կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-30 12:20
Քաղաքական

Lragir.am-ում ապազգային խոտ է աճում՝ վտանգավոր արագությամբ

Lragir.am-ում ապազգային խոտ է աճում՝ վտանգավոր արագությամբ
Էդիկ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
 
«Lragir.am-ին այլևս ոչինչ չի փրկի
 
Հակահայկականության բոստան՝ այլ խոսքով բնորոշել այդ լրատվամիջոցը հնարավոր չէ այլևս: Այնտեղ հիմա ապազգային խոտ է աճում, այն էլ վտանգավոր արագությամբ: Ապացույցի հետևից հեռու գնալ պետք չէ: Կարելի է ընդամենը կարդալ «ՀՅԴ-ին արդեն գերեզմանն էլ չի օգնի. ամոթալի պահվածք Արցախում» վերնագրով աղտեղությունը, որի անանուն հեղինակը (երևի գիտեք, որ երբ մի վատ բան են անում, վախենում են անունները գրել) արցախյան ընտրությունների քարոզարշավի վերջին ժամերին, երբ տակավին ընթանում էր նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը, ամենաայլանդակ ցեխարձակումներն է կատարել ՀՅԴ-ի և նրա թեկնածուի ուղղությամբ, չխորշելով ոչ կեղծիքից, ոչ ստախոսությունից և ոչ էլ նույնիսկ Արցախի ժողովրդի հանդեպ մեղք գործելուց: Անանունին, հասկանում ես, դուր չի եկել Դավիթ Իշխանյանի՝ ԱՀ նախագահի թեկնածուներ Վիտալի Բալասանյանին և Արայիկ Հարությունյանին տված «նույն» հարցը: Ըստ հեղինակի՝ Դավիթ Իշխանյանն, իբր, հարցրել է, «ինչպե՞ս են նրանք պատկերացնում ՀՅԴ ապագա տեղն ու դերը Արցախի իշխանական համակարգում»: Սա պարզ սուտ է, ընթերցողին մոլորեցնելու, Դաշնակցությանը «սևացնելու» ակնհայտ միտումով արված ճամարտակություն: Նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի տեսագրությունը, փառք Աստծո, կա, կարելի է ստուգել: Դավիթ Իշխանյանն իր մրցակիցներին Արցախի «իշխանական համակարգում» ՀՅԴ «ապագա» տեղի ու դերի մասին հարց չի տվել, Lragir.am-ը անամոթաբար ստում է: Այլ հարց, որ ՀՅԴ թեկնածուն կիրառեց հետաքրքիր մարտավարություն և «ինքնագովությամբ զբաղվելու» փոխարեն, հասավ այն բանին, որ մրցակիցները խոսեցին Արցախում ՀՅԴ գործունեության, արցախահայության կյանքում խաղացած դերի և մեր միակ համահայկական կուսակցության ունեցած հնարավորությունների մասին: Ապագայի հարցով Դավիթ Իշխանյանի միակ ակնարկն էլ եղել է այն, որ ինչ արդյունքներ էլ արձանագրվեն, ՀՅԴ-ն շարունակելու է իր անդուլ գործունեությունը թե բուն Արցախում և թե ողջ աշխարհում՝ Հայ դատի իր կառույցների միջոցով: Դավիթ Իշխանյանի մարտավարությունը, որ միանգամայն տեղավորվում է քաղաքական պայքարի մշակույթի շրջագծում, փաստորեն, զարմացրել է խնդրո առարկա լրատվամիջոցին՝ հանկարծակիի բերելով նրա հեղինակին:
 
Շատ ավելի քստմնելի է այդ անանուն երևույթի «եզրափակիչ» միտքը. «Մինչ ընտրարշավը շատերն էին նշում, որ ՀՅԴ-ն թեկնածու է դրել հենց այդ նպատակով՝ քվոտաներ ստանալ իշխանության մեջ, իրենց ծառայություններն առաջարկելու դիմաց: Ի դեպ, ՀՅԴ շատ անդամներ տեղերում վաղուց աշխատում են Արայիկ Հարությունյանի համար, շահավետ պայմանավորվածությունների դիմաց, նաեւ սպառնալով արցախցիներին: Այսինքն, ՀՅԴ-ի խնդիրը ոչ թե իր թեկնածուի հաղթանակն է, այլ այդ թեկնածությունը հնարավորինս թանկ վաճառելը»: Սա, ի դեպ, նույնպես ստուգելի է, թեև իմաստ չունի, որովհետև այն ակնարկը, թե «Դաշնակցությունը նաև սպառնացել է արցախցիներին» արդեն իսկ քրեորեն հետապնդելի հայտարարություն է՝ միտումնավոր կեղծ տեղեկատվության տարածում և սուտ մատնություն, ինչի համար կարելի է Lragir.am-ին հանգիստ խղճով հրավիրել դատարան և պարզաբանումներ պահանջել: Իսկ մենք կարող ենք միայն հավելել, որ ՀՅԴ-ն սեփական թեկնածու է առաջադրել վերջինը, իսկ մինչ Դավիթ Իշխանյանի թեկնածության առաջադրումն էլ բանակցություններ վարել գրեթե բոլոր թեկնածուների հետ՝ երկրի համար այս դժվարին պահին քաղաքական կոնսենսուս առաջ բերելու և միասնական թեկնածու ունենալու նպատակով: Թե ինչու միասնական թեկնածու չունեցանք Արցախում, դա էլ արդեն այլ հարց է և հաստատ կապ չունի քաղաքական առումով ինքնիշխան ՀՅԴ-ի հաստատուն կեցվածքների հետ:
 
Քարոզարշավի վերջին ժամերին ՀՅԴ-ին «վատություն» անելու մորլուցքով տարված լրատվամիջոցը բավականին նրբանկատ է գտնվել և մեծ վարպետությամբ շրջանցել Արցախի հարցի լուծման տեսլականի հարցը, որ տրվեց բոլոր թեկնածուներին: Ինչո՞ւ Lragir.am-ը չի գրում, թե ինչպես պատասխանեցին թեկնածուները և ինչն էր նրանց պատասխաններում ընդհանուր: Օ՜, դա ձեռնտու չէ հայաստանյան ապազգային էլեմենտներին, որովհետև բանավեճի մասնակիցները մեկ մարդու պես կանգնած էին ոչ մի թիզ հող չզիջելու տեսակետի վրա: Իսկ սա ի՞նչ է, եթե ոչ ՀՅԴ գաղափարախոսության հաղթանակ Արցախում: Բոլորը խոսեցին Արցախի պաշտպանության ամրապնդման և սեփական տունը անառիկ պահելու տեսլականից: Իսկ սա ի՞նչ է, եթե ոչ Արցախյան ազատամարտի առաջին օրերից ՀՅԴ-ի որդեգրած անփոփոխ պահվածքը»։