կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-30 16:39
Հասարակություն

Տպավորված եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդից

Տպավորված եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդից

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին:

Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի Հանրապետության իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը առաջինը պաշտոնապես ճանաչելու համար:

«Տարիներ առաջ Ուրուգվայ կատարած իմ այցից լավ հիշողություններ են մնացել, ուրուգվայցիներն իմ վրա ազատ ու հպարտ մարդկանց տպավորություն են թողել և հավանաբար այդ ազատությունն է, որ չի կաշկանդել Ուրուգվային Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առաջամարտիկը լինել: Հիմա ուրախ եմ, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները` հատկապես կրթության բնագավառում գործնական հիմքերի վրա են դրվում»,-նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ուրուգվայի կրթական համակարգերի համագործակցությանն ուղղված պարոն Մակարյանի ջանքերը, միաժամանակ ցանկություն հայտնելով Ուրուգվայի մասնակցությունն ակտիվացնել ոչ միայն համալսարանական կրթության ոլորտում: 

Իր հերթին Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մակարյանը, ով արմատներով հայ է, ողջունելով  Հայաստանի կրթության նախարարին`  մտադրություն է հայտնել կրթության համակարգում հայ-ուրուգվայական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ: «Ես շատ տպավորված եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդից և շատ կուզենայի, որ այն կիրառվեր նաև Ուրուգվայի դպրոցներում: Որքան տեղեկացա  շախմատի  մեթոդական ծրագրերը դեռևս կան միայն հայերեն և ռուսերեն լեզուներով, ցանկալի կլիներ,  որ դրանք նաև այլ լեզուներով թարգմավեին», - նշել է Ռոբերտո Մակարյանը:

 Նրա խոսքերով վերջին տարիներին  ակտիվացել են շփումները  Ուրուգվայի հայ համայնքի և հայկական դեսպանության հետ: Փոխհարաբերությունների ակտիվացման շնորհիվ նախաձեռնություն է առաջացել Ուրուգվայի պետական համալսարանում բացել հայագիտական ամբիոն: Նախարար Լևոն Մկրտչյանը ողջունելով նախաձեռնությունը` շեշտել է, որ նախարարությունը  պատրաստակամ է բոլոր հարցերում աջակցություն ցուցաբերել Ուրուգվայի համալսարանում հայագիտական կենտրոնի հիմնադրմանը. «Մենք կարող ենք համապատասխան մասնագետների և ծրագրերի փոխանակում կատարել, ինչպես նաև փոխանցել օտարերկրյա համալսարանների նմանատիպ ամբիոնների պատմությունն ու գործունեության փորձը»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում հյուրը ներկայացրել է նաև Ուրուգվայի պետական համալսարանի կառավարման համակարգը` նշելով, որ ռեկտորի պաշտոնը, որը պետության 20 կարևորագույն պաշտոնների շարքում է, ընտրվում է համալսարանի աշխատակիցների, ուսանողների և շրջանավարտների ներկայացուցիչների կողմից: Թեպետ համալսարանի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից, բայց այն կառավարությունից անկախ է:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև այցելություններ Մատենադարան, Երևանի պետական համալսարան և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: