Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց առաջ նախ շատ կարևոր է հիշել 3 բան. առաջինը՝ պետության համար այդ կարևոր քաղաքական փաստաթուղթն ԱԺ բերած իշխանությունն ինչպիսի՞ նախընտրական խոստումներով է եկել իշխանության, երկրորդ՝ բնակչության սոցիալական ապահովվածության հարցի լուծումն օրվա իշխանության սահմանադրական պարտավորությունն է, ոչ թե բարի կամքի դրսևորումը, երրորդ՝ կարևոր է համեմատել այս իշխանության վարած տնտեսական քաղաքականությունն այլ երկրներում վարվող տնտեսական քաղաքականությունների հետ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկված Բյուջե-2023 նախագծի մասին, նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Պատգամավորը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյանի իշխանությունն իր կառավարման ձեռքբերում է համարում մի բան, որի հետ որևէ առնչություն չունի։
«Փաստենք՝ 14.1 տոկոս տնտեսական ակտիվության հետ Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը որևէ կապ չունի. այդ տնտեսական ակտիվությունը մեր երկրում արձանագրվել է բացառապես ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով։ Տնտեսական առումով՝ սա դրական է, բայց՝ կարճաժամկետ, ինչը չի ավելացնում մեր տնտեսական ներուժը։ Ցավալի է, որ ՌԴ-ից եկած իրական դրամական հոսքերը տնտեսության իրական հատվածում չեն կապիտալիզացվել, այսինքն՝ չեն դարձել ներդրումներ, այսինքն՝ ոնց եկել, այդպես գնում են, հետևապես, երբ ավարտվեն դրսից եկող փողի հոսքերը, Փաշինյանի իշխանությունը կանգնելու է լրացուցիչ տնտեսական դժվարությունների առաջ։ Այս իշխանությունը դա լավ գիտի, ինչով պայմանավորված էլ 2023 թվականի բյուջում ցույց է տալիս ինչ-ինչ լավ ցուցանիշներ, որոնք, սակայն, սոցիալական խնդիրներ լուծելու միտում չունեն»,- ասաց Ավետիսյանը։
2022 թվականի 9 ամսվա կտրվածքով արձանագրված 9.9 տոկոս տնտեսական աճի ֆոնին 3000 դրամով թոշակի բարձրացումը, ըստ Թադևոս Ավետիսյանի, չի լուծում որևէ սոցիալական խնդիր. թոշակն ու աշխատավարձը գնաճին համահուչ պետք էր ինդեքսավորել՝ բարձրացնել այնքան, որքան գնաճն է, ինչը, սակայն, չի արվել։
«Կառավարությունը նման քայլի չգնաց, որովհետև սրանք երկիրը պարտքով են պահում։ Տնտեսության իրական աճն ապահովում են իրական հատվածում ներդրումները, որոնք մեր երկրում չկան։ Ո՞ր օտարերկրյա կազմակերպությունն իր գումարները կբերի ու կներդնի Սյունիքում և անվտանգային խնդիրներ ունեցող Հայաստանի այլ մարզերում, իհարկե, որևէ մեկը դա չի անի, ուստի հարկ են հավաքելու՝ քերթելով մանր և միջին բիզնեսը՝ զուգահեռաբար հարկային բեռն ավելացնելով նաև ցածր եկամուտներ ունեցողների վրա։ Մի կողմից՝ քերթելով հարկ են հավաքում, մյուս կողմից՝ պարտք են վերցնում, որ սպասարկեն արտաքին պարտքը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով՝ այն, որ հայտարարված 14.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշն իր վրա քաղաքացին չի զգում, պատճառն է նրա, որ Կառավարությունը վարում է հարուստներին ավելի հարստացնելու, աղքատներին ավելի աղքատացնելու քաղաքականություն։
«Երկիր մտած փողն առաջացնում է գերշահույթներ՝ օլիգարխների համար, որովհետև հավասար չի բաշխվում հասարակության տարբեր շերտերի վրա, հակառակ դեպքում՝ եթե 14.1 տոկոս տնտեսական ակտիվության աճ ունեն, ինչո՞ւ այդքանով չի աճել այդ ոլորտների՝ առևտրի և ծառայությունների ոլորտների աշխատողների աշխատավարձը։ Սա նշանակում է, որ փողը գնում է օլիգարխների գրպաններ, իսկ աղքատ բնակչության համար գնաճը շարունակում է նվազեցնել եկամուտները՝ էլ ավելի աղքատացնելով մարդկանց»,- ասաց Ավետիսյանն ու ընդգծեց նաև՝ Փաշինյանի իշխանությունը նպատակ չունի աղքատ մարդկանց կյանքի որակը փոխելու և հետապնդում է բացարձակ մեկ նպատակ՝ իշխանության պահպանություն, այդ նպատակով առաջնային է ուժային կառույցների աշխատավարձերի և պարգևատրումների ֆոնդի ավելացումը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում