կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 19:21
Քաղաքական

1915 թ. ապրիլի 11/24-ի պոլսահայ մտավորականության ձերբակալման մասին ՀՅԴ առաջին տեղեկատվությունը

1915 թ. ապրիլի 11/24-ի պոլսահայ մտավորականության ձերբակալման մասին ՀՅԴ առաջին տեղեկատվությունը

1915 թ. ապրիլի 11/24-ի պոլսահայ մտավորականության ձերբակալման մասին ՀՅԴ առաջին տեղեկատվությունը կատարվել է ապրիլի 24/27-ին: Երկու էջանոց այս փաստաթուղթը կիսատ է ու անավարտ: Դրա շարունակությունը կա ՀՅԴ արխիվի նույն թղթածրարում, և այն արտագրվել է ՀՅԴ Բալկանների կենտրոնական կոմիտեի գործավարի կողմից:  Առհասարակ այս փաստաթղթերը եղել են ծածկագիր և գրվել են գաղտնի մելանով: Այն արտագրություն է «Վիշապի»`ՀՅԴ Պոլսի  շրջանի հղած փաստաթղթից: Նպատակ ունենալով ի սկզբանե հավաքելու երկրի տարածքում և ողջ Оսմանյան կայսրությունում հայության նկատմամբ սանձազերծված վայրագությունների փաստերը ու դրանք  փոխանցելու մի քանի հասցեներով` վերոնշյալ փաստաթղթի մեկ օրինակն էլ ուղարկվել է Եգիպտոս: Ներկայացնում ենք ՀՅԴ կենտրոնական արխիվում հանգրվանած «Եգիպտական արխիվում» պահպանվող պատճենը:

Փաստ. 881

Պոլսէն մեզ հետեւեալը կը գրեն.

«Դէպքը տեղի ունեցաւ առանց ոեւէ առիթի:

Ճիշդ է, օրեր առաջ չարագուշակ շշուկներ կը պտտէին, բայց դժուար էր երեւակայել այսպիսի զանգուածային կալանաւորումներ, ուր նկատի չառնուեցան ո՛չ հպատակութիւն, ո՛չ դասակարգ եւ ո՛չ ալ  քաղաքական դաւանանք:

Շաբաթ առտուընէ Պոլսի ամբողջ ոստիկանութիւնը շարժման մէջ դրուած էր: Սկսան հատ-հատ ձերբակալումներ նախապէս պատրաստուած ցանկով: Գիշերը տեղի ունեցաւ բուն դաւը` տեւելով մինչեւ կիրակի: Հ.Յ. Դաշնակցութեան ծանօթ դէմքերէն գրեթէ ամէնքն ալ ձերբակալուեցան եւ կէս գիշերէն օթոմոպիլներով, ոստիկաններու եւ ժանտարմներու հսկողութեամբ փոխադրուեցան Կեդր. բանտ: Նոյն ժամուն հսկողութեան տակ առնուեցաւ «Ազատամարտի» խմբագրատունը, ու հոն գտնուածները նոյնպէս ձերբակալուեցան: Մինչեւ օրս ալ շէնքը փակ է, եւ առջեւը ոստիկաններ դրուած են:

Դաշնակցականներէ զատ` ձերբակալուած են հայկական բոլոր կուսակցութիւններու, հիմնարկութիւններու եւ միութիւններու աչքի ինկնող անդամները, մէկ խօսքով` բոլոր անոնք, որ կրնային ոեւէ դեր խաղալ հանրային գործերու մէջ:

Մինչեւ ներկայ վայրկեանը ձերբակալուած են ի մէջ այլոց հետեւեալները.- Ակնունի, Խաժակ, Շահրիկեան, Հրաչ, Բ. Շահպազ, Ռ. Զարդարեան, Շամիլ, Սիամանթօ, Մովսէս Պետրոսեան, Դանիէլ Վարուժան, Ժիրայր, Արամ-Աշոտ, Տոքթ. Փաշայեան, Տոքթ. Քեթենճեան, Գ. Բարսեղեան, Հ. Համբարձումեան, Բիւզանդ Քէչեան եւ իր որդին Պարոյր, Տոքթ. Թորգոմեան, Տք. Տաղաւարեան, Տիրան Քելէկեան, Լեւոն Լարենց, Ներսէս Զաքարեան, Չավուշեան, Արամ Անտոնեան, Եր. Օտեան, տպարանատէր Ատոմ Շահէն, Մելքոն Կիւրճեան, Կիկօ, Կավռոշ, Սկիւտարի եւ Գում-Գաբուի միութիւններու վարչութեանց անդամները ու դեռ բազմաթիւ ուրիշ անձեր, բժիշկ, դեղագործ, վաճառական եւայլն:

Հոգեւորականներէն ձերբակալուած են Կոմիտաս, Յովնան, Պալաքեան վարդապետները, Յուսիկ քահանայ եւ ուրիշները:

Վարդգէսին առաջարկուած է երեք օրուան մէջ հեռանալ Պոլսէն> ոեւէ թրքաբնակ վայր: Վերջին պահուն Գ. Զօհրապն ալ  նոյն իմաստով ազդարարութիւն ստացավ: Կ’ըսուի, թէ ձերբակալուածներուն մէջ կայ 15-20 թուրք:

«Խիստ կերպով խուզարկուեցան Պատրիարքարանը, Գում-Գաբուի, Եէնի Գաբուի, Սամաթիոյ դպրոցներն ու եկեղեցիները: Ամէն տեղ խուզարկութիւնը մեծ յուսախաբութիւն ունեցաւ, որովհետեւ խուզարկութիւնները ոչ մէկ արդիւնք տուին` չնայելով որ անգամ բոլորովին անյայտ մարդոց տուներէն պարկերով գիրք, թուղթ ու պատկերներ տարուած են:

Կալանաւորներէն ոչ մէկը կարելի եղավ տեսնել: Թոյլ չտրուեցաւ մինչեւ իսկ ծնողներուն տեսնուիլ իրենց մերձաւորներուն հետ: Կ’ըսուի, թէ բոլոր ձերբակալուածները, որոնց թիւը կ’անցնի 300-ը , աքսորուած են Գոնիա կամ Էնկիւրի:

Վերջին պահուն իմացանք, որ ձերբակալուածներէն մէկ քանին, ինչպէս, օր[ինակի] համար, Բ. Քէչեանը, ազատ արձակուած են»:

ՆԻՒԹԵՐ Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ, ԺԲ ՀԱՏՈՐ,  ԷՋ 20

Պէյրութ, Մայիս 2016 

«Դրօշակ», թիվ 4 (1638), ապրիլ, 2020 թ.