Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Yerkir.am-ը ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի` 1965 թվականի Բ-Դ համարում տպագրված` գեղանկարիչ, ազգագրագետ Առաքել Պատրիկի (Առաքել Նշան Պատրիարքյան) հուշագրությունը, որում պատմվում է Դանիել Վարուժանի և Ռուբեն Սևակի վերջին ժամերի մասին:
Կես դար է անցել այն օրից, երբ մենք` վերապրողներս, հանդիսատես եղանք մի այնպիսի համատարած եղեռնի, որի նմանը չի արձանագրել մարդկային պատմությունը։ Մի եղեռն, տարիներ առաջ պետականորեն ծրագրված, դավադրորեն կազմակերպված և ամենաանգութ կերպով գործադրված մի խաղաղ, ստեղծագործ ժողովրդի դեմ, որպես ազգային բնաջնջում...
Այս տողերը գրողը դժբախտաբար ականատես վկաներից մեկն է եղել այդ եղեռնագործության։
Ես ուզում եմ միայն համառոտակի պատմել մի դրվագ, ուր իմ վշտահար սիրտը մի անգամ ևս ցնցվեց անհուն կսկիծով, իմանալով իմ սիրելի ուսուցչի` Դանիել Վարուժանի նահատակման սոսկալի մանրամասնությունները, պատմված Չանղըրըի հենց նրա տանտիրոջ կողմից:
1917 թվականին ես նորից զինվորական իշխանության ձեռքն ընկա ու քշվեցի Գոնիայի զորանոցը։ Սակայն հայի համար ի՛նչ զինվորություն. դա էլ հաճախ մի պատրվակ, մի միջոց էր բնաջնջման։
Հսկա զորանոցում միակ հայը ես էի։ Ձեռքն ընկա մի վայրագ, արնախում չավուշի, որ միշտ թշնամաբար էր վերաբերվում ինձ հետ, գերիի նման ինձ ծառայեցնելով սև աշխատանքում միայն ու հաճախ հայհոյելով և արժանապատվությունս վիրավորելով։
Մի անգամ, երբ աշխատում էի խոհանոցում, բոլորովին անտեղի կերպով սկսեց ինձ հայհոյել, անպատվել կրոնս էլ, ազգությունս էլ։
Այլևս չկարողացա հանդուրժել, ընդհատեցի գործս ու ասացի.
- Քանի ես էլ օսմանյան զինվոր եմ, ուստի իրավունք չունեք վիրավորելու իմ ազգային արժանապատվությունը։
Իմ այդ անսպասելի համարձակությունը սաստիկ զայրացրեց նրան. մերկացրեց իր սվինն ու գոչեց.
- Խնզի՛ր գյավուր, ես հիմա ցույց կտամ քեզ...
Մինչ այդ, ես էլ իմ մոտի կրակարանից անմիջապես վերցրի երկաթյա մեծ ունելին, ինքնապաշտպանության համար։
Այդ որ տեսան խոհանոցում գտնվող թուրք զինվորները, միահամուռ խուժեցին վրաս` հարվածներ տեղալով, ու թևիցս բռնած, տարան զորանոցի հերթապահ սպայի առաջ, ամբաստանելով ինձ որպես ապստամբի։
Արյունը ծորում էր վիրավոր գլխիցս ու ներկել էր դեմքս։ Փորձեցի ինքնարդարացման մի խոսք ասել, սակայն սպան, որ մինչ այդ բեղերը ոլորում էր ու գլուխը ոխակալորեն շարժելով ինձ էր նայում սադայելի նման, լռեցրեց ինձ մի հայհոյանք պոռթկալով, ու հրամայեց, որ ինձ նետեն շղթայակապների բանտը։ Հազիվ ներս մտած, կիսախավար միջանցքում հետզհետե խռնվեցին կալանավորները, զրնգացնելով իրենց շղթաներն ու հետաքրքրվելով իմ հանցագործությամբ։ Սակայն ես շվարել էի, չգիտեի ո՛ր մեկին պատասխանել, մանավանդ որ դեմքս ի վար հոսում էր արյունը, ու ես ստիպված էի շարունակ սրբել։ Նրանց մեջ մեկուսի կեցել էր բարձրահասակ և թիկնեղ մի երիտասարդ, զինվորական հագուստով, սակայն առանց ուսադիրների, նա ինձ էր նայում։ Տեսնելով իմ շվարուն և վիրավոր վիճակը, հրամայեց շուրջիններին, որ թողնեն ինձ իր մոտ գնալու։ Ես մոտեցա նրան, բարևեցի։ Նա ինձ առաջնորդեց իր թախտի վրա, անձեռոց տվեց, որ սրբեմ դեմքիս արյունը, ծխախոտի մոխիր ցանեց գլխի վերքիս վրա արյունահոսությունը դադարեցնելու համար, ու թողեց, որ հանգստանամ։
Երբ բավականին հանդարտվել էի, սկսեցինք խոսակցել: Պարզվեց, որ նա չանղըրըցի է, իսլամացած թրքախոս հայ, Իբրահիմ անունով։ Ինձ խստիվ պատվիրեց, որ իր հայ լինելու մասին գաղտնապահ մնամ։ Հետո, երբ ավելի մտերմացանք, նա հարցրեց, թե երբևէ լսե՞լ էի Վարուժան անունով մի բանաստեղծի մասին։ Զարմացած, նրան նայեցի.
- Ինչպե՞ս թե. բայց նա մեզ ուսուցիչ է եղել Սեբաստիայում,- ասացի ոգևորված։
Նա ձեռքով նշան արեց, որ զգուշավոր խոսեմ. ուստի շշնջալով հարցրի, թե ի՞նչ գիտեր նրա մասին։
Իբրահիմը լռում էր գլխահակ, մերթ կրկ նելով.
- Հե՜չ, ոչի՜նչ...
Իմ պնդումների վրա, վերջապես ինձ շշնջաց.
- Նա մեր տանն էր բնակվում երկու ուրիշ ընկերների հետ, որպես վարձակալ, նրանցից մեկը դոկտոր Սևակն էր. մյուսի անունը հիմա չեմ հիշում։ Հայրս քաղաքի ամենալավ դերձակը լինելուն համար, կառավարիչը առաջարկել էր նրան կա՛մ իսլամանալ ընտանյոք, և կամ քշվել դեպի աքսոր... Ուստի, իսլամանալով, մենք մնացինք և մեզի նման ուրիշ մի քանի հայտնի արհեստավորներ։ Նրանց տներում էլ աքսորական վարձակալներ տեղավորված էին, որոնք մերթ գալիս, հավաքվում էին Վարուժանի մոտ։ Նա կարդում էր իր գրած նոր բանաստեղծությունները, սակայն հաճախ այնքան էր հուզվում, որ չէր կարողանում շարունակել, ու նստում, հեկեկում էր, դեմքը ձեռներովը ծածկած։ Այդ ժամանակ լսվում էր Կոմիտաս վարդապետի «Տէ՜ր, ողորմեա'յ»-ն։ Ներկաները նրան ձայնակցում էին արտասվագին։ Էլ ո՜ր մեկ սիրտ կդիմանար... Կողքի սենյակից այդ ամենը լսում էինք ու մենք էլ լաց լինում...Կոմիտաս վարդապետը հետո արտոնվեց վերադառնալ Պոլիս։ Վարուժանին շարունակում էին այցելել նրա մտերիմ ընկերները։
- Հետո , հետո՜,- կրկնում էի ես հուզված, շունչս բռնելով։
- Խեղճ Վարուժանը օրնիբուն կա՛մ կարդում էր, և կամ գրում։ Նա շատ էր սիրում փոքր քրոջս՝ Մ անուշակին, նրան նստեցնում էր ծնկներին, գգվում, փայփայում։
- Իմ զավակների կարոտն եմ առնում,- ասում էր նա մեզ։
-Հետո՜ ...
- Ափսոս, գեթ դոկտոր Սևակը կարող էր փրկվել, եթե հանձն առներ իսլամանալ և փեսայանալ, ինչպես առաջարկել էր քաղաքի ազդեցիկ մի թուրք, որի աղջկան բժշկել էր նա ծանր հիվանդությունից։ Սակայն նա մերժել էր։ 0՜, ինչ տղամարդ էր նա...
