Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեկնածուներ ընտրելու հարցում ֆրանսահայությունն առաջնորդվում է երկու սկզբունքով՝ առաջինը՝ համայնքային, երկրորդը՝ համահայկական, համազգային շահեր: Վերջին 50 տարում ընտրություններում առաջնորդողը հիմնականում եղել են Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի հանձնախմբերը: ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբն արդեն երեք ամիս է, ինչ նախաձեռնել է քաղաքապետական ընտրությունների ցուցակների կազմում և այս անգամ առաջնորդվում է մեկ՝ Արցախի միջազգային ճանաչման ու օժանդակության սկզբունքով. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Եվրոպայում գործունեություն ծավալող քաղաքական և հասարակական գործիչ, դաշնակցական Հրաչ Վարժապետյանը:
Ըստ նրա՝ ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել համայնքին՝ աջակցել բոլոր այն թեկնածուներին՝ առանց կուսակցական դիմագծի, աջակողմյան կամ ձախակողմյան, որոնք Արցախի ճանաչման ուղղությամբ աշխատանքներ են տարել իրենց քաղաքներում: Հանձնախումբը որոշել է նաև չաջակցել այն թեկնածուներին, որոնք մրցակից են հայամետ հայացքներ ունեցող թեկնածուներին. «Սա է Հայ դատի հանձնախմբերի այս անգամվա որոշումը, և արդեն իսկ սկսել է հարգվել այս սկզբունքը»,- նշեց Վարժապետյանը:
Հարցին՝ ինչպիսի՞ն են հայկական համայնքի տրամադրությունները, մասնավորապես՝ այն շրջաններում, որոնք վերջին ժամանակաշրջանում չեղյալ են հայտարարել Արցախի քաղաքների հետ կնքված բարեկամության հռչակագրերը, Վարժապետյանը պատասխանեց, որ բոլոր այն քաղաքապետների նկատմամբ, որոնք ենթարկվել են Ելիսեյան պալատի «թելադրանքին», «ցուցմունքին» և հետ կանչել բարեկամության կամ համագործակցության ստորագրությունը, հստակ կեցվածք կա՝ չքվեարկել ու դատապարտել:
«Նաև՝ հակառակը, նրանք, ովքեր տեղի չտվեցին այդ ճնշումներին և ցուցումներին՝ քվեարկել 100 տոկոսով»,- նշեց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ այն դատարանների դեմ, որոնք չեղարկել են հռչակագրերը, արդեն բողոքի ակցիաներ են տեղի ունենում, և կա քաղաքական հստակ կեցվածք:
«Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հետ ուղղակի, անմիջական կապերի շնորհիվ այդ հարցը, շատ հավանական է, վերանայվի: Հանրապետության նախագահը Փարիզում հայ համայնքի կազմակերպությունների խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ արդեն խոստացել է տարբեր ձևերով «սրբագրել» այդ հարցը», - հայտնեց Վարժապետյանը:
Մարտի 4-ին ֆրանսիական marianne.net կայքում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, խորհրդի անդամ և Ֆրանսիայում լույս տեսնող հայկական Nouvelles d'Arménie ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը և «Արևելքի վտանգված քրիստոնյաների համագործակցության» (CHREDO) նախագահ, իրավապաշտպան Պատրիկ Կարամն ահազանգել են, որ Փարիզում քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նաև Ֆրանսիայում ադրբեջանական քարոզչություն իրականացնող Ռաշիդա Դատին: Դատին «Ադրբեջանի ընկերների ասոցիացիայի» խորհրդի անդամ է, Ֆրանսիայում ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» առաջամարտիկ, բազմիցս է քննադատել եվրոպական կառույցներին՝ Ադրբեջանին բռնությունների, ավտորիտարիզմի և կոռուպցիայի մեջ մեղադրելու համար:
«Նիկոլա Սարկոզիի իշխանության օրոք Դատին արդարադատության նախարարն էր, այժմ Փարիզի 7-րդ շրջանի ղեկավարը: Ներկայանում է Հանրապետական կուսակցության ցուցակով և այժմ, ըստ հարցումների, արդեն իսկ գրավում է երկրորդ տեղը: Նա ադրբեջանամետ է, գործակցության մեջ է ադրբեջանական լոբբիի, Ադրբեջանի կենտրոնական իշխանության հետ: Սա նորություն չէ, արդեն 10 տարի է՝ այդպես է: Հայ դատի հանձնախումբը և ՀՅԴ-ն այս առիթով ոչ մեկ անգամ են բարձրացրել այս հարցը, պախարակել, խայտառակել: Այս անգամ պայքարն արդեն շատ ավելի թեժ է նրա դեմ: Փարիզում ՀՅԴ երիտասարդականը, նոր սերունդը բավական ակցիաներ է կազմակերպել նրա դեմ: Ամենուրեք բաժանում են թերթիկներ, ամենուրեք փորձում են Դատիի քաղաքականությունը, դիմագիծը դիմազերծել, և նրա դեմ ակցիաները պիտի շարունակվեն մինչև ընտրությունները, մինչև որ նա ձախողվի և չկարողանա ընտրվել քաղաքապետ: Այս իմաստով մեզ համար ցանկացած մեկը, ով մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, վտանգ է ներկայացնում՝ թե՛ ներհամայնքային, թե՛ համահայկական իմաստով», - նշեց Վարժապետյանը:
Մոտ 700 հազարանոց հայկական համայնքին սիրաշահելու համար թեկնածուները տարբեր խոստումներ են տալիս: Ըստ Վարժապետյանի՝ նախապես այդ խոստումները վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը, բայց քանի որ այն երկրում արդեն ճանաչված է, հիմա արդեն ներհամայնքային խոստումներ կան. բավականին հայկական միություններ կան, գրասենյակներ, եկեղեցիներ, որոնք ստանում են պետական աջակցություն, և խոստումները վերաբերում են այդ աջակցության ավելացմանը: «Բայց կան նաև համահայկական խնդիրներին վերաբերող խոստումներ ՀՀ-ի, Արցախի հետ կապերի օժանդակության շուրջ», - ասաց Վարժապետյանը:
Հայտնի է, որ Ֆրանսիայում մարզերի բնակիչներն իրենք են ընտրում իրենց ղեկավարությանը՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ մարզերի ղեկավարները նշանակվում են կառավարության կողմից: Հարցին՝ եթե ՀՀ իշխանությունը ցանկանում է ժողովրդավարացնել ՀՀ Սահմանադրությունը, արդյո՞ք առաջին հերթին չպետք է առաջարկել՝ կենտրոնաձիգ կառավարվող մարզերը դարձնել ինքնակառավարվող, Հրաչ Վարժապետյանն արձագանքեց, որ եթե խոսում ենք ժողովրդավար համակարգի և ժողովրդավար ընտրական համակարգի մասին, ամենաճիշտն այն է, որ նույնիսկ ՏԻՄ ընտրությունները կատարվեն ժողովրդի կողմից՝ ոչ միայն Երևանում, որը նախկինում ուներ մարզի կարգավիճակ, այլև բոլոր մարզերում, ինչպես Ֆրանսիայում է:
«Հայաստանը պետք է ընթանա այդ ուղղությամբ: Անհասկանալի է՝ ինչու՞ մարզերում չեն անցկացվում ընտրություններ: Հայաստանում, անշուշտ, կա ժողովրդավարություն, բայց ժողովրդավարությունն ավելի ամրապնդելու խնդիր կա, ժողովրդավարությունը հարափոփոխ հասկացություն է՝ միշտ և ամենուրեք»,- եզրափակեց Վարժապետյանը: