Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի հայաստանյան 10 դպրոցներում կդասավանդվի «Ազգային երգ ու պար» առարկան: Դպրոցներից մեկը, ինչպես լրագրողներին այսօր հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Աբովյանում է, 1-ը' Արմավիրում, իսկ մնացած 8-ը' Երեւանում: Առարկան պետք է այդ դպրոցներում դասավանդվի շաբաթական 1.5 ժամ, դասավանդողները կլինեն այդ դպրոցների աշխատողները:
Բայց, ըստ Նարինե Հովհաննիսյանի, դեռեւս կան բազմաթիվ հարցեր, օրինակ' ինչպես պետք է դպրոցի երգի ուսուցիչը նաեւ պար սովորեցնի, քանի որ եթե մարդը լավ է երգում, հնարավոր է, որ պարել չկարողանա, կամ հակառակը' պարի մասնագետը հնարավոր է լավ երգել չկարողանա: Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ այս առումով իրենք պատրաստ են քննարկումների, լավ առաջարկների ու բաց են համագործակցության համար...
Բայց ընտրված 10 դպրոցներից ստացված փորձը, նշեց հանրակրթության վարչության պետը, կօգնի հասկանալ, թե ինչ պետք է արվի, ու հետագայում առարկան կդասավանդվի հանրապետության բոլոր դպրոցներում: Ամեն դեպքում, ըստ բանախոսի, այս առարկան շատ կարեւոր է, եւ փորձը ցույց է տալիս, որ հասարակությունը խանդավառությամբ է ընդունել այս առարկան դպրոցական ծրագրերում ընդգրկելու լուրը: Նախատեսվում է, որ «Ազգային երգ ու պար» առարկան պետք է ուսուցանվի հանրակրթական դպրոցների 5, 6 եւ 7-րդ դասարաններում:
Ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչպե՞ս է կատարվել փորձնական դպրոցների ընտրությունը, Նարինե Հովհաննիսյանն ասաց' հիմնականում տնօրենների ու ախատանքային կոլեկտիվի խնդրանքով եւ հավաստիացմամբ, որ իրենց մասնագետները կարող են ուսուցանել ազգային երգ ու պար:
Ուսումնական այս տարվա մյուս նորամուծության' ռազմահայրենասիրական դաստիարակությունը ԵԿՄ-ի ու ՊՆ-ի հետ համատեղ անցկացնելու ծրագրի վերաբերյալ էլ Նարինե Հովհաննիսյանն ասաց, թե ԵԿՄ-ն, չնայած, ըստ լրագրողների, վերջերս ցածր վարկանիշ ունի, սակայն արդեն իսկ բազմաթիվ դպրոցներում ունի նման խմբակներ, լավ փորձ ու շատ լավ ծրագիր, իսկ ՊՆ-ի, ԵԿՄ-ի ու ԿԳՆ-ի համագործակցությունը, ըստ բանախոսի, դրական արդյունքներ է տալու: