կարևոր
5203 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-29 15:24
Քաղաքական

Փաշինյանը քաղաքացուց թաքուն կնշի «Քաղաքացու օրը»

Երեւանի փողոցներում խորոված պատրաստող, ժողովրդի ծառա Փաշինյանն այդպես էլ չհայտարարեց` որտեղ է նշելու իրենց հռչակած Քաղաքացու օրը: Գուցե Փաշինյանին ընտրած հպարտ քաղաքացին հենց նրա հե՞տ էր ցանկանում նշել այսպես կոչված տոնը:

Փաշինյանը, որը սովորաբար տեսաուղերձով է շնորհավորհանքներ հնչեցնում, առավոտ կանուխ ֆեյսբուքյան գրառում էր արել՝ հրահանգել, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի ու պարտավոր է լինել հպարտ: Միայն թե հետաքրքիր է՝ ո՞ր քաղաքացու մասին է ասում Փաշինյանը: Այն քաղաքացու, որի տունն ու հողամասը իր վարած քաղաքականության արդյունքում հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ, թե այն քաղաքացու, որը զավակ է կորցրել: Գուցե այն քաղաքացո՞ւ, որի դեմքին թքում են «դավաճա՛ն» գոռալու համար, որին իր չծնված երեխայի հետ գցում են Փաշինյանի ավտոշարասյան տակ ու սպանում, թե՞ նրանց, որոնց պառնում են  ականջ ու լեզու կտրել:

Փաշինյանն ասում է՝ աղետները վրա հասան երկար տարիներ ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճ չունենալու հետեւանքով, այն տաբուների, կաղապարների եւ ճշմարտությունների պատճառով, որոնք ստեղծվել էին բարեհունչ վերնագրերի ներքո, բայց ոչ հանուն պետականության:

Ստացվում է՝ մենք Արցախի շուրջ 75 տոկոսը կորցրինք, Հայաստանի սուվերեն տարածք մտան ադրբեջանցիները, որովհետեւ նախկինների օրոք ժողովրդավարության պակաս կար երկրում: Գուցե Փաշինյանը կարծում է, որ Ալիեւն էլ հաղթեց, որովհետեւ ժողովրադավա՞ր է, կամ աշխարհի բռնակալները, օրինակ՝ Ստալինը, ժողովրդավարության միջոցով է հաղթել Երկրորդ աշխարհամարտը:

Անկասկած, Փաշինյանը պողպատե տրամաբանություն ունի, հատկապես, երբ մեր մեծագույն ձախողումը համարում է 30 տարի ժողովրդավար չլինելու մեջ:

Փաշինյանը 2019-ին ասում էր՝ ո՞նց կարող եմ սպեցնազը հանել ու ծեծուջարդ անել, ես խոսքով եմ հեղափոխություն արել:

Հետագա տարիներին պարզվեց, որ Փաշինյանը լավ էլ կարողանում է ծեծուջարդ անել: Երբ հարցը վերաբերվում է աթոռ պահելուն, քաղաքացին ե՛ւ ծեծվելու մատերիալ է դառնում, ե՛ւ տուգանվելու, ե՛ւ բռնվելու:

2018-ի իշխանափոխությունից մեկ տարի հետո իրեն հեղափոխական հռչակած քաղաքական թիմը Քաղաքացու օր ունենալու համար «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարեց, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն մեծ «շուքով», այն է՝ մայրաքաղաք Երևանը բացօթյա խորովածանոցի վերածելու միջոցով  նշվել է միայն 2019 թ.: Հետագայում, երբ հայ ժողովրդի կյանքում շարունակական են դարձել ծանր պարտությունները, նվաստացումներն ու մղձավանջը, նորահայտ տոնը հանրայնորեն չի նշվել:

Իրականում՝ իշխանավորներն այս տոնն իրենց իշխանության գալը նշելու համար մտցրեցին, և այն իշխանափոխությունից հետո պաշտոններ ստացած ու բարձր պարգեւավճարներ ստացող քաղաքացու օրն է, որը Փաշինյանը դեռ 2019 թ. Կառավարության նիստում համեմատել էր Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոների հետ:

 

Անի Նահապետյան