կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-03 11:02
Հասարակություն

Կաթողիկոսը կարևորել է ՀՀ և ՌԴ մտավորականության դերն ի նպաստ երկու դաշնակից պետությունների

Կաթողիկոսը կարևորել է ՀՀ և ՌԴ մտավորականության դերն ի նպաստ երկու դաշնակից պետությունների

Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի: Պրն. Սադովնիչին Հայաստան է ժամանել Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության առիթով: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Մոսկվայի պետական համալսարանի կողմից Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի առնչությամբ` շնորհավորելով ՄՊՀ ռեկտորին համալսարանի երևանյան մասնաճյուղի շրջանավարտների առաջին սերնդի պատրաստման կապակցությամբ: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ նշանավոր համալսարանի մասնաճյուղն իր հետևողական գործունեությամբ մեծապես կնպաստի երկրում կրթության և գիտական մտքի զարգացմանը, ինչպես նաև կդառնա հայ-ռուսական բարեկամության զորացման կարևոր օջախներից մեկը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով հավատակից երկու ժողովուրդների բազմադարյա եղբայրական հարաբերություններին, կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի մտավորականության, կրթության, մշակույթի և գիտության մշակների գործակցությունը` ի նպաստ երկու դաշնակից պետությունների, իշխանությունների ու եղբայրական ժողովուրդների միջև փոխըմբռնման ու համագործակցության խորացման:

Իր հերթին ՄՊՀ ռեկտորը, խոսելով համալսարանի երևանյան մասնաճյուղի կրթական գործընթացի մասին, ուրախություն հայտնեց արձանագրած հաջողության կապակցությամբ` կարևոր նկատելով երիտասարդներին կրթելու առաքելությունը: Տիար Վիկտոր Սադովնիչին Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Մոսկվայի պետական համալսարանի լայնածավալ գործունեությունը` անդրադառնալով նաև համալսարանի ու Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջև առկա սերտ համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը հերթական հանդիպման համար` ՄՊՀ ռեկտորը վերհիշեց իր այցելությունները Սուրբ Էջմիածին, կարևոր նկատեց Հայոց Եկեղեցու դերը հայ ժողովրդի միասնության և հայկական սփյուռքի պահպանման գործում:

Զրույցի ընթացքում խոսվեց արդի աշխարհի մարտահրավերների մասին, մասնավորապես ընդգծվեց երիտասարդության կյանքում հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդման ուղղությամբ կրթական և հոգևոր հաստատությունների ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը: Այդ առումով կարևորվեց համալսարանական երիտասարդության հետ տարվող աշխատանքը: Վեհափառ Հայրապետը խոսեց Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի, մասնավորապես Մայր Աթոռի հովանու ներքո գործող Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման կողմից նախանշվող հոգևոր-կրթական ծրագրերի մասին: