրենց կողմից ներկայացրած աշխատանքային ֆայլի հետ կապված, Մովսեսյանն էլ զրույցել է նաև Երևանի քաղաքապետարանի մամուի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։ «Կա՛մ այս տղան տեղյակ չէ՝ քաղաքապետարանում ինչ է կատարվում, կա՛մ պարզապես սուտասան է»,-նշեց նա, ապա հավելեց․

«Ապրիլի 30-ին քաղաքապետարանի կողմից ստացել եմ մերժման փաստաթուղթը։ Դրանում նշված է, թե համերգի կազմակերպման վերաբերյալ Ջազի հայկական ասացիացիայի տրամադրած ֆինանսական հաշվարկը ողջամիտ կասկած է հարուցել՝ ներկայաված ծախսերի՝ ուռճացրած լինելու առումով, ինչի կապակցությամբ ներկայումս Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումն իրականացնում է քննություն»,-ասաց Մովսեսյանը, ապա նշեց, որ Ջազի հայկական ասոցիացիան որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացրել քաղաքապետարանին։

«Մենք ներկայացրել ենք աշխատանքային թուղթ է, որի շուրջ պետք է լինեին քննարկումներ։ Մեզ հետ որևէ քննարկում չի եղել։ Տալիս եմ 3 աշխատանքային օր, որ ներկայացնեք «Ջազի հայկական ասացիացիա ՀԿ»-ի կողմից տրամադրված ֆինանսական հաշվարկը, որտեղ կլինի կնիք և ստորագրություն։ Եթե Երևանի քաղաքապետարանը եռօրյա ժամկետում չներկայացնի դրանք, Ջազի հայկական ասացիացիան դիմելու է դատարան՝ իր անունը պախարակելու փորձի և հերյուրանքների համար»,-ասաց նա, ապա դիմեց Երևանի քաղաքապետին․

«Պարո՛ն քաղաքապետ, նույն էնտուզիազմով պարզեք, թե ինչի վրա է ծախսվել Թատրոնի միջազգային օրվա 45 մլն դրամը»։