- Իսկ Վարուժանը, Վարուժա՜նը,- շշնջում էի ես, ավելի ու ավելի տագնապահար:
Սակայն Իբրահիմը դիտավորյալ խուսափում էր, որպեսզի թեթևացնի պատմելիքից իմ վրա թողնելիք տպավորությունը։ Վերջապես, այնպես անտարբեր երևույթ աոնելով, ասաց.
- Է՜, ջանըմ, ի՞նչ պիտի լինի, նա էլ գնաց, ինչպես շատերը...
Հետո շարունակեց.
- Օգոստոսի սկիզբներին էր։ Առավոտ կանուխ, մի քանի ոստիկաններ ափ առին մեր տան դուռը։ Երբ բաց արինք, ներս մտան և ուղղակի դիմեցին մեր վարձակալների սենյակը ու խստորեն հրամայեցին անմիջապես պատրաստվել մեկնելու դեպի Անկարա... Ես տեսա, թե ի՛նչպես ամենքը սոսկալի գունատվեցին։ Վարուժանը իր տետրակները թաքցրեց բարձի տակ։ Նրանց դուրս հանեցին աճապարանոք։ Ես հետաքրքրությունից մղված, հետևում էի նրանց: Հասանք կամուրջի սրճարանի մոտերը, ուր արդեն հավաքվել էին աքսորական նրանց ընկերները։ Երկու կառք մոտեցան։ Վարուժանը, դոկտոր Սևակը և նրանց մյուս ընկերները ամենքին հրաժեշտ էին տալիս, ասելով. «Մնաք բարո՜վ, մնաք բարո՜վ... մենք…մեռնելու կերթանք»։ Բոլոր մնացողները արտասվում էին։
Կառքը շարժվելու պահին, Վարուժանը չմոռացավ նաև դեպի ինձ թեքվելով «մնաս բարո՜վ» ասելու, պատվիրելով, որ տեր լինեմ թողած տետրակներին։ Հետո վերջին անգամ պոռաց.
- Իմ փոխարեն համբուրի՛ր Մանուշակին…
Ես այլևս չկարողացա զսպել արցունքներս։
Վերադարձա տուն։ Մերոնք ամենքն էլ լաց էին լինում։ Մորս հետ գնացինք նրանց ամայացած սենյակը։ Ես մտադրել էի վերցնել Վարուժանի բարձի տակից նրա թաքցրած բանաստեղծությունների տետրերը, երբ հենց նույն պահին ներս մտան երեք ոստիկաններ և լքված գույքերը ծրար արած, տարան։
- Իսկ տետրակնե՞րը,— շշնջացի ահաբեկված։
- Ափսո՜ս, ժամանակ չունեցա դրանք թաքցնելու...
- Խե՜ղճ Վարուժան, խե՜ղճ հայ գրականություն,- կրկնում էի կսկծագին,- ինչպիսի՜ գոհարներ կորցրիր, ինչպիսի՜...
Իբրահիմը ծխախոտ հրամցրեց ինձ, ու մենք վշտից ծխում էինք կատաղորեն։ Նա շարունակեց պատմել.
- Նույն օրը Չանղըրը վերադարձել էին երկու կառքերը։ Կառապաններից մեկը հատկապես շատ վշտացած, պատմել է, թե ինչպես հանկարծ հարձակում էին կրել Թունա կոչված զառիվերը բարձրանալիս չորս դահիճների կողմից, որոնց գլխավորը հրամայել է աքսորականներին` ցած իջնել կառքից։ Դոկտոր Սևակը պաղատել է վարձկան դահիճներին, որ խնայեն իրենց կյանքը, փոխարեն խոստանալով տալ իրենց բովանդակ հարստությունը։ Դահիճները մնացել են անդրդվելի. իջեցրել են նրանց մոտակա ձորը, նախապես հանելով նրանց զգեստները, հետո սկսել են նրանց ձեռքերը չվանով կապել։ Վարուժանը ընդվզել է։ Դրա համար նրան սաստիկ խոշտանգել են, կապել են ծառին, ինչպես նաև մյուսներին, ապա դանակներով հարձակվել են նրանց վրա։ Նախ փորփրել են Վարուժանի աչքերը, հետո կտոր-կտոր են արել նրան և մյուս ընկերներին ու նետել հեղեղատի ջրի մեջ...
Ծանր ապրումների ազդեցության տակ, հուզումից դողում էի, առանց մի կաթիլ արցունքի բարերար ցողի...