Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր պետականության համար այս բախտորոշ ժամանակաշրջանում իր ազդեցիկ խոսքը պետք է ասի հայ ազգային մտավորականությունը: Ցավոք, հենց ազգային մտավորականությունն էլ ներհայաստանյան կյանքի ամենաթույլ օղակն է, եթե, իհարկե, ասելու չլինենք, որ, ըստ էության, ազգային մտավորականությունը բացակա է:
Ընդհանրապես հասարակությունը մտավորականության արտացոլանքն է: Թերևս կարիք չկա պատմությունից օրինակներ բերելու, թե ինչ հզոր, կազմակերպված, ծանրակշիռ ուժ է իրենից ներկայացրել հայ հասարակությունը, երբ այն ղեկավարվել կամ ուղղորդվել է ազգային մտավորականության կողմից:
Համաշխարհայնացման այս մոլեգնող ժամանակաշրջանում ազգային մտավորականության դերն առավել է կարևորվում: Մենք այսօր հայ հասարակությանը ազգային ուղղվածություն հաղորդելու խնդիր ունենք, որի ճարտարապետը կարող է լինել միայն ազգային մտավորականությունը: Կարճ խոսքով՝ ազգային մտավորականությունն է կերտելու մեր ազգային ընդհանրությունը:
Մտավորականությունը պետք է առաջինը բարձրաձայնի մեր հասարակության և պետության մեջ գոյություն ունեցող արգահատելի ամենատարբեր երևույթների մասին: Մտավորականության դիրքորոշումը վճռական պետք է լինի մշակույթի, ժողովրդավարության, արդարադատության ասպարեզներում: Այլասերման դեմ պայքարում հատկապես էական ու կենսական է մտավորականության խոսքը:
Ազգային մտավորականությունը չպետք է զլանա համարձակություն դրսևորել հոռի երևույթների քննադատության մեջ: Այն իր ըմբոստ, արդարամիտ, ինքնազոհաբերվող կեցվածքով պետք է հանդիսանա հայկական ժամանակակից ասպետությունը: Ազգային մտավորականությունը պետք է արձանագրի պետության սոցիալական վիճակի բացերը և ցույց տա իրավիճակը շտկելու ուղղություններն ու սկզբունքները:
Ազգային մտավորականությունը ուղղակի պետք է համակված լինի մեր հասարակության զարգացման առաքյալը լինելու գաղափարով: Հասարակության վերափոխումն ու կրթումը ազգային մտավորականության համար պետք է պարտքի, հանձնառության զգացողություն լինի:
Ազգային մտավորականությունը միշտ էլ և հատկապես հիմա պետք է մեր հասարակությանը դեպի լավը վերափոխելու, մեր պետականությունը հզորացնելու սեփական այլընտրանքային ծրագիր ունենա և վտանգի պահին առաջնորդվի դրանով: Մի առիթով Գ. Նժդեհն ասել է. «Վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան»: Մեր մտավորականությունը պետք է ցույց տա, որ մենք պատրաստ է վերափոխվելու: Ազգային մտավորականությունը պետք է ունենա այդ նախաձեռնողականությունը, բավարար ինքնավստահություն ցուցաբերի ճակատագրական այս պահին առաջնորդի դերը ստանձնելու և ժողովրդին փորձանքներից ապահովագրելու համար:
Ազգային մտավորականությունը պետք է իր ողջ ներուժով ծառայի հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացմանը, որն էլ պետք է տեսական հիմքեր ապահովի հասարակության գործնական առաջընթացի համար: Իսկ թույլ և տկար ազգային մտավորականությունը ի վիճակի չէ զարկ տալ հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացմանը:
Անշուշտ, ազգային մտավորականությունն անհատները չեն: Այլապես այսօր մենք ունենք բազմաթիվ անհատ մտավորականներ, որոնք իրենց մասնագիտական որակներով ոչ միայն բարձր դիրք ունեն հայաստանյան հասարակության մեջ, այլև լուրջ կշիռ ունեն միջազգային ասպարեզում: Խոսքը մտավորական շերտի, մտավորական դասի մասին է: Այդ մտավորական դասը պետք է լինի գաղափարական, կազմակերպված և վայելի հանրային մեծ ընկալում:
Խաչատուր Ստեփանյան
պատմական գիտությունների դոկտոր