կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 13:52
Հասարակություն

ԵՊՀ-ն անցնում է առցանց դասավանդման

ԵՊՀ-ն անցնում է առցանց դասավանդման

ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել՝ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով դասապրոցեսների առցանց կազմակերպման վերաբերյալ. հայտնում է Yerkir.am-ը:

«Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակը և ՀՀ կառավարության որոշումը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ Երևանի պետական համալսարանը 2019/2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի հնարավոր երկարաձգումից խուսափելու, ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացը (առկա և հեռակա ուսուցման ձևերում) արդյունավետ կազմակերպելու և ծրագրից հետ չմնալու համար անցնում է առցանց դասավանդման՝ օգտագործելով տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները:

Ուսումնական գործընթացն առցանց կազմակերպելու համար e-learning.ysu.am հարթակում առկա է առցանց դասախոսությունների իրականացման (Webinar, Bigbluebutton) հնարավորություն։ Գործընթացը կարող է կազմակերպվել նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության այլ տեխնոլոգիաների կիրառմամբ: Ուսանողների էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն կրթական ծրագրով նախատեսված դասընթացների համապատասխան նյութերը՝ գրականության ցանկով, քննարկվող թեմայի վերաբերյալ առանցքային հարցերով, ինչպես նաև առաջադրանքներ՝ ուսումնական ծրագրին համապատասխան:

Կուրսային և ավարտական աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությունը ուսանողները կարող են ստանալ իրենց գիտական ղեկավարներից ևս առցանց: Ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունները տեղի կունենան ըստ հաստատված ժամանակացույցի:

ԵՊՀ գիտական խորհրդի քննարկմանն առաջարկ է ներկայացվել դասընթացների գնահատումն այս պայմաններում կատարել միայն եզրափակիչ քննությունով՝ հանելով երկու միջանկյալ քննությունները (որոշման արդյունքը կհրապարակվի):

Սիրելի՛ ուսանողներ, խնդրում ենք հետևել դասախոսների հանձնարարություններին, ամեն օր ստուգել ձեր էլեկտրոնային փոստը և բարեխղճորեն կատարել հանձնարարված առաջադրանքները:

Հ.Գ.: Մեկ անգամ ևս հիշեցնում և հորդորում ենք՝ անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները»,- նշված է հայտարարության մեջ: